Ինստագրամի հայտնի հայուհին. Աննա Եղոյանի պոեզիայի երեկոն Երևանում, հուզմունքն ու նպատակը

12:15 • 13.04.19

Աղջիկ, որը մոտ 3 տարի առաջ որոշեց Ինստագրամում 200 հետևորդի համար հրապարակել իր ասմունքը, այսօր ավելի քան 840 հազար հետևորդ ունի, որոնք սպասում են իր ասմունքին ու հետևում գործունեությանը։ Ռուսաստանաբնակ Աննա Եղոյանը Երևանում պոեզիայի երեկո ունեցավ, որի հետաքրքիր պահերը ֆիքսել է Tert.am Life-ը։

Բեմելից առաջ Աննան հուզված էր։ Ասում է՝ եթե հուզմունք չլինի, ուրեմն ամեն բան կորած է։ «Սա հանրության առաջ ելույթ ունենալու վախ չէ, հաճելի հուզմունք է։Հայաստանում մարդիկ այնքան ուշադիր են լսում, որ էներգիայի մեծ ալիք ու ջերմություն եմ զգում, որը վստահություն է տալիս»,- ասաց Աննան, իսկ արդեն բեմում նկատեց, որ հանգիստ է զգում իրեն։ Նա շեշտեց, որ երեկոն առանձնահատուկ է, որովհետև հայրենիքում է։

Առաջին անգամ Աննան Հայաստանում ելույթ է ունեցել նախորդ տարի։ Այս անգամ նոր ծրագիր ներկայացրեց։ Նախորդ անգամ պոեզիան ընդմիջել է նաև երաժշտական համարներով, բայց հասկացել է, որ մարդիկ գալիս են պոեզիա լսելու, ուրեմն միայն պոեզիա պետք լինի։

Բեմում մոմեր են վառված, վարդի թերթիկներ թափված... մինիմալիստական ոճով կազմակերպված երեկոն, Աննան հույս ունի, որ լսարանին կտա մի պահ կանգ առնելու ու ներքին հարցերի պատասխանները գտնելու հնարավորություն։

Անձամբ ինքն ամեն անգամ ապրում է ստեղծագործությունը, որը կարդում է. «Ես պատկերացնում եմ այն պատկերը, որը նկարագրում է հեղինակը, դառնում եմ իր պատմության հերոսուհին ու ապրում եմ ամեն բառը»։

Աննան նաև ստեղծագործում է։ Հեղինակային բանաստեղծություններ ներկայացնել միայն վերջերս է սկսել՝ դրանք իր կյանքի, իր պատմության մի մասն են։

Երեկոյի ժամանակ հնչեցին միայն ռուսերեն ստեղծագործություններ, բայց Աննան խոստացավ հաջորդ անգամ ունենալ նաև հայկական պոեզիայի հատված։ Մեզ հետ զրույցում ռուսերեն էր խոսում, բայց վստահեցրեց, որ հայերեն ազատ շփվում է. «Իհարկե, նախապատրաստվելու համար ժամանակ կպահանջվի, սակայն բարդ չի լինի։ Ես ազատ խոսում եմ հայերեն, պարզապես ռուսերեն ավելի արագ եմ կողմնորոշվում, այդ իսկ պատճառով հարցազրույցի համար նախընտրելի է ռուսերենը»,- ասաց նա։

Աննայի հետևորդների մեծ մասը Ռուսաստանից են, նա պոեզիայի երեկոներ է ունենում ՌԴ տարբեր քաղաքներում, բայց նկատեց, որ եթե նախկինում Հայաստանը, ըստ Ինստագրամի վիճակագրության, 5-րդ տեղում էր ակտիվությամբ, «Քաոս» հեռուստանովելում նկարահանվելուց հետո դարձել է 2-րդը։ Աննան զգում է, որ իրեն Հայաստանում էլ ճանաչում ու հետևում են, պարզապես Ռուսաստանից հետևորդներն ավելի շատ են։

Մարդկանց սերը նրան ոգեշնչում է ու մղում ավելին անելու։ Շեմտում է, որ իր համար սա ոչ թե աշխատանք է, այլ սիրելի զբաղմունք. «Երբ այս ամենը քո հոգու, սրտի մի մասն է, դու հանգստանում ես։ Չեմ պատրաստվում կանգ առնել, առաջին հերթին այս ամենն արվում է հոգու համար, հետո միայն աշխատանքի,- ասաց նա ու հիշեց, որ առաջին հոլովակը հրապարակելիս չէր սպասում այսպիսի արդյունքի,- Եթե չեմ սխալվում, առաջին հոլովակը հրապարակել եմ մոտ 3 տարի առաջ։ Վերա Պոլասկովան հոլովակ էր հրապարակել, որում բանաստեղծություն էր կարդում, սպոնտան որոշեցի ես էլ իմ լսարանի համար ձայնագրել նման հոկովակ։ Իմ լսարանը մոտ 200 հետևորդ էր՝ իմ ծանոթներն ու ընկերները։ Էջս զարգացնելու կամ հաջողության հասնելու նպատակ չէի հետապնդում։ Հետո հասկացա, որ մարդկանց դա դուր է գալիս ու պետք է շարունակեմ»։














Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Ինստագրամի հայտնի հայուհին. Աննա Եղոյանի պոեզիայի երեկոն Երևանում, հուզմունքն ու նպատակը