«Ուրվական». նորագույն երաժշտության փառատոնը Երևանում և հայտնի հյուրերն արտերկրից

13:55 • 04.05.19

Երևանի կենտրոնում են նորաձև, ազատ, երաժշտական ու լավ տրամադրությամբ զբոսաշրջիկները։ Նրանք Հայաստան են եկել նորագույն երաժշտական հնչյունների հետքերով՝ մասնակցելու առաջին անգամ անցկացվող «Ուրվական» ժամանակակից մշակույթի փառատոնին։

Tert.am Life-ը մասնակցել է փառատոնի բացման արարողությանն ու ֆիքսել հետաքրքիր մարդկանց ու դրվագները։

Կիսաէլեկտրոնային, կիսաֆոլկ, կիսաաուդիովիզուալ՝ ահա այն ամենը, ինչը հնարավոր է լսել ու տեսնել փառատոնի ընթացքում։ Թե ինչպես հղացավ այս ձևափափով փառատոն իրականացնելու միտքնն ու ինչո՞ւ նման գունավոր, երիտասարդական փառատոնը ստացավ ուրվական անունը, հետաքրքրվեցինք համահիմնադիրներ Համլետ Մովսիսյանից։

«Նախորդ տարի դեկտեմբերին ընկերներով հանպատրաստից որոշում կայացրինք Մոսկվայից մի քանի օրով գալ Երևան։ Այդ օրվանից հետո, գրեթե, չենք եղել Ռուսաստանում։ Ճանապարհորդությունից հետո մեր կյանքն իսկապես փոխվեց։ Շատ էինք տպավորվել, բայց ի սկզբանե միտք չունեինք նման մասշտաբի ինչ-որ բան անել։ Շրջեցինք մայրաքաղաքով, մարզերով, այդ ընթացքում ուշադրություն էինք դարձնում տեղի կառույցներին և նկատեցինք, որ չնայած ճարտարապետական հետաքրքրությանը, դրանք վերածվել են ուրվականների։ Դրանք վայրեր էին, որտեղ տարիներ առաջ կյանքը եռացել է, մարդկանց ապահովել են աշխատատեղերով, իսկ հիմա դատարկ պատերից, փոշոտ պատուհաններից բացի, գրեթե, ոչինչ չի մնացել։ Այդ էմոցիոնալ իրավիճակից ելնելով ծագեց «Ուրվական» խորագիրն և որոշեցինք կազմակերպել մի փառատոն, որով կփորձենք կյանք հաղորդել նման վայրերին, մեր չափով խթանել զբոսաշջության զարգացմանը»,- ասաց Համլետն ու հավելեց, որ իրենց հյուրերի մեծ մասը զբոսաշրջիկներ են։ Նա նաև հույս հայտնեց, որ շինությունների վրա ուշադրություն գրավելու արդյունքում գուցե հայտնվեն մարդիկ, նախագծողներ, որոնք նոր շունչ կտան դրանց։

«Ուրվական»-ը կազմակերպիչներն անվանում են նոր մշակույթի փառատոն։ Ասում են՝ չնայած այն հիմնված է երաժշտության վրա, նախատեսում են մշակույթի համեմատաբար նոր ճյուղերին առնչվող հանրային քննարկումներ։ Համլետի խոսքով՝ Street Art-ի ոլորտից բավականին հայտնի ու հետաքրքիր դեմքեր այս օրերին աշխատելու են Երևանի տարբր հատվածներում։
Հիմնադիրները փառատոնի ապագայի հետ կապված մեծ հույսեր ունեն, ավելին՝ արդեն մշակել են մոտ հինգ տարվա ծրագիր, որի մեջ ներառված են ոչ միայն երաժշտական նախագծեր, այլև մշակութային այլ ոլորտներ։

«Սա միջազգային փառատոն է ոչ միայն հրավիրված արտիստների, այլև կազմակերպող թիմի տեսանկյունից։ Մասնակցում են 80-ից ավելի արտիստներ աշխարհի ավելի քան 22 երկրից։ Հայաստանից ունենք արտիստներ՝ F I X, որը «Բամբիր» խմբի տղաների նախագիծն է, «Թմբաթա» խումբը, «Ջրիմուռմուռ» դուետը՝ երկու շատ հետաքրքիր աղջիկների մասնակցությամբ»,- նշեց Համլետը։

Փառատոնն անցկացվելու է էլեկտրոնային երաժշտության գերակայությամբ, սակայն հիմնադիրները երաժշտական ոճերի սահմանափակում չեն դրել.
«Էլեկտրոնային ասելով չպետք է հասկանալ միայն ակումբային երաժշտությունը, որովհետև այն իր մեջ ներառում է շատ ոճեր ու խառնուրդներ։ Ակումբային երաժշտություն էլ, իհարկե, կլինի, պարային լավ տրամադրությամբ։ Փառատոնը հյուրընկալել է ոլորտում հայտնի շատ արտիստների, որոնք հանգստյան օրերին ելույթ կունենան ինչպես Երևանի մանկական երկաթուղու տարածքում, այնպես էլ քաղաքի մյուս հետաքրքիր վայրերում, որոնք ընտրել ենք զբոսանքների արդյունքում»։
Փառատոբին հրավիրված արտիստների շարքում է արևմտյան մի շարք աստղերի, այդ թվում՝ լեգենդար Radiօhead-ի տեսահոլովակների ու համերգների վիսուալիզացիայի պատասխանատու Տարիկ Բարրին։

Համլետի խոսքով՝ իրենք հաճելի անակնկալի եկան արտիստների արձագանքից, որոնք մեծ սիրով ընդունեցին հրավերը․ «Եթե համեմատենք մյուս երկրների հետ, երաժիշտները Հայաստան ժամանել են բոլորովին այլ պայմաններով։ Իրենց շատ հետաքրքրեց Հայաստանը, որովհետև իրենց համար բացահայտում էր»,- ասաց Համլետը՝ ավելացնելով, որ գլխավոր նպատակն է՝ խթանել ոչ միայն զբոսաշրջությունը, այլև բուն երաժշտական զբոսաշրջությունը։

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

«Ուրվական». նորագույն երաժշտության փառատոնը Երևանում և հայտնի հյուրերն արտերկրից