«Ուրվականը»` Երևանում. «Մանկական երկաթուղում» 2 օր ժամանակակից երեկույթ էր

13:28 • 06.05.19

Հանգստյան օրերին Երևանում բոլորովին այլ շունչ էր տիրում. «Երևանի գինու օրերից» զատ քաղաքում առաջին անգամ անցկացվեց «Ուրվական» փառատոնը։ Երիտասարդների ջանքերով ստեղծված երաժշտական փառատոնը ժամանց էր առաջարկում «Մանկական երկաթուղում»։ Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման ամփոփումը։

«Մանկական երկաթուղուն» նոր շունչ տալը, այն լույսերով և երաժշտությամբ  ողողելը պատահական չէր։ Միջոցառման համահիմնադիր Համլետ Մովսիսյանը պատմում է, որ փառատոն կազմակերպելու նպատակը քաղաքի մոռացված, բայց գեղեցիկ վայրերին նոր շունչ տալն էր։ Ըստ նրա` այդ կառույցները վերածվել են ուրվականների։ Հենց այստեղից էլ ծնվել է փառատոնի անվանումը` «Ուրվական»։

Հանգստյան օրերին, սակայն, «Մանկական երկաթուղին» մարդաշատ էր այնքան, որքան նոր սերունդն այն չէր տեսել։ Դեպի «Մանկական երկաթուղի» տանող «գորշ» թունելը լուսավորված էր ակումբային լույսերով, այստեղ հնչում էր կենդանի երաժշտություն։ Բուն երկաթուղու տարածքը ևս ողողված էր լույսերի մեջ։ Քաղաքի մոռացված անկյունն ապրում էր էլեկտրոնային երաժշտությամբ։ Ընդ որում` տարբեր ոճերի սիրահարների համար գործում էին տարբեր առաջարկներ. գնացքի երթուղու երկարությամբ տեղադրված 3 բեմից յուրաքանչյուրի շուրջ հավաքված էին առաջարկվող ոճի սիրահարները։

«Ուրվական» փառատոնն այս տարի առաջին անգամ էր անցկացվում։ Արամ Խաչատրյանում կայացած բացումը փառատոնի պաշտոնական մասն էր, շարունակությունը ոչ ֆորմալ էր։ «Մանկական երկաթուղում» կայացած համերգային ծրագրերի առաջին օրն փոքր–ինչ խաթարվեց հորդառատ անձրևի պատճառով, հյուրերից ոմանք նախընտրեցին տաք անկյուն գտնել, բայց բենդերը պարտաճանաչ նվագում էին. չէ՞ որ հանդիսատեսի շարքերում կային համառները, որոնք, չնայած հորդառատ անձրևին չէին հեռանում, փոխարենը, ջրակայուն վերարկու էին փնտրում։

Կիրակի ամեն բան ավելի լավ էր։ Տարածքը մարդաշատ էր, երիտասարդներն պարեցին ու վայելեցին էլեկտրոնային ռիթմերը մինչև ուշ երեկո։

Երևանում կայացած միջոցառումը Հայաստան էր բերել նաև զբոսաշրջիկների։ Կազմակերպիչների հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում են 80-ից ավելի արտիստ ավելի քան 22 երկրից։ Հայաստանից էլ փառատոնին մասնակցում էին արտիստներ, որոնց դեմքերը հեռուստատեսությունից չեք հիշի, բայց առաջարկած երաժշտությունը, գուցե, մտապահեք։ Հիմնադիրները հույս ունեն, որ փառատոնը կապրի նաև հաջոևրդ տարիներին, իրենք արդեն մշակել են առաջիկա հինգ տարվա ծրագիրը:) Ասում են մտադիր են ոչ միայն երաժշտական նախագծեր իրականացնել, այլև մշակութային այլ ոլորտներ ներգրավվել փառատոնի շրջանակում։

«Ուրվականը»` Երևանում. «Մանկական երկաթուղում» 2 օր ժամանակակից երեկույթ էր