ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2019»–ի առաջին կիսաեզրափակիչը
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում վայրկյաններ առաջ մեկնարկեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։
Այս տարի մրցույթն անցնում է «Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով։ «Եվրատեսիլ 2019»–ին մասնակցում է 41 երկիր։
Այսօր ելույթ կունենան Կիպրոսի, Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Սան Մարինոյի ներկայացուցիչները։ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը Walking out երգով ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 16–ին։ Այդ օրը Հայաստանի ներկայացուցիչը կբացի մրցույթը` ելույթ ունենալով առաջին համարի ներքո։
Յուրաքանչյուր կիսաեզրափակիչից հետո եզրափակիչ կանցնի 10 երկրի ներկայացուցիչ։ Եզրափակչում 20 երկրի ներկայացուցիչներին կմիանան նախորդ տարին մրցույթում հաղթած Իսրայելի, ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։ Այդ օրն էլ կորոշվի երգի միջազգային մրցույթի հաղթողը:
Լավագույններն ընտրվում են պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։
«Եվրատեսիլի» եզրափակիչը կկայանա մայիսի 18–ին։







