ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2019»–ի երկրորդ կիսաեզրափակիչը. Սրբուկը ելույթ կունենա առաջինը

23:00 • 16.05.19

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում վայրկյաններ առաջ մեկնարկեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի մրցութային մասի բացումը կանի Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը իր Walking out երգով։

Մրցույթից ժամեր առաջ Սրբուկն Ինստագրամի իր էջում գաղտնիք է բացահայտել բեմադրության մասին։ «Կուլմինացիոն հատվածում Ձեզ անակնկալ է սպասվում: Ես դահլիճում «մնալու» եմ միայնակ՝ առանց հանդիսատեսի: Նման հնարքն օգտագործվելու է երգի էմոցիոնալ լարվածությունն առավել ուժգնացնելու նպատակով»,– գրել է երգչուհին։

Եզրափակչի ուղեգրի համար այսօր Սրբուկի հետ պայքարելու են Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները։

Այս տարի մրցույթն անցնում է «Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով։ «Եվրատեսիլ 2019»–ին մասնակցում է 41 երկիր։ Լավագույններն ընտրվում են պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։

Յուրաքանչյուր կիսաեզրափակիչից հետո եզրափակիչ է անցնում 10 երկրի ներկայացուցիչ։ Եզրափակչում 20 երկրի ներկայացուցիչներին կմիանան նախորդ տարին մրցույթում հաղթած Իսրայելի, ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։

ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2019»–ի երկրորդ կիսաեզրափակիչը. Սրբուկը ելույթ կունենա առաջինը