«Ռեինկարնացիայի» նախկին կազմից մնացել են միայն Ռոլանդն ու մի երաժիշտ․ խմբի առաջին համերգը փոփոխված կազմով

16:12 • 25.07.19

«Շնորհակալություն»․ այս մակագրությամբ շապիկով «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը Երևանում բեմ բարձրացավ տևական համերգային դադարից հետո: Գրությունը պատահական չէր․ չնայած երկարատև դադարին ու փոփոխված կազմին՝ սրահը լեփ-լեցուն էր: Համերգային դադարի ընթացքում «Ռեինկարնացիայում» մի շարք փոփոխություններ են եղել․ նախկին երաժիշտներից խմբում միայն մեկն է մնացել, մյուսները փոխվել են:

Tert.am Life-ը ներկա է եղել համերգին և Ռոլանդի հետ զրուցել խմբում եղած փոփոխությունների պատճառի և սպասվող նորությունների մասին:

«2002 թվականից սկսած ինձ հետ նվագում են տարբեր, բայց ամենալավ երաժիշտները,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ խմբի երկրպագուները չեն կարող չնկատել, որ այս անգամ տարբեր է ամբողջ կազմը, բացառությամբ իրեն և մի երաժշտի, Ռոլանդն արձագանքեց,- Դա շատ նորմալ երևույթ է: Եղել են դեպքեր, երբ համերգից առաջ է կազմում փոփոխություն եղել: Դա կապված չէ որևէ սկանդալի հետ, մենք լավ ընկերներ ենք: Նրանք, ովքեր եղել են մեր կազմում, եկել են, գնացել են ու դեռ գալու են, մեր շատ լավ ընկերներ են»:

Երգիչը վստահեցրեց, որ երբևէ որևէ մեկի հետ խնդիր չի եղել և չբացառեց, որ հետագայում կրկին կարող են համագործակցել: Ըստ Ռոլանդի՝ խմբի կազմն էլ վերջնական չէ, ապագայում հնարավոր են նոր փոփոխություններ: ««Ռեինկարնացիան» միշտ մնում էիր տեսակի մեջ»,- ասաց նա:

Երգչից տեղեկացանք, որ «Ռեինկարնացիա» բրենդը պատկանում է իրեն և երաժիշտների փոփոխությունը բրենդի օգտագործման հետ խնդիր չի առաջացնում: Նախկինում խումբը հաճախ հիմնական երաժիշտների հետ էր մեկնում ԱՄՆ՝ համերգների: Այժմ Ռոլանդն ԱՄՆ-ում էլ է հավաքել երաժշտական նոր կազմ․ «Նախկինում երկու տարբերակով էլ աշխատում էինք: Հիմա այնտեղ ունենք երաժշտական կազմ: Այս ամիսներին, երբ Երևանում համերգներ չէի ունենում, ԱՄՆ-ում էի, որտեղ ևս շատ լավ համերգներ ունեցանք»։

Վերադառնալով երևանյան համերգին, որը կայացավ «Մեցցո» ակումբում, Ռոլանդն ասաց, որ համերգն իր համար շատ սպասված էր: Սրահը լեփ-լեցուն լինելը շատ ոգևորիչ էր թե՛ երգչի, թե՛ նոր երաժիշտների համար: Ռոլանդը երեկոյից իր տպավորությունները բնորոշեց կարճ, բայց հստակ․ «Ընտիր»:

Որոշ երգեր խումբը ներկայացրեց նոր գործիքավորմամբ: Երգիչը սա չի պայմանավորում երաժիշտների փոփոխությամբ: Ասում է՝ իր դեպքում դա բնականոն ընթացք է․ «Սրանք իմ էքսպերիմենտներն են: Ամեն անգամ այդպես ենք անում: Կան երգեր, որոնց օրիգինալ տարբերակը դանդաղ է, արագացնում ենք և հակառակը»:

Առաջիկայում «Ռեինկարնացիան» կնկարահանի նոր տեսահոլովակ: «Էլի էլի»-կոչվող երգը խմբի նոր ալբոմից է և շարունակում է «Էլի լավ ա», «Ավելի լավ ա» երգերի թեման: Խմբի նոր ալբոմն էլ շատ չի ուշանա: Հավատարիմ մնալով իրենց ոճին՝ նրանք կներկայացնեն 2 սկավառակ՝ առաջինում զետեղված կլինեն հայկական հին երգերը՝ նորովի մատուցմամբ, երկրորդում՝ խմբի օրիգինալ երգեր են:

Ռոլանդն առանձին ոգևորությամբ խոսեց նաև «Ռեինկարնացիա» բարեգործական հիմնադրամի համերգների շարունակության մասին․ «Հավաքվել է լավ արտիստներից կազմված խումբ, որը կսկսի համերգների շարք, իսկ հասույթը կտրամադրենք Հայաստանի երաժշտական դպրոցներին»:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

«Ռեինկարնացիայի» նախկին կազմից մնացել են միայն Ռոլանդն ու մի երաժիշտ․ խմբի առաջին համերգը փոփոխված կազմով