«Լոռեցի Սաքոն»՝ Նարինե Գրիգորյանի և Արման Նավասարդյանի մատուցմամբ․ ներկայացման պրեմիերան ու հյուրերը
«Լոռեցի Սաքոն»՝ Նարինե Գրիգորյանի և Արման Նավասարդյանի մատուցմամբ․ Համազգային թատրոնում երեկ պրեմիերա էր, բեմում էլ թատրոնի տնօրենը՝ Արման Նավասարդյանն էր: Նարինեն, որպես ռեժիսոր, անդրադարձել է Հովհաննես Թումանյանի հայտնի գործին, Սաքոյի դերում միանշանակ տեսել է Արմանին, մյուս դերերը տվել է Տաթև Ղազարյանին, Ալլա Սահակյանին ու Արմինե Անդրեասյանին:
Tert.am Life-ը ներկայացնում է պրեմիերայի մանրամասներն ու հետաքրքիր պահերը:
«Բացի այն, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ բեմադրություն էինք նախատեսում, ես Արման Նավասարդյան ունեի, որն իր մեջ կրում է այդ բնությունը և կարող էր շատ լավ ներկայացնել լոռեցի Սաքոյին,- ասաց բեմադրիչն ու կարևորեց հենց այս գործի ընտրությունը,- Ես արդեն մայրիկ եմ ու շատ ուշադիր եմ, թե ինչ ֆիլմերով, մուլտֆիլմերով, խաղերով եմ լցնում երեխայիս առօրյան: Նանի պատմած հին սնահավատ պատմությունները պատուհաս են դառնում Սաքոյի գլխին, արդյունքում նրանք քաղում են խելագարություն: Իսկ մենք այսօր ի՞նչ ենք տալիս մեր երեխաներին, վաղն ի՞նչ ենք տալու: Անձամբ ես հնարավորինս վերահսկում եմ այդ ամենը, բայց սա խնդիր է»:
Արման Նավասարդյանն էլ պատմեց, որ ամիսներ առաջ Կոմիտասի և Թումանյանի ստեղծագործություններով կոմպոզիցիա էին բեմադրել Բեյրութում, որտեղ ինքը Թումանյանի այս գործն էր կարդում: «Երևի Նարինկան այդտեղից ոգևորվեց, որ պետք է բեմադրվի այս գործը,- ասաց նա ու հավելեց, որ լոռեցի Սաքոյի կերպարը խաղալն իր համար բարդ չէր,- ես այդ բնության, սարերի, ձորերի, մոլեգնած գետի ծնունդն եմ, այդ ամենի մեջ եմ մեծացել, դրա համար էլ ինձ համար բարդ չէր»:
Թատրոնի ստեղծագործական կազմը ուշի ուշով հետևում էր ոչ միայն ներկայացման ընթացքին, այլև հանդիսատեսի արձագանքին: Վերջինը գոհ հեռացավ դահլիճից: Ներկայացումից հետո Արմանին ու Նարինեին ջերմորեն շնորհավորում էին գործընկերներն ու հարազատները:
«Դու դերասան չես»․ գործընկերոջ գնահատականն առաջին պահին սթափեցրեց Արմանին, մինչև հնչեց հաջորդ միտքը․ «դու արտի՜ստ ես»: Ոգևորիչ խոսքերը շատ էին, սակայն առավել տպավորիչ էր ուսուցչի՝ դերասան Դավիթ Հակոբյանի շնորհավորանքը․ վերջինս փորձեց ծնկի գալ Արմանի առաջ, Արմանը ևս ծնկի եկավ ու հենց այդպես՝ ծնկի եկած էլ ողջագուրվեցին ու շնորհավորեցին իրար:
Այս գնահատականն Արմանի համար առավել, քան հուզիչ էր․ «Շատ պատասխանատու է: Դավիթ Հակոբյանն իմ ուսուցիչն է՝ իմ վարպետը: Ինձ համար էլ է հուզիչ այս ամենը: Դա ավելի շատ կարծես ականջ քաշել լիներ, որովհետև հաջորդ անգամ ես իրավունք չունեմ վատ բան անելու»:
Ըստ բեմադրիչի՝ ամենաբարդը ներկայացման ռիթմը գտնելն էր: Ներկայացման մեջ հնչում են Նարեկացու, Կոմիտասի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Բարսեղ Կանաչյանի երգերը: Երաժշտական ձևավորումն արել է «Բամբիռ» խմբից Արիկ Գրիգորյանը: Նարինեն պատմեց, որ Սանկտ Պետերբուրգում Հայ մշակույթի օրերի առթիվ համերգի ժամանակ լսել է նրանց ու հասկացել, որ ուզում է համագործակցել:
Բեմում Արմանը շվի է նվագում: Հարցին՝ հատուկ ներկայացման համա՞ր է սկսել տիրապետել երաժշտական գործիքին, նա ժպիտով արձագանքեց․ «Շատ քիչ բան կա, որ ես չեմ կարողանում անել, ուղղաթիռ վարում եմ, մեղու պահում եմ:) Այստեղ էլ մեծ վարպետություն չէր պահանջվում, վաղուց եմ կարողանում նվագել»:






















Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







