«Ա ընչի՞ համար»․ Աղաս Մանուկյանի սթենդափի երևանյան պրեմիերան ու հայտնի հյուրերը
«Ա ընչի՞ համար»․ հենց այս արտահայտությամբ հայկական հեռուստատեսության նորեկը՝ Աղաս Մանուկյանը, տպավորվեց լսարանի մոտ ու սկսեց իր կարիերան որպես հեռուստատեսային սթենդափեր, այնուհետև՝ հումորային նախագծերի դերասան:
Հեռուստադիտողները շուտով Աղասին կտեսնեն նոր նախագծի՝ «Ֆուլ Yere1»-ի շրջանակում, մինչև այդ Աղասը հասցրեց Երևանի հանդիսատեսին առաջին անգամ ներկայանալ բեմական սթենդափով:
Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները: Հումորիստի թիրախում հիմնականում այն արտահայտություններն ու իրավիճակներն էին, որոնք, գրեթե, բոլորը կիրառում են, բայց լրջորեն վերլուծելիս զավեշտ է դառնում:
Բեմական առաջին սթենդափը Աղասն արել է հայրենիք քաղաքի՝ Վանաձորի թատրոնի բեմում: Այս անգամ հերթը Երևանինն է, որի համար դերասանը, գրեթե, ամբողջությամբ նոր ծրագիր է գրել:
«Սա այն ծրագիրը չէ, որը Վանաձորում էի անում, կան բաներ, որոնք կրկնվում են, սակայն 80 տոկոսը նոր ծրագիր է: Որոշեցինք գաղափարը կառուցել «Ա ընչի՞ համար»-ի շուրջ, քանի որ այն տարածում է գտել,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ արտահայտությունն ասոցացվում է իր հետ, բայց արդյոք չունի սպառման վտանգ, արձագանքեց,- կարծում եմ՝ այն իրեն կարող է սպառել այն դեպքում, երբ չզարգացնեմ, նոր երանգներ չտամ: Յուրաքանչյուր ժեստ, արտահայտություն, որ արվում է բեմից կամ էկրանից, սպառվելու վտանգ ունի: Ուղղակի իրեն պետք է զարգացնել այն: Կարծում եմ՝ դեռ չի սպառվել»:
Բեմելից առաջ Աղասը լարված էր: Երևանի հանդիսատեսին գոհացնելը նրա համար նոր նշաձող է:
«Եթե լարվածություն չունենայի, աննորմալ կլիներ: Չեմ մտածում՝ վայ, ոնց կանցնի, զուտ հետնաբեմային լարվածություն է,- ասաց նա ու նկատեց, որ բեմում մենակ է լինելու, հանդիսատեսի ուշադրությունը պահելու լրացուցիչ ազդակներ չունի,- Խիստ սթենդափային ժանր ենք ընտրել: 1 մարդ սկսում է ծրագիրը, նա էլ ավարտում է, առանց որևէ ընդմիջման: Իսկապես, դժվար է մոտ 70 րոպե մենակ, առանց լրացուցիչ էֆեկտների խոսքով պահել լսարանին, սակայն մինչև այս Վանաձորում որքան սթենդափ եմ արել, կարողացել եմ պահել լսարանի ուշադրությունը, տեսնենք՝ Երևանի հանդիսատեսին ինչպես կպահեմ: Հուսով եմ՝ նրանք գոհ կմնան: Ուզում եմ դահլիճը լքելիս մարդիկ մտածեն, որ արդարացի էր գալն ու տոմսի համար վճարելը»:
Նրա առաջին հանդիսատեսի շարքերում էին ընկերներն ու հարազատները, որոնք ջերմ ծափողջույններով ոգևորում էին Աղասին: Սթենդափերի հաջորդ ուղղությունը Լոս Անջելեսն է:






















Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







