Ավրաամ Ռուսսոյի գրքի շնորհանդեսը Երևանում ու նոր հետաքրքրությունը
Ավրաամ Ռուսսոն այս օրերին Երևանում է և հայ ընթերցողին է ներկայացրել իր երկրորդ գիրքը։ Եթե նրա առաջին գիրքը նվիրված էր հոգևոր թեմային՝ «В поисках истины» խորագրով, ապա երկրորդը՝ «Здоровье оболочки души» գիրքը հեղինակ-երգիչը նվիրել է մարդու առողջության թեմային և ոչ ավանդական բժշկությանը։
Tert.am Life-ը ներկա է եղել գրքի շնորհանդեսին, որի ընթացքում Ավրաամ Ռուսսոն ոչ միայն ներկայացրեց իր աշխատանքը, ծանոթացրեց բովանդակությանը, այլև առաջարկեց տեղում ախտորոշում անել։
Ներկայումս երգիչն իրեն նվիրել է գրելուն։ Նրա խոսքով՝ վերջին տասը տարվա ընթացքում այնքան նոր բան է սերտել, որ ուզում է փոխանցել ընթերցողներին։
«Իմ առաջին գիրքն ու այս աշխատանքը սկսել եմ գրել միաժամանակ՝ դեռ տասը տարի առաջ։ Երբ Լիբանանում ուսանում էի, խորապես ծանոթացա հոգևոր կյանքին, այն տարիներին հավաքված գիտելիքներս ցանկացա հավաքել մեկ գրքի մեջ։ 21-րդ դարում մարդը մոռացել է իր հոգու մասին և սկսել է կարևորել այն ինչը նյութական է։ Տարիների հոգևոր այդ սերը հավաքեցի, մեկտեղեցի և ներկայացրի «В поисках истины» գրքի տեսքով։ Շատ գրառումներ կատարել էի հայերենով, շատերն անգլերոնով, մի որոշ մասն էլ ռուսերենով»,- ասաց նա։
Ներկաներից շատերին զարմացրեց Ավրաամ Ռուսոյի երկրորդ գրքի բովանդակությունը։ Բժշկությունը երգչին այնքան է գրավել, որ որոշել է սովորել ոչ ավանդական ախտորոշման մեթոդիկան։
«Պատահականություններ չեն լինում, այս գիրքը ևս իր խորհուրդն ունի։ ԱՄՆ-ում ատամնաբույժ ընկերներիցս մեկն ինձ ծանոթացրեց չինացի մի պրոֆեսորի հետ, որը հետաքրքիր ձևերով ախտորոշում էր կատարում՝ եղունգների և լեզվի միջոցով։ Իր մոտ երեք տարի ուսանեցի, սովորեցի, կարդացի իր հեղինակած գրքերը, երբ նա գործ էր անում, նաև գործնակնում էի հետևում իրեն։ Այնքան սիրեցի սա, որ սերտեցի ու որոշեցի գիտելիքներս գրքի տեսքով ներկայացնել։ Կարծում եմ՝ սա հնարավորություն կտա մարդկանց ավելի ուշադիր լինել իրենց առողջությանը։ Հիմա, երբ ես գնում եմ բժշկի մոտ, իրեն հավասար կարողանում եմ ինձ ախտորոշում տալ»,- ասաց երգիչը։
Ավրաամ Ռուսսոն նկատեց, որ այն, ինչ ինքը շռայլորեն ստացել է, նույն շռայլությամբ էլ բաժանում է։ Գիրքը վաճառքում չի լինելու, այն նվիրելու համար է։

















Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







