Ալեքսիս Օհանյանը Երևանում կներկայացնի իր «Առանց թույլտվության» բեսթսելերն ու ելույթ կունենա շնորհանդեսի ժամանակ

12:26 • 16.09.19

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հոկտեմբերին կլինի Երևանում: Նա ոչ միայն կմասնակցի WCIT-ին, այլև հոկտեմբերի 8-ին Երևանում կներկայացնի «Առանց թույլտվության» իր գիրքը: 

Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը առաջին անգամ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանվել: Գրքի հրատարակումը համընկնում է Ալեքսիսի՝ Հայաստան այցի հետ, հեղինակը համաձայնել է ոչ միայն ներկա գտնվել շնորհանդեսին, այլև հանդես գալ ելույթով։ 

«Սա իսկապես մեծ իրադարձություն է Հայաստանի գործարար ոլորտում՝ թե՛ ստարտափների, թե՛ կայացած բիզնեսների համար և թե՛ բոլոր նպատակասլաց մարդկանց համար: Ալեքսիս Օհանյանի այս գիրքը հաջողության հասնելու իսկական ուղեցույց է»,-նշում է նախաձեռնության հեղինակ «Կարապ» ընկերության հիմնադիր Շավարշ Կարապետյանը:

Գիրքն անգլերենից թարգմանել է Աննա Միրզոյանը: Այստեղ հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Նրա ապուպապն ու ապուտատը Խարբերդից և Բիթլիսից էին: Ցեղասպանությունից փախչելով՝ նրանք մեկնել էին ԱՄՆ, որտեղ և հաստատվել էին: Համատեղ կյանքի տարիների ընթացքում նրանք 4 երեխա ունեցան՝ Վերան, Ջոնը, որը Ալեքսիսի պապն էր, Էլզան ու Մերին:

Օհանյանին կոչում են «Արևելքի դեսպան» նրա Y Combinator կազմակերպության համար, նրան ԱՄՆ-ում նաև անվանում են «Հայ Ցուկերբերգ»։  

Կարիերայում հաջողության հասնելով՝ Ալեքսիսն իր ուշադրությունը դարձրեց ավելի գլոբալ խնդիրների վրա: Մի քանի տարի առաջ նա Հայաստանում իր մի քանի համախոհների հետ կազմակերպեց առաջին TEDx Yerevan սեմինարը, որի շրջանակում հայտնի մարդիկ գաղափարներ էին կիսում այն մասին, թե ինչպես աշխարհն ավելի լավը դարձնել:

Համաշխարհային խոշորագույն 100 ինտերնետ կայքերի ցուցակում հայտնված Reddit-ից բացի Օհանյանը նաև մի քանի ուրիշ հաջողված նախագիծ ունի: 2010 թվականին նա մասնակցել է ճանապարհորդությունների մասին պատմող Hipmunk կայքի գործարկմանը:

Ալեքսիս Օհանյանը Երևանում կներկայացնի իր «Առանց թույլտվության» բեսթսելերն ու ելույթ կունենա շնորհանդեսի ժամանակ