Գարիկ Մարտիրոսյանը ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հանդես կգա նոր ձևաչափում
Հումորիստ, դերասան Գարիկ Մարտիրոսյանը ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հանդես կգա նոր ձևաչափում՝ նա վարելու է «Щас спою» նոր շոուն, որն ունենալու է ինչպես երաժշտական, այնպես էլ հումորային ուղղվածություն։ Չնայած հաղորդումը երաժշտական է, մասնակցելու գլխավոր պայմանը վոկալային որևէ տվյալներ, երաժշտական լսողություն ու երաժշտական կրթություն չունենալն է, փոխարենը մասնակիցները պետք է ունենան մեծ ցանկություն երգել հանդիսատեսի առաջ առանց բարդույթների։
Պրոդյուսերների վստահեցմամբ՝ նախագծին մասնակցելու համար ստացել են ավելի քան 2000 հայտ, սակայն նախագծի վերջնական փուլ անցել են միայն 30-ը։ Ըստ պրոդյուսերների՝ իրենք վատագույն վոկալիստներին ընտրելու համար շատ լուրջ լսումներ են կազմակերպել։
Starhit.ru ռուսական ժամանցային կայքի փոխանցմամբ՝ Գարիկ Մարտիրոսյանը նշել է, որ սա մարդկանց վիրավորելու փորձ չէ, հաղորդման հեղինակներն ունեն կատարողներին ճիշտ ուղի ցույց տալու միտում, մասնակիցներն իրենք էլ կհասկանան իրենց սխալներ։
«Բնականաբար, մենք չենք սպասում, որ մասնակիցները կդառնան համաշխարհային աստղեր։ Ինքս երաժշտությանը շատ լուրջ եմ վերաբերվում: Կարծում եմ՝ երաժշտության հետ կապված ծաղրն անթույլատրելի է, սակայն այս ձևաչափում, երբ մարդիկ ուղղակի զվարճանում են, թույլարելի է։ Նման ելույթներ մեզանից յուրաքանչյուրին էլ հանդիպում են, օրինակ, կարաոկեում կամ երեկույթների ժամանակ։ Մեր շոուն երաժշտական զավեշտ է»,- ասել է շոումենը:
Մասնակիցները շաբաթների ընթացքում մարզվելու են փորձառու երաժիշտների հետ։ Համաձայն կանոնների՝ մասնակիցը սկզբում երգելու է այնպես, ինչպես կարող է, ապա մի քանի վայրկյան անց, կվերադառնա բեմ նախապես պատրաստած համարով։ Կադրից դուրս կմնան բոլոր փորձերը և մասնակիցների քրտնաջան պարապմունքներն այդ շաբաթների ընթացքում։
Յուրաքանչյուր թողարկման ժամանակ մրցելու է 5 մասնակից, հաղթելու է նա, ով ամենից շատ դուր կգա հանդիսատեսին։ Գարիկը նշել է նաև, որ այս նախագիծը ոչ միայն կզվարճացնի, այլև հնարավորություն կտա շատերին ազատվել բարդույթներից։








