Հայտնիները եթերում ալկոհոլ կխմեն և տարբեր փորձությունների կնթարկվեն․ «Հումորի լիգայի» թիմի նոր հաղորդումը չափահասների համար է

18:42 • 27.09.19

«Շանթ» հեռուստաընկերության եթերում այս շաբաթ կմեկնարկի «ԱլկոBattle» ժամանցային նոր հաղորդումը, որը «Հումորի Լիգա»-ի ստեղծագործական թիմի՝ FunnyMen Production-ի նոր աշխատանքն է։ Նախագծի պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը հաղորդման առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին։

Նախագծի շրջանակում հայտնիները մրցելու են՝ պատասխանելով տարբեր, այդ թվում՝ ինտելեկտուալ հարցերի։ Այն մասնակիցը, որը հարցին սխալ պատասխան կտա, կխմի ալկոհոլային խմիչք։

«Նման ձևաչափ, որպես այդպիսին, չկա, սակայն կան փուլեր, որոնք վերցրել ենք տարբեր հաղորդումներից։ Հետաքրքիր, ժամանցային խաղեր են, որոնք Youtube-յան հաղորդումներում հանդիպում են։ Տարբեր տեղերից վերցրել ենք լավ դրվագները, արդեն ամբողջական ձևաչափը մերն է։ Հաղորդումը մտածել ենք երեքով՝ ես, Տիգրան Գալստյանն ու Ավետ Բադալյանը: Նրանք «Հումորի Լիգա»-ի կրկնակի ֆինալիստներ են, տղաները տասի տարի Ռուսաստանում խաղում են КВН-ում, վերջին մեկ տարվա ընթացքում մասնացել են «Лига Смеха» նախագծին, գալա համերգին եղել են «Մուլտի Արմյանե» թիմից: Նույն թիմով հրավիրված ենք ձմեռային լիգային։ Տիգրանը և Ավետը հանդես կգան որպես նախագի հաղորդավարներ»,- նշեց Արմենը։

Առաջին թողարկման հյուրերը Ստեփան Փարթամյանն ու Եգոր Գլումովն են։ «Մենք հյուրերի հետ պայմանագիր ենք ունենում, որ նախագծից հետո մեքենա չեն վարի, մենք ապահովում ենք իրենց երթևեկությունը։ Քանի որ պարոն Փաթրամյանն այս օրերին Հայաստանում էր և պետք է լիներ «Հումորի Լիգա» նախագծի ժյուրիի կազմում, որոշեցինք հրավիրել իրեն։ Գլումովն էլ մեր լավ ընկերն է, որի հետ համագործակցում ենք արդեն  մի քանի տարի»,- ասաց Արմենը։

Ինչ վերաբերում է հայ հայտնի կանանց ու աղջիկներին հրավիրելուն՝ Արմենը նշեց, որ իրենց փորձնական հաղորդման հյուրը եղել է երգչուհի Գայա Արզումանյանը: «Փորձնական հաղորդումը նկարահանել ենք երգչուհի Գագա Արզումանյանի և ռեփեր Նարեկի մասնակցությամբ։ Շատ հաջողված հաղորդում էր, եթեր չի գնա, քանի որ այն փորձնական էր, սակայն հեռուստադիտողներն առիթ կունենան տեսնել նրանց «ԱլկոBattle»-ի շրջանակում։ Երկրորդ հաղորդման հյուրը ես եմ և երգչուհի Ռիփփին։ Փուլերից մեկի ժամանակ Ռիփփին իսկապես լացել է, որովհետև շատ դաժան փուլ էր: Մենք լուրջ խմում ենք և շատ։ Երեկվա նկարահանմանը ես իրականում հարբել էի՝ կոկտեյլները շատ էին, համեղ էին, և ես պարտվեցի Ռիփփիին»,- պատմեց պրոդյուսերը:

Արմենի խոսքով՝ չնայած իմպրովիզներին, տղաները բավականին երկար ժամանակ են տրամադրում են սցենարին։ Հարցերը կազմելիս յուրաքանչյուր հյուրի անհատական մոտեցում են ցույց տալիս:

«Առաջին տասը հաղորդման հյուրերի ցանկն ունենք, ըստ այդմ էլ տղաները գրում են սցենարները։ Հարցերի շրջանակը տարբեր է՝ ունենք փուլ, որը կոչվում է «Լից Բլից», մասնակիցները պատասխանում են ինտելեկտուալ հարցերի են: Նա, ով սխալվում է, խմում է կոկտեյլը։ Փուլերից մեկի ժամանակ էլ պատասխանի ընթացքում էլեկրաշոկով խփում են, ընդ որում, բավականին ուժեղ,- ասաց նա ու հավելեց, որ իրենց նախագիծը մեծահասակների համար է,- Հաղորդումը այնպիսի ժամի է հեռարձակվում, որը ենթադրում է հաղորդում չափահասների համար, եթերում էլ  թույլատրելի է ալկոհոլ խմելը: Եթերը կլինի 23:00-ին: Մենք բոլոր զգուշացումները նախօրոք  անում ենք»,- ասաց պրոդյուսերը։

Հայտնիները եթերում ալկոհոլ կխմեն և տարբեր փորձությունների կնթարկվեն․ «Հումորի լիգայի» թիմի նոր հաղորդումը չափահասների համար է