Ինչպես է անցել Մրգօղու փառատոնը սահմանամերձ Կողբում

13:25 • 30.09.19

Ընդունված է ասել, որ հայերս աղ ու հացով ժողովուրդ ենք: Հայաստանում առաջին անգամ կազմակերպված Մրգօղու փառատոնի մասնակիցները փոփոխության ենթարկեցին տարածված այս արտահայտությունը՝ նշելով, որ մենք օղիով ու հացով ժողովուրդ ենք։

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում հանգստյան օրերը թեժ էին՝ բառի բուն իմաստով։ Տեղացիները հյուրընկալել էին ինչպես Հայաստանի տարբեր մարզերից եկած հյուրերի, այնպես էլ զբոսաշրջիկների։ Բոլորին իր շուրջն էր հավաքել «Սեպտեմբերֆեսթ» մրգօղու փառատոնը, որի ընթացքում մի քանի տասնյակ տաղավարներում ներկայացված էին քաղցրահամ մրգերից պատրաստված օղու տեսականին, աշնանային մրգեր, չիր, թթու, խորոված, ընդեղեն։  

Tert.am Life-ը ներկա է եղել փառատոնին, լուսանկարել ամենահետաքրքիր դրվագներն ու զրուցել փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանի հետ։

«Միջոցառումը կազմակերպել ենք Կողբի գյուղապետարանի և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ։ Ես ծնվել, մեծացել եմ Երևանում, սակայն արմատներով այս գյուղից եմ՝ փոքր տարիքեց տեսել եմ թորման ընթացքը, իմացել եմ, թե որքան տարածված է մրգօղին։ Մարդիկ չեն թողնում, որ բնության բարիքը կորչի՝ ինչը վաճառում են, ինչն ուտում են, մնացածից թորում են օղի, և դա բավականին լուրջ բան է։ Ընդհանուր փառատոնների շարքի մեջ մոտ երկու ամիս առաջ մտահղացում եղավ անել նման փառատոն»,- ասաց Կարեն Քոչարյանը։

Նա նշեց, որ ի սկզբանե, երբ մտերիմների հետ կիսվում էր մտահղացմամբ, բոլորի դեմքին ժպիտ էր առաջանում․ «Երբ զանգահարեցի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, միանգամից խանդավառվեց ու ասաց՝ միանշանակ անում ենք։ Ինձ մոտ նախնական անհանգստություն կար, քանի որ, խոսքն ալկոհոլային խմիչքի մասին էր, սակայն սպասածիցս շատ ավելի ջերմ ընդունեցին մեզ։ Երբ աշխատում էինք նախագծի վրա, շատերը հարցնում էին՝ չե՞նք վախենում, որ մարդիկ այդքան ալկոհոլ կխմեն, գուցե, վեճ բռնվի: Ես միշտ ասում էի, որ Հայաստանը հետխորհրդային միակ պետությունն է, որը «սթափարան» ասվածը չի ունեցել, այսինքն՝ հայերը երբեք չեն խմել ու իրենց կորցրել։ Մարդիկ եկել են մեծ միկրոավտոբուսներով, վարորոդներով, և սա խոսում է պատասխանատվության մասին»։

Ինչ վերաբերում է վայրի ընտրությանը՝ Կարեն Քոչարյանը մեկնաբանեց, ոոր դա ինքնանպատակ չէ։ «Այս տարածաշրջանում աճում են բոլոր մրգերը, որոնց կարելի է հանդիպել Հայաստանի տարածքում, կան նաև մրգեր, որոնք աճում են միայն այստեղ։ Հիմա մենք զրուցում ենք հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 3-4 կմ այս կողմ, սա մի բնակավայր է, որը, փաստացի, սահման է պահում։ Չնայած այստեղ մարդիկ սահման են պահում՝ չկան զարգացած ենթակառուցվածքներ։ Դեռ ԽՍՀՄ տարիներից սկսած ամեն ինչ նվիրվում է Երևանին, զարգանում է միայն Երևանը, սակայն վերջին 2-3 տարվա ընթացքում սկսել են մի փոքր ուշադրություն դարձնել նաև Գյումրուն, ինչի համար շատ ուրախ եմ, սակայն Հայաստանը միայն Երևանն ու Գյումրին չեն։ Համաչափ զարգացման համար անհրաժեշտ են նման փառատոններ, որոնք կխթանեն տեղային տնտեսության զարգացմանը, կգրավեն զբոսաշրջիկների ուշադրությունն ու հետաքրքրությունը»,- ասաց Կարեն Քոչարյանը և հավելեց, որ նախատեսում է փառատոնը դարձնել ամենամյա։

Բացի հյուրընկալ ու հագեցած տաղավարները՝ ներկաները վայելում էին նաև երաժշտություն, պարում, մասնակցում նարդու մրցաշարին ու էնտուզիազմով խորոված պատրաստում։ Ամենահետաքրքրասեր հյուրերի համար փորձառու օղի թորողները պատմում էին իրենց իմացան ու թորման սարքի վրա ցույց տալիս, թե ինչպես է քաղցրահամ միրգը ոգելից խմիչք դառնում։

Տեղի մշակույթի կենտրոնի սաները ևս անմասն չմնացին միջոցառմանը։ Նրանց ձեռքի աշխատանքները առանձին ցուցադրությամբ ներկայացրին հյուրերին։  

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Ինչպես է անցել Մրգօղու փառատոնը սահմանամերձ Կողբում