«Ընտանիքիս հետ անպայման Հայաստան կգամ». Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան
Քիչ առաջ Հայաստան ժամանեց ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:
Ալեքսիսը պատասխանեց լրագրողների հարցերին: Ի պատասխան Tert.am Life-ի դիտարկմանը, որ իրեն հաճախ են անվանում «հայ Ցուկերբերգ», նա ծիծաղեց՝ նշելով, որ դա հրաշալի է:
Ալեքսիսն ասաց, որ կինը՝ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, շատ զբաղված է և այս անգամ չի կարողացել իր հետ գալ Հայաստան։ «Ընտանիքիս հետ անպայման Հայաստան կգամ»,- խոստացավ նա։
Ալեքսիսը Հայաստանում ոչ միայն կմասնակցի WCIT-ին, այլև կներկայացնի իր «Առանց թույլտվության» գիրքը:
Նշենք, որ Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի կարկառուն ներկայացուցիչներից է:
Օհանյանին կոչում են «Արևելքի դեսպան» նրա Y Combinator կազմակերպության համար, ԱՄՆ-ում նրան անվանում են նաև «Հայ Ցուկերբերգ»։
Կարիերայում հաջողության հասնելով՝ Ալեքսիսն իր ուշադրությունը կենտրոնացրեց ավելի գլոբալ խնդիրների վրա. մի քանի տարի առաջ իր համախոհների հետ նա Հայաստանում կազմակերպեց առաջին TEDx Yerevan սեմինարը, որի շրջանակում հայտնի մարդիկ գաղափարներ էին ներկայացնում, թե ինչպես աշխարհն ավելի լավը դարձնել:







