Աշոտ Ղազարյանի 70-ամյակի համերգը, թոռների ելույթն ու երջանկության բանաձևը

11:39 • 14.10.19

Մարդ-ծիծաղ, որի 70 տարեկան լինելու փաստին քչերն են հավատում։ Նա միշտ երիտասարդ է, ծիծաղկուն ու եռանդուն։ Աշոտ Ղազարյանի հոբելյանանական համերգների շարքն այս տարի մեկնարկեց Կրեմլում և շարունակվելու է աշխարհի տարբեր հայաշատ կետերում։ Երևանը շրջանցել համերգը, իհարկե, չէր կարող։

Tert.am Life-ը ներկա է եղել ավելի քան 5 ժամ տևած համերգին ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները։

Բեմելից առաջ դերասանը հուզված էր, ինչպես միշտ։ «Առաջին բեմելիցս սկսած միշտ հուզվել եմ, սիրտս սարսափով բաբախում էր։ Մի քանի անգամ «Հայր մերն» էի ասում։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս կարծես առաջին անգամ բարձրանամ։ Այդպես էլ չսովորեցի չհուզվել»,- մինչև հանդիսատեսին ողջունելը ժպիտով ասաց նա։

Դերասանի հոբելյանական երեկոյի ընթացքում ելույթ ունեցան հայկական շոու բիզնեսի շատ աստղեր՝ Աշոտ Ղազարյանին հղելով նաև իրենց շնորհավորական խոսքն ու կարևոր բարեմաղթանքը՝ առողջություն ու երկար կյանք։

Երեկոյի ամենահետաքրքիր պահերից մեկը Աշոտ Ղազարյանի թոռների ելույթն էր. Անահիտ և Բորյա Ադամյանները երգեցին, մյուս թոռնուհին՝ Ինեսա Ադամյանը, պարեց։ Դերասանը նկատեց, որ իր երջանկության բանաձևն իր կինը՝ Մելանյան, զավակներն ու թոռներն են։

Առհասարակ, Աշոտ Ղազարյանը միշտ մեծագույն սիրով է խոսում կնոջ մասին։ Նրա ընկերներն էլ միշտ շեշտում են, որ ամեն հաջողակ տղամարդու թիկունքում խելացի կին է կանգնած։

Շոումեն Գրիշա Աղախանյանն այս փաստը նկատեց՝ մեջբերելով սեփական օրինակը։ Նա նշեց, որ ինքը, Հրանտ Թոխատյանն ու շատ արվեստագետներ մի քանի անգամ ամուսնացել-բաժանվել են, իսկ Աշոտ Ղազարյանը հարգանքի է արժանի իր կայուն ու համերաշխ ընտանիքի համար։

Դերասանի հոբելյանական համերգը կազմակերպել է Euromusic entertainment ընկերությունը՝ ի դեմս Տարոն Պողոսյանի։ Ինքը՝ հոբելյարը, նկատեց, որ նման հարցերում նախաձեռնող չէ։ Եթե ինքը կազմակերպելու լիներ, որևէ համերգ չէր լինի․ «Ես հիմնականում աշխատել եմ տեքստերի և ստեղծագործական մասին վրա»։

Նշենք, որ Աշոտ Ղազարյանը 70 տարին բոլորեց մայիսի 15-ին, սակայն համերգային ծրագիրը տարվա ընթացքում ներկայացնում է տարբեր քաղաքներում, ուստի Երևանին միայն հոկտեմբերին հերթ հասավ։

«Կրեմլի համերգից հետո հանդիսատեսից արձագանքներ էինք ստանում, որ իրենք էլ են ուզում տեսնել համերգին, չեն կարող մեկնել Մոսկվա համերգին ներկա լինելու համար։ Հանդիսատեսի պահանջը հաշվի առնելով՝ որոշեցինք Երևանում էլ հաերգ կազմակերպել»,- ասաց Աշոտ Ղազարյանը։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Tert.am Life (@tert.am.life) on

 

Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի

Աշոտ Ղազարյանի 70-ամյակի համերգը, թոռների ելույթն ու երջանկության բանաձևը