«Երգիր, թե կարող ես» նախագծի բեքսթեյջն ու հայտնիների վախը
«Երգիր, թե կարող ես» նախագծի երկրորդ եթերաշրջանում հեռուստադիտողներն ավելի շատ կտեսնեն երգիչների գործընկերների հայտնի երգերը կատարելիս: Tert.am Life-ը եղել է նախագծի նոր թողարկամն նկարահանման հրապարակում և ներկայացնում է հետաքրքիր դրվագներն ու մանրամասները:
Վաչեի հյուրերն այս անգամ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի դերասաններն էին՝ Լեռնիկ Հարությունյանը, Անի Քոչարյանը, Հայկ Դուրգարյանն ու Անուշկա Մարգարյանը:
Սկզբում դերասանները բավականին դժվարացան. թեև պայքարում էին ամեն միավորի համար, պարզվեց, որ երգիչներին ու նրանց երգերն այնքան էլ լավ չգիտեն: Վաչեն կատակեց, որ շատ վատ խաղացին: Թե հետագա փուլերում ինչ արդյունքներ գրանցեցին դերասանները, կիմանաք եթերում, մինչ այդ զրուցել ենք նախագծի հաղորդավար Վաչե Թովմասյանի հետ:

Վերջինիս համար այս նախագծում ամենակարևորը հյուրերի հետ ընկերական մթնոլորտ ստեղծելն է: Վստահ է՝ հաղորդման տրամադրությունն ու էներգետիկան ուղիղ կապ ունի դրա հետ:
«Երբ հյուրերն ընկերներս են, ավելի հեշտ է: Մյուս դեպքերում մինչև բեմ բարձրանալը փորձում եմ թեթև տրամադրություն, ընկերական մթնոլորտ ստեղծել, որպեսզի դառնանք մի թիմ: Գուցե շատերը համարեն, որ գերակտիվ եմ, սակայն ես այս շոուն այսպես ակտիվ, «տժժիկ» եմ պատկերացնում, որպեսզի իմ էներգիան վարակիչ լինի մյուսների համար: Երբ հյուրերը տեսնում են, թե ինչպես եմ ինձ կոտորում, պարում, մեխանիկորեն իրենք էլ են բացվում»,- ասաց նա ու հավելեց, որ իր կատակներից նեղացողներ դեռևս չեն եղել:
Այնուամենայնիվ, դերասանը շատ ուշադիր է որպեսզի որևէ մեկին չնեղացնի: «Ամեն անգամ բեմ բարձրանալը մեծ պատասխանատվություն է, հատկապես, որ սա միակ նախագիծն է, որի մոնտաժված տարբերակը չեմ նայում եթերից առաջ: Երբեմն, եթեր են գնում այնպիսի բաներ, որոնք չէի ցանկանա եթերում լինեին: Ավելի լարված ու զգոն եմ, որպեսզի էյֆորիայի մեջ չասեմ մի բան, որը կնեղացնի ինչ-որ մեկին, որովհետև ես կարող եմ անել դա: Իմ լեզվի տակ ոսկոր չկա, քանի որ ինձ համար ընդունելի է այն, ինչ ծիծաղելի է, սակայն շատ մարդկանց դեպքում այդպես չէ, հատկապես, որ նախագիծը հումորային չէ»,- ընդգծեց հաղորդավարը:

Ի սկզբանե հաղորդումը նախատեսված էր չերգողների համար, սակայն հյուրերի շարքերում հայտնվեցին նաև երգիչներ: Դիտարկմանը, որ հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ խուսափում են հայտնվել բացասական լույսի տակ կամ հումորային իրավիճակում, նա արձագանքեց, որ լինում են մարդիկ, որոնք հրաժարվում են մասնակցությունից՝ վախենալով, որ խայտառակ կլինեն:
«Հիմա համացանցում նեգատիվը շատ է: Մարդիկ գրում են այն, ինչ մտքներին գալիս է՝ առանց մտածելու, որ դիմացինը կարող է կարդալ ու վիրավորվել: Ես այլ մոտեցում ունեմ՝ ինչ էլ անես, բացասական կարծիք լինելու է, պետք է հաշվի առնել դրականի ու բացասականի տոկոսային հարաբերությունը: Կան մարդիկ, որոնք վախենում են խայտառակ լինել: Շատերը զգուշանում են, բայց շատերն էլ հավեսով գալիս են: Մենք հավեսովներին ենք ողջունում»,- ասաց Վաչեն:
Հումորիստը նկատեց, որ այս եթերաշրջանում պրոֆեսիոնալ երգիչների ներգրավվածությունն ավելի մեծ կլինի: «Երկրորդ եթերաշրջանը կառանձնացնա նրանով, որ հյուրերի մեջ ավելի շատ կլինեն հենց երգիչներ: Դա իմ գաղափարն էր: Կարծում եմ՝ հետաքրքիր է, թե ինչպես կերգեն իրենց գործընկերոջ երգը»,- նկատեց նա:























Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







