«Հիշիր վաղվա օրդ» ընտանեկան դրամայի պրեմիերան ու կարևորությունը
«Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ է վերադառնում նոր բեմադրությամբ: Այս ներկայացումը տարիներ առաջ եղել է թատրոնի խաղացանկում: Ըստ ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ բեմ է վերադառնում իրենց խաղացանկային լավագույն ներկայացումներից մեկը:
Tert.am Life-ը ներկայացնում է պրեմիերայի մանրամասները: «Ներկայացումը ժամանակավորապես դադարել էր լինել բեմում, բայց և՛ հանդիսատեսը, և´ դերասանները մշտապես հիշել ու սպասել են դրա վերադարձին»,- ասաց նա ու հավելեց, որ թատրոնի գեղարվեստա-ստեղծագործական կազմի առաջարկով տնօրինության հետ որոշել են հրավիրել ներկայացման բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանին՝ վերականգնելու ներկայացումը:

«Ուզում եմ կարևորել այս ներկայացման վերադարձը բեմ՝ իր ասելիքի, իր խորության ու մշտնջենական խնդիրների վերհանման համար։ Ուզում եմ նաև կարևորել այն հանգամանքը, որ ներկայացման մեջ զբաղված են մեր թատրոնի ավագ ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչները՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Արև Սանթրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Մաթևոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Բաբելյանը, վաստակաշատ դերասանուհիներ Անահիտ Ղուկասյանն ու Մարիետտա Նազարյանը, դերասաններ Իշխան Ղարիբյանը, Սիրանուշ Լազյանը, Վահան Միրաքյանը, Ցողիկ Մարտիրոսյանն ու Անդրանիկ Հակոբյանը»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ պատմությունը շատ հուզիչ է, այն պատմում է ընտանիքի, ծնողների և զավակների հարաբերությունների մասին: Նա հույս հայտնեց, որ դրաման իր արձագանքը կգտնի հանդիսատեսի սրտում, մտածելու և անհանգստանալու տեղիք կտա նրանց, քանի որ արվեստը հենց դրան է կոչված:
























