«Բարությունն է փրկելու աշխարհը». «Հայ մայրերի» գալա ընթրիքն ու հայտնի հյուրերը

13:26 • 05.11.19

«Բարությունն է փրկելու աշխարհը». այս խորագրով երեկ կայացավ «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության գալա ընթրիքը, որի ամբողջ հասույթն ուղղվելու է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների բուժմանն ու անհրաժեշտ պարագաների ձեռք բերմանը:

Tert.am Life-ը ներկայացնում է ընթրիքի մանրամասներն ու ֆոտոշարքը:

«Հայ մայրեր»-ի հիմնադիր Նարինե Մանուկյանն իր խոսքը սկսեց շնորհակալությամբ: Առաջին հերթին նա շնորհակալություն հայտնեց երեկոյի հաղորդավարուհուն՝ Նազենի Հովհաննիսյանին, ով միշտ իրենց կողքին է: «Եթե նա չլիներ, մեր կազմակերպությունը երբևէ չէր լինի այս մակարդակին: Շնորհակալ եմ նաև Առաջին տիկին Աննա Հակոբյանին, ով երկրորդ տարին է՝ մեզ հետ է: Հրավիրում ենք, անմիջապես համաձայնում է ներկա լինել միջոցառմանը, ինչն անգնահատելի է»,- ասաց նա:

Մեկ տարի առաջ Նարինեն նշանակվեց «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի»-ի տնօրեն: Այսպիսով՝ նրա շփումը ՄՈՒԿ ախտորոշմամբ երեխաների հետ ավելի ընդլայնվեց:

«Եթե նախորդ տարվա գալա ընթրիքին ասացի, որ մեր երեխաների թիվը մոտենում է 300-ի, այս տարի այդ թիվը նշել չեմ կարող: Մի կողմից՝ ցավոք սրտի, որովհետև հաշմանդամություն ունեցող երեխաները Հայաստանում իսկապես շատ են, մյուս կողմից ես շատ ուրախ եմ, որ Հարություն Քուշկյանն ինձ հնարավորություն ընձեռեց լինելու «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն: Կենտրոնը տարեկան սպասարկում է 4000-6000 երեխայի: Չեմ կարող ասել, որ մենք այսօր ունենք 300 շահառու. բոլոր երեխաները, որոնք վերականգնողական կենտրոնում են, կարևոր չէ՝ «Հայ մայրերի» կամ «Երազի տան» շահառո՞ւ են, թե՞ ոչ, բոլորը մեր երեխաներն են: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանց կյանքն ավելի որակյալ դարձնելու համար»,- ընդգծեց Նարինեն:

Նազենին էլ նկատեց, որ 9 տարի առաջ հենց այս օրերին՝ նոյեմբերի 3-ին, լույս աշխարհ եկավ Նարինեի երկրորդ որդին՝ Գարիկը, որի մոտ ախտորոշվեց ՄՈՒԿ: Հենց նա էլ իր ախտորոշմամբ մայրիկին ստեպեց ստեղծել բարեգործական հկ ու օգնել բոլոր երեխաներին:

«Քանի որ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխան բախվեց իրականության հետ, նրա ծնողները հասկացան, որ չունեն այլընտրանք, քան ստեղծել ավելի հարմար պայմաններ խնդիր ունեցող երեխայի համար: Այդպես որոշ ժամանակ անց ստեղծվեց կազմակերպություն, ավելի ճիշտ՝ մի մեծ ընտանիք, որտեղ բոլորը բառիս բուն իմաստով բարի են և միմյանց նկատմամբ ունեն մեծ հոգատարություն»,- ասաց Նազենին:

«Հայ մայրերը» տարեցտարի ընդլայնում է գործունեությունը, Նազենին նկատեց, որ հիմնադրամի ընկերները տարեցտարի ավելանում են, շոու բիզնեսի ներկայացուցիչներն էլ միջոցառումներին մասնակցության պատրաստակամություն են հայտնում մեծ սիրով, ավելին, հաճախ հենց իրենք են հետաքրքրվում, թե երբ է լինելու տարեվերջյան միջոցառումը:

Գալա ընթրիքին ներկա էին մի շարք հայտնի մարդիկ, միջոցառմանը ելույթ ունեցան Սոֆի Մխեյանը, Գարիկն ու Սոնան, Էրիկը և Արամ MP3-ն:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

«Բարությունն է փրկելու աշխարհը». «Հայ մայրերի» գալա ընթրիքն ու հայտնի հյուրերը