«Թեմաները նույնքան անսպառ են, որքան նոր սկանդալներն ու լուրերը». «Արմքոմեդիի» տղաները նոր սթենդափ կունենան Երևանում
«Էկո, օրգանիկ սթենդ ափ». այս խորագրով «Արմքոմեդիի» տղաները՝ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, նոյեմբերի 16-ին ու 23-ին ներկայացում կունենան Սունդուկյանի անվան թատրոնում: Քաղաքական երգիծանքի ներկայացուցիչներն այս անգամ կներկայանան ոչ միայն քաղաքական, այլև ապաքաղաքական թեմաներով՝ փորձելով ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ, ինչպես հասկանալ, որ կանայք ֆլիրտ են անում ձեզ հետ:
Tert.am Life-ը զրուցել է տղաների հետ ու ներկայացնում է, թե ինչ սպասել նրանց սթենդափից:
«Պատրաստել ենք բոլորովին նոր ծրագիր, ոչ մի համար կամ հատված նախորդ սթենդափերից չի լինելու։ Կոնկրետանալու ենք մեր նախորդ՝ «Մեծ, չաղ հայկական սթենդափից» հետո տեղի ունեցած զարգացումների, նոր թրենդերի վրա, ներկայացնելու ենք օրգանիկ և էկո ապրելակերպի մուտքը մեր կյանք, կոնսյումերիզմը, բայց լինելու են նաև հավերժ թեմաներ, ինչպիսին են կին-տղամարդ հարաբերությունները և պասուց դոլման,- ասաց Նարեկը, Սերգեյն էլ հավելեց,- Փորձելու ենք հասկանալ ամեն հայկական երևույթ՝ ինչու են հայերը կռվում, ինչու են բարիշում, ինչու են աղբը նետում փողոցում, ինչու են ստեղծում սպիդի դեմ դեղ, իսկ հետո փակում այդ կլինիկան»։

Հայկական իրականությունը բավականին քաղաքականացված է, շատ թեմաներ համացանցում արագ տարածվում ու լայն քննարկման առարկա են դառնում՝ այսպիսով` բարդացնելով սթենդափերների գործը՝ գտնել արդիական և չչարչրկված թեմաներ: Սերգեյին այս հարցը չի անհանգստացնում: Ըստ նրա՝ թեմաները նույնքան անսպառ են, որքան նոր սկանդալներն ու լուրերը. «Մի քանի ամիս առաջ ո՞վ կմտածեր, որ երեք կենգուրու կարող են դառնալ ամենահայտնի կենդանին Երևանում, իսկ հիմա հենց այդպես է։ Այնպես որ, խնդիրը, որպես կանոն, թեմաները չափազանց շատ լինելն է»:
Նարեկն էլ նկատեց, որ հասարակությունն այսօր շատ տեղեկացված է, բայց որքան արագ ու բուռն քննարկում, նույնքան արագ էլ մոռանում է թեմաները: «Շնորհիվ Ֆեյսբուքի յուրաքանչյուր հայ այսօր նույնքան տեղեկացված է քաղաքական անցուդարձից, որքան 10 տարի առաջ ինչ-որ նախարարության բավականին լավ աշխատող մամուլի քարտուղարը։ Չգիտեմ, ինչու ենք մեր ուղեղներում պահում այդ՝ հաճախ ավելորդ ինֆորմացիան, բայց պահում ենք, չէ՞։ Կա նաև մեկ այլ կողմ, որքան արագ քննարկում ենք թեմաները, նույնքան արագ էլ մոռանում ենք դրանք, որովհետև նոր թեմա է մտնում թրենդի մեջ։ Սթենդափն այդ առումով ամեն ինչը դիտարկելու է կոմպլեքսի մեջ՝ մի փոքր փիլիսոփայական տեսանկյունից», ասաց նա:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս ներկայացման ժամանակ տղաներն անդրադառնալու են նաև ապաքաղաքական թեմաների: Սերգեյը խոստացավ, որ սթենդափի ապաքաղաքական մասը կլինի շատ և լիաթոք. «Նույն մութ ուժերի և լույսի ուժերի մշակութային բախումներն արդեն այնքան լայն ու սոցիալական հնչեղություն են ստացել, որ կարելի է կես ժամ վերլուծել հայ քյարթի հիսուն երանգները առանց որևէ քաղաքական խոսքի»:

Նարեկը շեշտեց, որ սթենդափը կազմակերպելու պատճառներից մեկը «Արմքոմեդի»-ի՝ քաղաքական ձևաչափից դուրս գալն է. «Կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք մեզ հուզում են՝ ինչու ենք մարդիկ պատրաստ մազ կտրելու համար 3 անգամ թանկ վճարել, երբ վարսավիրանոցը կոչվում է barbershop, ինչպես հասկանալ, որ կանայք ֆլիրտ են անում ձեզ հետ, մինչև հունվարի քանիսը կարելի է շնորհավորել Նոր տարին և այլն»:
Իրենց նախորդ՝ «Մեծ, չաղ հայկական սթենդափից» հետո տղաներն արել են որոշ հետևություններ: Սերգեյի խոսքով՝ փորձել են շատ ավելի մտերմիկ և ինտերակտիվ դարձնել ծրագիրը, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահից էլ տեղափոխվել են սունդուկյանի անվան թատրոն: «Դահլիճն ավելի քիփլիկ ենք վերցնել, որ իրար դեմքեր տեսնենք։ Այս անգամ, բացի բուն մենախոսություններից որոշել ենք նաև երկուսով մի քանի համար ներկայացնել»,- ասաց Սերգեյը: Նարեկն էլ նկատեց, որ նախորդ տարի իրենց առաջին փորձն էր ներկայանալ մեծ դահլիճում, սթենդափ անել Երևանից դուրս. «Մեծ հաշվով, երկուսն էլ այնքան հավանեցինք, որ այս տարի նույնպես ֆորմատը պահում ենք։ Նոյեմբերի 30-ին համերգ ունենք Վանաձորում։ Իսկ Երևանում նոյեմբերի 16–ին ու 23֊ին Սունդուկյանի անվան թատրոնում ենք, այսինքն, որը ևս բավականին մեծ բեմ է»:
Վերջին տարիներին Երևանում ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում սթենդափ ժանրով ներկայանալը, ոմանք փորձում են ելույթը համալրել նաև վիզուալ էֆեկտներով: Տղաները կներկայանան դասական ձևաչափում, շեշտադրումը կլինի իրենց խոսքի վրա: «Հսկայական տիրանոզավր, լազերային եռաչափ շոու պատերի վրա և հատուկ Ռուսաստանից հրավիրված Black Star-ի արտիստներ... չեն լինելու,- իրեն բնորոշ հումորով ասաց Նարեկն ու հավելեց,- Լինելու է սթենդափ, համեմված սքեթչերով և տարատեսակ այլ ֆորմատներով։ Սերգեյը ճնշում է գործադրում վրաս, որ երգեմ։ Դեռ դիմադրում եմ։)»:







