Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան երկրորդ հանդիպումից մինչև Նաիրա Զոհրաբյանի ոճափոխություն. «Արմքոմեդիի» սթենդ-ափի հետաքրքիր դրվագները

14:49 • 18.11.19

Իսկ դուք գիտե՞ք՝ ով է «Արմքոմեդիին» ամեն անգամ շնորհակալություն հայտնում իրեն անդրադառնալու և հումորի թիրախում պահելու համար՝ Խաչիկ Ասրյանը. այս բացահայտումը տղաներն արեցին նախագծի 10-ամյակին նվիրված սթենդ-ափի ժամանակ: «Էկո, օրգանիկ սթենդ ափ»-ին Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը հումորով ներկայացրին ոչ միայն հայերին բնորոշ առօրյա իրավիճակներն ու միջադեպերը, այլև իրենց պրիզմայով անցկացրին հին ու նոր քաղաքական գործիչներին:

Tert.am Life--ը ներկայացնում է «Արմքոմեդիի» սթենդ-ափի հետաքրքիր դրվագները:

Գալուստ Սահակյան, Նաիրա Զոհրաբյան, Խաչիկ Ասրյան. «Արմքոմեդիում» դասական դարձած հերոսների կողքին հայտնվել են նորերը, նրանց առաջնորդում է Գևորգ Պետրոսյանը, ով սթենդ-ափի «գլխավոր հերոսներից» մեկն էր:

Տղաները նկատեցին, որ իրենց նոր հերոսները մարդիկ են, որոնք ժամանակին վիդեոբոցեր էին ուղարկում «Արմքոմեդիին», թեև նաև նշեցին, որ շատերը քաղաքականություն մտնելուց հետո կորցրել են հումորի զգացումը:

Ի տարբերություն նախորդ ներկայացման, երբ տղաները ներկայացան միայն անհատական սթենդափերով, այս անգամ կային նաև համատեղ սքեթչեր, որոնցից առավել բուռն ընդունվեց Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան երկրորդ հանդիպումը:

«Լավ ա, ոչինչ չմոռացա». սա առաջին բանն էր, որ ասաց Նարեկը ելույթից հետո հետնաբեմ գալով, թեև իմպրովիզներ էլ, միանշանակ, եղել են: «Սքեթչերում մինչև վերջին պահը լիարժեք չես պատկերացնում, թե ինչպես ես խաղալու այս կամ այն պահը: Դրա համար շատ բան տեղում է ստացվում, հատկապես, եթե բեմում երկուսով ենք»,- ասաց Սերգեյը:

Հանդիսատեսի արձագանքը հաճախ ստիպում է փոփոխություններ անել սցենարում: Նարեկը նշեց, որ որոշ կատակներ փորձարկել էին տարբեր մարդկանց մոտ, թեև հանդիսատեսի արձագանքը ոչ միշտ էր կանխատեսելի. «Շատ տեղերում արձագանքն ավելի ուժեղ էր, քան սպասում էի, ինչ-որ տեղերում այն չէր, ինչ սպասում էի, սակայն, ընդհանուր առմամբ, շատ լավ էր: Դահլիճն էլ շատ «սթենդափային»: Հանդիսատեսին մոտ էինք, կարծում եմ, հանդիսատեսի հետ կապը ստացվեց»:

Իր ելույթի սցենարը գրելուց բացի տղաներից յուրաքանչյուրը միջամտել է նաև մյուսի աշխատանքին, խորհուրդներ տվել, փոփոխություններ առաջարկել: Սցենարը գրելուց հետո նրանք ամենախիստ քննադատն են իրար համար:

«Սցենարն ավարտելուց հետո, անպայման, կարդում ենք իրար համար, կիսվում խորհուրդներով ու նկատառումներով: Կողքից հայացքը շատ կարևոր է»,- ասաց Սերգեյը, Նարեկն էլ հավելեց. «Եվ դա ամենադաժանն է: Երբ կարդում ենք իրար համար, գրեթե, չենք ծիծաղում, ինչը պրոֆեսիոնալ «մաշվածության» նշան է»:

Տղաներից հետաքրքրվեցինք, թե ինչ հուշումներ են արել իրար: «Ես Նարեկին հուշեցի, որ հայկական  ինքնաթիռներին մասին խոսելիս խորովածը կարելի է «խորովածի պարով» բերել: Շատ կարևոր պահ»,- ասաց Սերգեյը: Իր հերթին Նարեկը գործընկերոջը հուշել է ինչպես անել փակումը. «Առաջարկեցի եզրափակել «թուրքի մերը» արտահայտությամբ, որովհետև շատ բարձր նոտա է, դրանից ավելի թոփ չէր վերցնի»:

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի 

Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան երկրորդ հանդիպումից մինչև Նաիրա Զոհրաբյանի ոճափոխություն. «Արմքոմեդիի» սթենդ-ափի հետաքրքիր դրվագները