Միհրան Ծառուկյանի հուզիչ խոստովանությունն իր մայրիկին, նրա առաջ ծնկի գալը, մենահամերգի մյուս հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

11:45 • 18.11.19

Նա 13 տարի է՝ բեմում է, սակայն առաջին անգամ մենահամերգ ունեցավ Երևանում. Միհրան Ծառուկյանի երևանյան մենահամերգը երկար սպասված էր ոչ միայն երկրպագուների, այլև իր համար: Երգիչն այս օրվան երկար էր նախապատրաստվել, իսկ օրվա համար ընտրել էր «Սիրո կինո» խորագիրը:

Մեկնարկից առաջ նա Tert.am Life-ին ասաց, որ համերգին ներկա լինելուց հետո կհասկանանք, որ այն իսկապես «Սիրո կինո» է, այդպես էլ եղավ, իսկ երգչի՝ ամուսնության անակնկալ առաջարկությունը սիրելիին՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանին, ամբողջացրեց «Սիրո կինոյի» դրվագները:

«Ամեն ինչ սկսվեց «Սիրո կինոյով», դրա համար ընտրեցինք այդ խորագիրը: Համերգն ամբողջովին «Սիրո կինո» է: Ամեն ինչ անելու եմ իմ հանդիսատեսին գոհացնելու համար, շատ պատասխանատու պահ է»,- ասաց երգիչն ու շտապեց բեմ: Համերգից հետո նա խոստովանեց՝ սկզբում հուզմունքը շատ մեծ էր, բայց երկրպագուների շնորհիվ ամեն բան իր տեղն ընկավ:

«Սկզբում շատ հուզված էի, հետո, տեսնելով հանդիսատեսի ջերմությունը, մեծ ուժ ստացա, սկսեցի ավելի ազատ զգալ բեմում: Շնորհակալ եմ բոլորին, որ եկան ու օրս տուն դարձրին»,- ասաց երգիչը:

Համերգը հագեցած էր լուսային շոուով, վիզուալ լուծումներով: Այս ամենի համար երգիչը շնորհակալություն հայտնեց ռեժիսոր Արթուր Մանուկյանին:

Երեկոյի ընթացքում երգիչը մի քանի խոստովանություն արեց, ամենահուզիչ պահերից մեկը մայրիկին նվիրված երգի կատարումն էր: Միհրանը հուզեց նաև իր մայրիկին:

«Կային պահեր, երբ ես ինքս ինձ չէի հավատում, բայց մայրիկս միշտ հավատում էր ինձ: Նրա ամենասիրելի երգն այսօր չեմ երգելու, սակայն կկատարեմ իրեն նվիրված երգս»,- ասաց երգիչը ու շնորհակալություն հայտնեց մայրիկին: Վերջինս հուզմունքն աչքերում հետևում էր որդու կատարմանը: Երգը կատարելուց հետո Միհրանը ծնկի եկավ մայրիկի առաջ:

«Չեք պատկերացնի ինչպես եմ պատրաստվել այս օրվան: Իմ սիրելի կինոյի կադրերը հերթով աչքիս առաջ են գալիս: Եղել են շատ դժվար պահեր, բայց կային մարդիկ, որոնք ինձ թևեր էին տալիս: Վստահ ասում եմ, որ հենց դուք եք իմ սիրո կինոյի ամենակարևոր կադրերը: Շնորհակալ եմ»,- ասաց երգիչը՝ դիմելով երկրպագուներին:

Երեկոյի ընթացքում հնչեցին նաև երգչի զուգերգերը: Միհրանը զուգերգ կատարեց ոչ միայն սիրելիի՝ Արփի Գաբրիելյանի հետ, այլև Անդոյի, Ռաֆոյի և Ռիչարդ Մադլենյանի հետ կատակերգը, փոքրիկ երգչուհի Արմինե Մանուկյանի հետ դուետն: Բացի այդ, իր երգերից մեկը կատարեց երկրպագուհու հետ, որը հաղթել էր նախապես հայտարարված մրցույթում:

Թե ինչու երևանյան համերգը միայն հիմա կայացավ, երգիչը հստակ պատասխան չունի: Ասում է՝ երևի հիմա էր ժամանակը: «Այսօր երիտասարդների միջազգային օրն է: Ավելի լավ օր համերգս լինել չէր կարող: Հուսով եմ՝ ստացվեց նրանց լավ երեկո պատվիրել: Փառք Աստծո, ամեն ինչ լավ անցավ, այնպես, ինչպես ուզում էի»,- ասաց Միհրանը:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի 

Միհրան Ծառուկյանի հուզիչ խոստովանությունն իր մայրիկին, նրա առաջ ծնկի գալը, մենահամերգի մյուս հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը