Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

21:34 • 21.12.19

Երևանում քիչ առաջ վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը՝ ազդարարելով տոնական միջոցառումների մեկնարկը: Քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց մյուզիքլով:

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր խոսքում ասաց. «Երևանցիներս բացառիկ մարդիկ ենք և 2018 թվականին ապացուցեցինք դա: Մենք գիտենք միասին և միասնական դիմակայել դժվարություններին: 2019 երևանցիներիս համար եղան դժվարություններ, որոնք հաղթահարեցինք միասին: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ, շնորհակալ եմ ճակատագրին ձեզ հետ նույն քաղաքում ապրելու բախտին արժանանալու համար: 2019-ին մենք  միասին լուծեցինք անցյալից մնացած մի քանի  խնդիր, միևնույն ժամանակ, ցանեցինք այն սերմերը, որոնց պտուղները ճաշակելու ենք մոտակա տարիներին ու տասնամյակներին: Մենք ստեղծել ու ստեղծում ենք համակարգեր, որոնց միջոցով մեր քաղաքը գնալով ծաղկելու է, իսկ այսօր մենք մեր երեխաների հետ սպասում ենք ամանորյա հրաշքին: Հեքիաթային ներկայացումից հետո ես կմոտենամ մեր գեղեցկուհուն և կվառենք  երկրի գլխավոր տոնածառի լույսերը՝ հայտարարելով 2020 թվականի տոնական օրերի մեկնարկը մեր քաղաքում»:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առաջին տիկին Աննա Հակոբյանը:

Տոնածառի լույսերը վառելուն հաջորդեց համերգային ծրագիր, որի ժամանակ առաջինը ելույթ ունեցավ երգիչ Արամեն:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը