«Համի հետքերով». Գուրգեն Ջանիբեկյանն իր նոր նախագծում փորձում է գտնել հայտնիների «տրամադրության համը»

14:41 • 08.01.20

Դերասան Կարեն Ջանիբեկյանի և դրամատուրգ Աննա Աղասարյանի ավագ որդին՝ Գուրգեն Ջանիբեկյանը, օպերատոր դարձավ ծնողների որոշմամբ, սակայն հիմա ամեն առիթով երախտագիտությունն է հայտնում նրանց այս ընտրության համար: «Չեմ պատկերացնում, եթե ոչ այս ասպարեզը, ապա ուրիշ ի՞նչ»,- ասում է օպերատոր-լուսանկարիչը, որը վերջին տարիներին մասնագիտացել է ֆուդ լուսանկարչության մեջ, իսկ ամիսներ առաջ սկսել է «Համի հետքերով» հաղորդաշարը, որը ցանցաբնակներին առաջարկում է խոհանոցային հաղորդում՝ ոչ խոհանոցային ձևաչափով:

Գուրգենը սիրում է համեղ ուտել, ինչը նրան ստիպում է գնալ նոր համերի հետքերով: Tert.am Life-ը զրուցել է ինչպես Գուրգենի, այնպես էլ նախագծի պրոդյուսեր Անուշ Բադալյանի հետ:

Գուրգենից հետաքրքրվեցինք՝ արդյոք ժամանակին որոշեց գնալ ֆուդ լուսանկարչության ուղղությամբ, որովհետև Հայաստանում դաշտը բաց էր. «Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես բազմաժանր լուսանկարիչ եմ՝ սև ու սպիտակ լուսանկարչություն, մակրո լուսանկարչություն և այլն: Ընտրեցի ֆուդ լուսանկարչություն, որովհետև նախ՝ ես սիրում եմ համեղ ուտել՝ վայելել: Տարիներ առաջ ուսումնասիրելով ֆուդ լուսանկարչությունը՝ տարվեցի այդ ճյուղով և որոշեցի փորձել: Ինձ հաճույք է պատճառում, երբ լուսանկարներս կարող են ստիպել մարդկանց վեր կենալ ու գնալ կոնկրետ վայր՝ լուսանկարի ուտեստը փորձելու, վայելելու: Վերջին տարիներին սրճարանների, ռեստորանների, սննդի կետերի վերաբերմունքը ֆուդ լուսանկարչության նկատմամբ մեծ, դրական տեղաշարժ է ապրել»:

Հայաստանում ֆուդ լուսանկարչությունը, որպես առանձին ուղղություն, քչերն են ընկալում, այն նոր զարգացող ուղղություն է: Գուրգենն իր մոտեցումն ունի լուսանկարների և հոլովակների միջոցով մարդկանց տանից դուրս հանելու համար, կարևորում է ոչ միայն  լավ լուսանկար ստանալը, այլև համագործակցությունը խոհարարի հետ:

«Երբ կողքից հայացք ենք նետում ֆուդ լուսանկարներին, թվում է, թե «հոպլյա»՝ կվերցնես լավագույն լուսանկարչական սարքը, զոռ կտաս երևակայությանդ ու «շեդեվրը» պատրաստ է: Իրականում, որպեսզի կարողանաս լուսանկարի միջոցով փոխանցել ուտեստից հորդող ախորժակը, պետք է օգտագործել ֆուդ լուսանկարչության 3 ամենակարևոր հնարքները, բայց այդ մասին հիմա չեմ խոսի:) Մի քանի տարի առաջ, երբ նոր էի սկսում ֆուդ լուսանկարչությամբ զբաղվել, դաշտն ազատ էր, կարելի է ասել, ես առաջիններից եմ, ով Հայաստանում սկսել է ֆուդ լուսանկարչությամբ զբաղվել: Այսօր շատ լուսանկարիչներ են գնում այդ ուղղությամբ, չեմ կարող ասել, որ բոլորի մոտ ստացվում է այնպես, ինչպես իրականում պահանջում է ֆուդ լուսանկարչությունը: Մասնագիտական գաղտնիքները բազմազան են ու պայմանավորված լուսանկարչի տեխնիկայով, պրոֆեսիոնալիզմով, երևակայությամբ: Եթե արևմուտքում այս ոլորտում կա աշխատանքի բաժանում, մեզ մոտ գործը փոքր-ինչ բարդ է: Ես  համագործակցում եմ շեֆ-խոհարարի հետ, միտք տալիս, նրանք էլ  ոգևորվում են և սկսում ստեղծագործել, ուտեստի տեսքի մեջ ինչ-որ բան փոխել: Ինձ համար ֆուդ լուսանկարչությունն արվեստ է, ոչ միայն զուտ աշխատանք: Բացի լուսանկարչությունը որոշեցինք նաև հաղորդաշար սկսել՝ «Համի հետքերով», որը կարճ ժամանակահատվածում  հասցրեց հետաքրքիր ու սիրելի դառնալ»,- ընդգծեց նա:

Անուշն էլ պատմեց, որ նախագծի գաղափարն իրենն էր, Գուրգենի հետ քննարկում էին, թե ի՞նչ նոր համ կարող են ստեղծել ֆուդ ինդուստրիայում և ծնվեց միտքը՝ ունենալ նոր հաղորդաշար, որը նման չի լինի խոհանոցային այլ հաղորդումներին, իր ձևաչափով կլինի ոչ միայն հետաքրքիր, այլև փոքր-ինչ կրեատիվ: «Համեղ ուտել և համեղ ապրել սիրում ենք բոլորս: Համի զգայարանի շնորհիվ է միայն, որ մենք կարողանում ենք վայելել ուտեստները: Ես սիրում եմ խոհանոցը, սիրում եմ նոր համեր ստեղծել, սիրում եմ մարդկանց դրական էմոցիաներ պարգևել, թեկուզ և համի միջոցով: Շուրջ մեկ տարի խմորվելուց հետո ի վերջո կարողացանք կյանքի կոչել ամենահամեղ գաղափարներից մեկը՝ «Համի հետքերով» հաղորդումը: Հետո սկսվեցին հաղորդման սցենարային, կառուցվածքային մշակումները»,- ասաց Անուշը:

Ըստ պրոդյուսերի՝ իրենց համար բավականին դժվար էր՝ չկրկնվելու համար ուսումնասիրել են հայկական, եվրոպական, ռուսական խոհանոցային հաղորդումների մոդելները. «Հաղորդման ձևաչափն իրենից ներկայացնում է նոր համի ստեղծում, երբ բոլորիս ծանոթ սիրելի վայրում՝ ռեստորանում հանդիպում են հաղորդավարուհին, շեֆ-խոհարարը և մեզ ծանոթ հայտնի անձը: Հետաքրքիր զրույցի միջոցով շեֆ-խոհարարը փորձում է կռահել հյուրի օրվա համային տրամադրությունը և նրա պատվին ստեղծում նոր ուտեստ»:

Անհատական ուտեստ պատրաստելը փոքր-ինչ ռիսկային է, սակայն  Անուշը վստահեցրեց, որ դժգոհ հյուր դեռևս չեն ունեցել. «Մեր շեֆ-խոհարարները ոչ միայն իրենց վարպետությամբ չեն զիջում աշխարհահռչակ շեֆ-խոհարարներին, այլև հոգեբանի դեր են ստանձնում և ճիշտ նշանակետով կռահում հյուրի համային նախասիրությունները»:

Նախագծի գաղափարի հեղինակները կադրից դուրս են, հաղորդումը վարում է Էլեն Սահակյանը: «Մեր նպատակն էր ունենալ ոչ միայն մոնիտորից գրավչություն ներկայացնող  հաղորդավար կամ հաղորդավարուհի, այլև նոր դեմք, որը կփորձեր ջերմություն, համ ու հոտ փոխանցել դիտողին: Ընտրությունը կանգ առավ մոդել Էլեն Սահակյանի վրա»,- ասաց Անուշը:

Ինչ վերաբերում է համացանցից հեռուստատեսություն տեղափոխվելուն՝ պրոդյուսերը հայտնեց, որ ի սկզբանե նախատեսել էին հաղորդումը միմիայն Յութուբով հեռարձակել, որովհետև փորձում են ժամանակին համընթաց քայլել. «Եղել են առաջարկներ, որպեսզի հաղորդումը պաշտոնական իրավունքով հեռարձակվի հեռուստատեսությամբ, բայց մերժել ենք: Գուցե, մի օր մենք թույլ տանք այն հեռուստատեսությամբ էլ եթեր հեռարձակել, սակայն այս պահին այն միայն կլինի միայն Յութուբում»:

Գուրգենը նաև վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանում: ֆուդ լուսանկարչությունը ռեժիսորի այս աշխատանքը չի ստվերում, շարունակում է զբաղվել վավերագրությամբ և վստահ է՝ իր տեղը կգտնի ոչ միայն հայկական, այլև համաշխարհային կինեմատոգրաֆիայում:

«Իրականում ես դոկումենտալիստ եմ: Սիրում եմ կինեմատոգրաֆիայի այդ ուղղությունը: Վերջին նկարածս ֆիլմը՝ Վարդապետը, Կոմիտաս Վարդապետի մասին պատմող դոկումենտալ ֆիլմ է: Ամիսներ տևած նկարահանման ժամանակ ապրել եմ նկարահանման յուրաքանչյուր պահը: Ամեն պահ այնպիսի զգացողություն է եղել, որ Կոմիտասն ինձ հետ է, կարծես, նա է ուղղորդում նկարահանման ընթացքը: Բոլոր բջիջներով և երակներով զգացել եմ նրա ներկայությունը: Փոքր-ինչ միստիկական է, սակայն  փաստ: Հիմա աշխատում եմ դոկումենտալ նոր ֆիլմի վրա, որը կոչվում է «Արկաթ»: Վստահ եմ՝ մի օր առիթ կունենամ աշխատելու համաշխարհային ճանաչում ունեցող պրոֆեսիոնալների հետ և, որպես հայ արվեստագետ, իմ հետքը կթողնեմ նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայում»,- ասաց նա:

Ժամանակին ծնողները Գուրգենի համար ընտրել էին  օպերատորի մասնագիտությունը, քանի որ այն եկամտաբեր էր: Հարցին, թե այսօր Հայաստանում որքանո՞վ է այն եկամտաբեր, նա պատասխանեց. «Եկամտաբերության տեսանկյունից կարող եմ ասել, որ այսօր եկամտաբեր կարող է լինել այն, ինչ սիրով ես անում: Երբ աշխատանքում սեր ու էներգիա ես դնում, դա միանշանակ ստացված է , հակառակ դեպքում, ես չեմ կարող աշխատել: Սա կարծում եմ  յուրաքանչյուր արվեստագետին բնորոշ է: Սիրած աշխատանքում լավագույն արդյունքի հասնելու համար հարկավոր է մի պտղունց համ՝ սեր, հաճույք, պրոֆեսիոնալիզմ»:

«Համի հետքերով». Գուրգեն Ջանիբեկյանն իր նոր նախագծում փորձում է գտնել հայտնիների «տրամադրության համը»