Երաժիշտ Արամ Այրումյանը՝ հայտնիների հետ համագործակցության և սպասվող նորությունների մասին
Երաժիշտ Արամ Այրումյանին հայկական շոու բիզնեսում ճանաչում են որպես լավագույն համերգային գործիքավորողներից մեկը, հայ հայտնիներից շատերի համերգային կատարումները հենց նա է գործիքավորում: 2017-ին նա Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով:
Գործունեության այս փուլում Արամը որոշել է զարգացնել գործունեության ևս երկու ուղղություն՝ ավելի հաճախ ներկայացնել իր երաժշտությունն ու երգեր գրել էստրադային երգիչների համար:
Երաժիշտը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է տարիների գործունեության և առաջիկայում իր հեղինակային երգերն ավելի ակտիվ ներկայացնելու մասին:

Երաժշտությունն Արամի մեծ սերն է. 7 տարեկանից հաճախել է երաժշտական դպրոց և հասկացել, որ այս ոլորտում է տեսնում իր ապագան, հետագայում կրթություն է ստացել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիայում: Մասնագիտությամբ դաշնակահար է, հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների համերգների ժամանակ ստեղնաշարային գործիքներ է նվագում: Վերջինը ներկայացել է երգիչ Արամեի ամերիկյան մենահամերգի ժամանակ: 2019-ը հագեցած է եղել նաև այլ համերգներով, այդ թվում՝ Ռազմիկ Ամյանի, Մարտին Մկրտչյանի, Աիդա Սարգսյանի հետ:
Ժամանակին Արամը եղել է Սիլվա Հակոբյանի երաժշտախմբի ղեկավարը, ավելի ուշ ղեկավարել է Մարտին Մկրտչյանի երաժշտական խումբը:
Իր գործունեության ամենահաջող շրջանը նա համարում է մեկնարկը: «Ամեն ինչ սկսվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի հետ համագործակցությունից: Այդ ժամանակ նա կատարել էր «Գլադիատոր» ֆիլմի սաունդթրեքը և մեծ շրջագայության էր պատրաստվում: 19-20 տարեկան էի, երբ նրա հետ առաջին անգամ մեկնեցի համերգային շրջագայության: Շատ տպավորիչ էր: Դա իմ գորգործունեության սկիզբն էր, որը շատ բուռն ու ոգևորիչ էր. ոչ միայն պրոֆեսիոնալների հետ աշխատելու հնարավորություն էի ստացել, այլև շատ հետաքրքիր օրեր էինք ունենում, մեծ թիմով մեկնում էինք արտերկիր, ճանաչում աշխարհը: Դրանից հետո աշխատեցի Արա Գևորգյանի հետ, ապա սկսեցի համագործակցել էստրադային երգիչների հետ: Այս տարիների ընթացքում եղել ենք աշխարհի տարբեր ծայրերում, 15 տարի աշխատել եմ նաև Պարի պետական անսամբլի հետ: Շրջագայությունների պակաս չենք ունեցել»,- ասաց նա ու հիշեց, որ տարիներ առաջ համերգները շատ ավելի ջերմ մթնոլորտում էին անցնում:

«Մարդիկ հիմա էլ մեծ ոգևորությամբ են սպասում իրենց սիրելի արտիստներին, բայց տարիներ առաջ բոլորովին այլ մթնոլորտ էր: 2010-2011 թվականներին սպասումը շատ ավելի բուռն էր, մարդկանց մեջ ավելի մեծ կարոտ կար: Հիմա և՛ արտիստներն են շատացել, և՛ ավելի հաճախ են գնում համերգների, մարդիկ չեն հասցնում կարոտել: Համացանցի միջոցով էլ երգիչները շատ ավելի հասանելի են դարձել»,- ասաց նա:
1 տարի է, ինչ երաժիշտն ԱՄՆ-ում է գործունեություն ծավալում: Նա հիշեց, որ տարիներ առաջ առաջին անգամ ԱՄՆ մեկնել է Սիլվա Հակոբյանի հետ, երբ ղեկավարում էր նրա երաժշտախումբը: Ամերիկաբնակ հանդիսատեսին Արամը ներկայացել է նաև Լիլիթ Հովհաննիսյանի ու Միհրան Ծառուկյանի առաջին համատեղ համերգի ժամանակ:
Համերգային գործիքավորումները երաժիշտը մեծ սիրով է անում: Արդեն սիրված ու ճանաչված երգերը փոփոխություններով, համերգային ձևաչափին հարմարեցված տարբերակով ներկայացնելն ու հանդիսատեսի բուռն արձագանքը որսալը նրան ոգևորում են և մեծ էներգիա տալիս: Ասում է՝ ամեն անգամ համերգներին հասկանում է, որ մինչև այդ տարված երկարատև աշխատանքը զուր չէր:

Ըստ Արամի՝ աշխատանքի և պահանջարկի խնդիր երբևէ չի առաջանում, որովհետև լավ երաժիշտը միշտ է պահանջարկ ունի՝ լինի Հայաստանո՞ւմ, թե՝ արտերկրում: «Հայաստանում երաժշտական գործունեությունն ավելի բուռն է, զարգանալու հնարավորությունը՝ ավելի մեծ, որովհետև մրցակցությունը քիչ է, հեշտ է հաստատվել ոլորտում: Եթե լավ գործիքավորող ես, միշտ աշխատանք կունենաս, կկարողանաս լավ համերգներ գործիքավորել»,- ասաց նա ու հավելեց, որ հայկական շոու բիզնեսի բոլոր ներկայացուցիչների հետ էլ հեշտությամբ է աշխատել: Որպես ամենապահանջկոտ երգիչ նա առանձնացրեց Մարտին Մկրտչյանին, բայց և հավելեց, որ նրա հետ աշխատում են փոխադարձ վստահության ջերմ մթնոլորտում:
2016-ին Արամը լսարանին ներկայացրեց իր հեղինակային «Երևանյան» ստեղծագործության տեսահոլովակը: Երաժիշտը գործիքային ստեղծագործություններ շատ է գրել, որոշել է առաջիկայում առավել ակտիվ ներկայացնել դրանք:
««Երևանյանը» բավականին սիրվեց: Այս պահին աշխատում եմ նոր երգի վրա: Շուտով տեսահոլովակ եմ նկարահանելու: Հուսով եմ՝ այս աշխատանքը նույն կերպ կընդունվի»,- ասաց նա ու հավելեց, որ այս շրջանում որոշել է գործիքավորումներից բացի զարգացնել ևս 2 ուղղություն՝ ներկայացնել իր գործիքային երաժշտությունն ու երգեր գրել երգիչների համար:
«Միշտ ստեղծագործել եմ, բայց նախկինում երգերի երաժշտություններ չէի գրում: Վերջերս որոշեցի փորձել ու հասկացանք, որ լավ է ստացվում: Մի երգ ունեմ գրած Մարտին Մկրտչյանի համար: Առաջիկայում ավելի կզարգացնեմ գործունեությանս այս ուղղությունը»,- ասաց նա ու նկատեց, որ վերջին շրջանում պարբերաբար ընդլայնում է գործունեության դաշտը. նախորդ տարի ընկերոջ հետ համերգ կազմակերպելու փորձ են ունեցել՝ ԱՄՆ-ում կազմակերպել են Ֆորշի համերգն ու հաջողել նաև այս ոլորտում:










