«Ես ու ամուսինս կարևորում ենք միայն երկուսով հանգստի մեկնելը»․ Գոհար Հարությունյանը՝ առանց երեխաների Ֆրանսիա և Իտալիա մեկնելու մասին

15:38 • 27.01.20

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը տիտղոսակիր գեղեցկուհի լինելուց բացի նաև 5 փոքրիկի մայրիկ է։ Ընտանեկան ակտիվ հանգիստներից բացի մոդելն ու ամուսինը կարևորում են առանց երեխաների հագստի մեկնելը:

Զույգը նոր է վերադարձել Ֆրանսիա և Իտալիա կատարած ճանապարհորդությունից։ Գոհարը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է հանգստի ու փոքրիկներից հեռու լինելու բարդության մասին։  

Ըստ նրա, երբ երեխաներն ընտանիքում շատ են, կարևոր է, որ ամուսինները տարվա ընթացքում գոնե մեկ անգամ ժամանակ հատկացնեն իրար ու առանց փոքրիկների մեկնեն հանգստի։ Երեխաներից հեռու հանգիստը, ըստ մայրիկի, ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։

«Շատ երկրներ կան, ուր ես ու ամուսինս ուզում ենք միասին գնալ, այդ թվում՝ Իսպանիա և ԱՄՆ,  սակայն դեռ չենք հասցրել: Ես հինգ տարի ապրել եմ Միացյալ Նահանգներում, սակայն 2005-ին վերադարձա ու այլևս չեմ մեկնել։ Սովորաբար, վերջին րոպեներին ենք որոշում, թե ուր ենք ուզում մեկնել։ Այս անգամ 10 օրով գնացինք Իտալիա ու Ֆրանսիա։ Բավականին հետաքրքիր վայրերում եղանք»,- ասաց Գոհարը։

Այս տարիների ընթացքում բոլոր ճամփորդություններից Գոհարն առանձնացրեց ասիական երկրներ մեկնելը: Ըստ նրա՝ երկրորդ անգամ այնտեղ չեն մեկնի․ «Ասիական երկրներում շատ բարդություններ ունեցանք։ Տեղացիներին ինչ-որ բան հասկացնելը, երբեմն, լուրջ խնդիր էր, քանի որ անգամ անգլերենի չէին տիրապետում»։

Գոհարի խոսքով՝ ինքն ու ամուսինը ճանապարհորդելու սիրահար են, սակայն երեխաների հետ դա շատ բարդ է, երբեմն էլ, անհնար։ «Երեխաներից բաժանումն ամեն տարի ավելի բարդ է դառնում։ Երբ փոքրիկներս մի քիչ էլ մեծանան, կփորձենք տոներն էլ երկրից դուրս նշել։ Երեխաներս շատ շարժուն են, իրենց հետ անգամ տանից դուրս գալն է բարդ, ուր մնաց՝ երկրից դուրս գնալը։ Երբեմն փորձում ենք փոքրիկներին թողնել տանը, մեծ երեխաների հետ ինչ-որ տեղ գնալ։ Իհարկե, երեխաների համար ևս հանգիստ կազմակերպում ենք, ամբողջ ընտանիքով գնում ենք ծով։  Մեր պարագայում ոչ երեխաների հետ է ստացվում լիարժեք հանգստանալ, ոչ էլ առանց նրանց․ երբ մեզ հետ են, իրենք են անհանգիստ, երբ մենակ ենք, մենք ենք անհանգիստ, անընդհատ մտածում ենք իրենց մասին»,- ասաց Գոհարը ու հավեեց, որ իրենք առաջնային մտածում են փոքրիկների հարմարավետության մասին։

«Չենք ուզում երեխաներին ավելորդ տանջել ճանապարհների վրա, որովհետև թռիչքներն իսկապես ծանր են փոքրիկների համար։ Բացի այդ, մեծ երեխաներս դպրոցական են, չենք ուզում դասերից հետ մնան։ Եթե նպատակաուղղված հանգստի՝ ծով չենք գնում, երեխաներին հեռու ենք պահում ինքնաթիռներից ու ճանապարհներից»,-ասաց Գոհարը։

Նրա խոսքով՝ երեխաներն այս կերպ նաև ինքնուրույնություն են սովորում և ավելի հոգատար են դառնում իրար հանդեպ․ «Ամեն անգամ վերադառնալիս երեխաների մեջ շատ մեծ փոփոխություն եմ զգում, իրենք ավելի հավաքված, ինքնուրույն են դառնում։  Հետաքրքիր է, որ դպրոցում էլ են դա նկատում ու ինձ հարցնում են, թե ինչ ենք անում, որ նրանք այդքան հավաք են։ Կարծում եմ՝ երբեմն պետք է երեխաներին մղել ինքնուրույնության, որպեսզի նրանք սովորեն իրար հանդեպ ավելի ուշադիր ու հոգատար դառնալ։ Հանգստի մեկնելիս եմ երեխաներիս թողնում եմ տատիկի խնամքին։ Ավագ քույրիկներն էլ իրենց հերթին շատ լավ խնամում են փոքրերին, զբաղվում են նրանց հետ»։  

Ըստ Գոհարի՝ իր համար ամենասիրելի պահը տուն վերադառնալիս երեխաների հետ հանդիպումն է․ «Այնքան հետաքրքիր պահ է․ ամեն մեկը յուրովի է արտահայտում կարոտը՝ մեկը լացում է, մյուսն ուրախանում, մեկն ասում է, թե նեղացել է ու այդպես շարունակ։  Այնքան բուռն են արձագանքում մեր վերադարձին»:

«Ես ու ամուսինս կարևորում ենք միայն երկուսով հանգստի մեկնելը»․ Գոհար Հարությունյանը՝ առանց երեխաների Ֆրանսիա և Իտալիա մեկնելու մասին