Ելենա Վարդանյանը որդու 2-ամյակի խնջույքն ու ծնողների մատուցած նվերը

15:49 • 04.02.20

Տարվա ամենասպասված ամսաթիվը՝ 02․02․2020-ը առանձնահատուկ նշանակություն ուներ դերասանուհի Ելենա Վարդանյանի ընտանիքի համար։ Դերասանուհու որդին՝ Ալեքսանդրը, դարձել է 2 տարեկան։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես են անցկացրել տոնական օրը և ինչ նվերով են ուրախացրել փոքրիկին։

Ելենան նշեց, որ իրենք պատահաբար են նկատել խորհրդավոր ամսաթիվն ու անչափ ուրախացել, որ ամսաթվի 2-ներին գումարվել է նաև այն, որ իրենց փոքրիկը դարձել է հենց 2 տարեկան:

«Որոշեցինք Սաշինկայի 2-ամյակն ընտանեկան միջավայրում նշել, քանի որ նա շատ փոքրիկ է։ Նախապես ոչինչ չէինք կազմակերպել։ Ընտանիքով, հարազատներով ու ընկերներով գնացել էինք մեր ամառանոց ու մեր որդու հետ շատ ջերմ, լավ օր ունեցանք։ Իհարկե, մեր ընկերների փոքրիկները ևս եկել էին Սաշինկային շնորհավորելու։ Իրենք էլ իրենց համար էին ուրախանում»,- ասաց Ելենան:  

Խոսելով փոքրիկի նվերների մասին՝ դերասանուհին ասաց․ «Նվերի հարցում դեռ ինքնուրույն չի կողմնորոշվում։ Այն, ինչը նվիրել ենք, մեր նախասիրությամբ է եղել։ Հայրիկի հետ նրա համար փոքրիկների համար նախատեսված ավտոմեքենա ենք գնել, ինչը Սաշային, իսկապես, շատ տպավորեց ու ուրախացրեց։ Նա միանգամից թռավ, աշխուժացավ, սակայն դեռ շատ փոքրիկ է, այդ մեծ ավտոմեքենայի հետ ոչինչ չէր կարողանում անել»։

Ելենան ասաց, որ որդին շատ աշխույժ փոքրիկ է և բոլորի տրամադրությունը միշտ բարձրացնում է իր ներկայությամբ՝ անկախ տոնակա՞ն օր է, թե՞ ոչ․ «Սաշինկաս շատ է սիրում երաժշտություն, վառ գունավոր աքսեսուարներ ու խաղալիքներ, սիրում է, երբ ամեն ինչ լուսավոր է լինում։  Մենք իրեն ուրախացրինք, որովհետև տունն ամբողջությամբ զարդարել էինք։  Իր պահվածքից և ուրախությունից հասկանալի էր, որ իրեն ամեն ինչ շատ է դուր եկել»։

Դերասանուհու խոսքով՝ փոքրիկը ինչ-որ չափով գիտակցում էր, որ օրն իրենց ընտանիքի համար առանձնահատուկ է․ «Մենք մեր փոքրիկին այնքան ենք սիրում, նա միշտ այնքան սիրով է շրջապատված, որ իր համար ամեն օրը տոնական է։ Կարծում եմ՝ զգում էր, որ դա առանձնահատուկ օր է, իր օրն է։ Անկեղծ եմ ասում, մեր տանը միշտ ուրախ մթնոլորտ է, բոլորս ժպիտով ենք, Սաշան էլ իր հերթին է բոլորիս ուրախացնում։ Բոլորիս ուշադրությունը, ինչպես միշտ, նվիրված էր միայն ու միայն իրեն։ Ամեն դեպքում, աչուկներից պարզ էր, որ հասկանում է՝ ամեն ինչ հանուն իրեն և իր համար ենք անում»։

Ելենա Վարդանյանը որդու 2-ամյակի խնջույքն ու ծնողների մատուցած նվերը