Մոտիվացնող նոր նախագիծ՝ «Շնչիր»
21TV-ի գլխավոր պրոդյուսեր, հաղորդավար Գոռ Հարությունյանը մեկ տարի է՝ զբաղվում է նոր նախագծով, որի նպատակն է օգնել մարդկանց իրականությունն ընկալել այլ դիտանկյունից և չծանրացնել այն: Նրա «Շնչիր» նախագիծն իր մեջ ներառում է դասաժամանցներ, աուդիո և տեսահոլովակներ, ամենօրյա մոտիվացնող փոստեր ֆեյսբուքյան էջում։ Ավելի ուշ նա կթողարկի նաև գրքեր:
Tert.am Life-ը ներկա է եղել «Շնչիր»-ի առաջին՝ «Ես սիրում եմ սթրեսը» տարօրինակ անվանումով դասաժամանցին և զրուցել Գոռի հետ։
«Մեկ տարի առաջ, թերթելով ֆեյսբուքյան նյուզֆիդը, որոշեցի սկսել մի նախագիծ, որը մարդկանց կօգնի կենտրոնանալ սեփական «ես»֊ի զարգացման վրա` փոխելու իրենց և իրենց շրջապատը, ընտանիքը, համայնքը, քաղաքը, երկիրը ու, ինչու չէ, աշխարհը։ Ուսումնասիրեցի նյարդաճանաչողական ու վարքագծային մոտեցման տեսությունը, հարցումներ անցկացրի, կազմեցի առաջին երեք դասաժամանցները ու հիմա սկսել եմ այն ներկայացնել տարբեր ընկերություններում, ուսումնական հաստատություններում և անհատների շրջանում։ Ես դրանք անվանում եմ դասաժամանց, որովհետև սրանք շփումներ են` քիչ եզրույթներով, կյանքից վերցրած օրինակներով, որոնց ընթացքում մարդիկ իրենց համար բացահայտումներ են անում, քննում իրենց «ես»֊ը և հասկանում, որ կան բաներ, որոնց չարժե այդքան լուրջ վերաբերվել»,- ասաց Գոռը։

Նախագծի հեղինակը մեկնաբանեց, թե ինչո՞ւ է ընտրել հենց «Ես սիրում եմ սթրեսը» խորագիրը․ «Երբ հասկանում ես, թե ինչ է հուշում քեզ սթրեսդ, այն չսիրելն անհնար է։ Մինչև այս նախագիծն ունեցել եմ տարբեր դասընթացներ մեդիա ոլորտին առնչվող թեմաներով։ Այդ դեպքերում ևս, բացի մասնագիտական գիտելիքներ փոխանցելը, ինչ֊որ չափով փորձում էի մտածողություն փոխել»։
«Շնչիր» նախագիծը շուտով թողարկելու է «Enjoy Life – Շնչիր» աուդիոձայնագրությունը, որը հետագայում կունենա նաև իր տեսահոլովակը։ ««Enjoy Life»-ը զրույց է տարբեր թեմաների մասին, որոնք մարդկանց կհիշեցնեն այն կարևոր ու անհրաժեշտ նրբությունների մասին, որոնք մեր ուշադրությունից դուրս են մնում «չափից շատ կարևոր գործերով զբաղված» լինելու հետևանքով։ Պրոմոհոլովակն արդեն համացանցում է։ Նախագիծն ընդլայնվելու միտում ունի, որովհետև թիմը նպատակ ունի «Շնչիրը» դարձնելու բրենդ, որն ամենատարբեր միջոցներով օգնելու է մարդկանց բացահայտելու իրենց «Ես»֊ի լավագույն տարբերակը ու հասնելու դրան»,- ասաց Գոռն ու հավելեց, որ «Շնչիր»-ը հետաքրքիր թեմաներ շատ է ունենալու, բաց հարթակ է դառնալու, ունենալու է համագործակցություններ թե՛ դասաժամանցների, թե՛ Enjoy Life-ի շրջանակներում։
«Անկախ ժամանակներից ու տեխնիկական
առաջընթացից՝ մարդը չպետք է դադարի զբաղվել ինքնազարգացմամբ ու ինքնաճանաչողությամբ։ Երբ սկսում ես մտքերիդ ու մարմնիդ վերաբերվել որպես գործիքների, դադարում ես խոցելի լինել»,- նկատեց նա։










