«Այն ամենը, ինչ ես հաղթահարել եմ, ինչի միջով անցել եմ, փաստում են՝ տարիքիցս հասուն եմ»․ «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը՝ 21-ամյակի և ամենամեծ նպատակի մասին

14:18 • 15.02.20

«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանն այսօր տոնում է 21-ամյակը։ Գեղեցկուհու տիտղոսակիրը ժպիտով է նշում՝ չի սիրում տոնել տարեդարձը, քանի որ չի սիրում, երբ հավաքույթի ուշադրության կենտրոնում ինքն է լինում։

Tert.am Life-ի հետ զրույցում Լինան խոսել է տարեդարձի, սպասված նպատակի և ավելի հասուն երևալու մասին։

Ժամանակին տորթի մոմերը փչելիս Լիանան էլ է երազել թագի ու այն տիտղոսի մասին, որը ներկայումս կրում է․  «Կարծում եմ,  գողոցկուհու տիտղոսն ու այդ թագը յուրաքանչյուր աղջկա մանկության երազանք են և ես էլ բացառություն չեմ։ Այս տարի մի փոքր այլ է․ այլ նպատակներ ունեմ՝ թագը պատվով կրել, փոխանցել հաջորդ գեղեցկուհուն։ Փակագծերը չեմ բացի, սակայն մի նպատակ էլ կա, որը կապված է բարեգործական շատ մեծ նախագծի հետ։ Հիմա զբաղված եմ բարեգործական ծրագրով և, հուսով եմ, այն հաջողությամբ կավարտվի»։

Գեղեցկուհու տիտղոսակիրն ասաց․ «Տարեդարձս նշել չեմ սիրում, որովհետև չեմ սիրում խնջույքներ, որոնց կենտրոնում ես եմ լինում։ Սա է երևի միակ պատճառը, որ չեմ նշում և օրը սովորականի նման եմ անկցացնում։ Ընկերներս, հարազատներս փորձում են տոնական շունչ հաղորդել, անակնկալներ մատուցել։ Իմ բնավորությունն իմանալով՝ անակնկալներ լինում են հիմնականում տարեդարձիցս հետո»։

Լիանան տարիքի ու մեծանալու մասին չի մտածում․ «Մեծանալու հետ կապված որևէ անհանգստություն, վախ չունեմ, որովհետև ամեն տարիք ունի իր առավելություններն ու թերությունները։ Ապագայում, երբ արդեն տարիքի հետ արտաքին որոշ փոփոխություններ նկատվեն, դրանք ևս ինձ չեն անհանգստացնի, որովհետև, վստահ եմ,  կգնահատեմ ձեռքբերումներս, բոլորովին ուրիշ արժեքներ կհայտնվեն։ Հետաքրքիր է, որովհետև իմ դեպքում տարիքի զգացողությունը կախված է շրջապատից։ Կյանքի մեծ փորձ չունեմ, սակայն եղածն էլ ինձ ցույց է տվել, որ այնձնագրում գրված տարիքդ ուղղակի թիվ է։ Մարդու ներաշխարհն է, որ լավագույնս բնորոշում է իր տարիքը։ Ինչ ես հաղթահարել եմ, ինչի միջով անցել եմ՝ փաստում են, որ ես տարիքիցս հասուն եմ»։

«Այն ամենը, ինչ ես հաղթահարել եմ, ինչի միջով անցել եմ, փաստում են՝ տարիքիցս հասուն եմ»․ «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը՝ 21-ամյակի և ամենամեծ նպատակի մասին