Կանադան սկսել է կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումը. Թրյուդոն սպասում է պատվաստվելու իր հնարավորությանը

14:19 • 15.12.20

Հետևելով արևմտյան երկու երկրի՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի օրինակին` Կանադայի իշխանությունները ևս սկսել են բնակչության առավել խոցելի խմբերին պատվաստել ընդդեմ COVID-19-ի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ըստ այդմ՝ առաջնահերթ պատվաստվում են առաջնային օղակի բուժաշխատողները և ծերերը։ Պատվաստումների համար օգտագործվում է Pfizer-BioNTech ընկերությունների մշակած հակակորոնավիրուսային պատվանյութը, որը երկիր է ներմուծվել երեկ՝ դեկտեմբերի 14-ին:

Այս առնչությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ռադիո Կանադայի հետ զրույցում, մասնավորապես, ասել է՝ հենց ունենա պատվաստվելու հնարավորություն, ինչպես մյուս առողջ չափահասները, դա կանի հրապարակային ու մեծ ոգևորությամբ։

Նշենք, Կանադայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային հիվանդացության 468,9 հազար դեպք, որից 13.553-ը՝ մահվան ելքով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման հարցերով վարչության պրոֆիլային կոմիտեն խորհուրդ էր տվել կարգավորիչ մարմնին հավանություն տալ ԱՄՆ տարածքում BioNTech և Pfizer-ի պատվաստանյութի կիրառմանը։ ԱՄՆ-ում սկսվել են զանգվածային պատվաստումները: Դեղամիջոցը ներմուծվել է նաև Սինգապուր և Մեծ Բրիտանիա: