«Հայերը Ջազում» Yerevan Jazz Fest 2016-ի շրջանակներում (լուսանկարներ)

17:34 • 16.10.16

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանը ապրում է ջազով։ Մեկնարկել է Ջազի Հայկական Ասոցիացիայի և Mezzo Production ընկերության կողմից կազմակերպվող «Yerevan Jazz Fest 2016» ամենամյա ջազ փառատոնը, որը այս տարի նվիրվում է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, հայտնի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին:

 

Փառատոնի շրջանակներում  Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Հայերը Ջազում» խորագրով ջազային համերգը:

 

 

Ելույթ ունեցան` Լևոն Մալխասյանը, Ալինա Ենգիբարյանը, Արմեն Թութունջյանը և Մո Փլեժրը: Ի սկզբանե նախատեսված էր, որ փառատոնին պետք է ներկա լինեին նաև Թավիթջան Եղբայրները, սակայն կազմակերպիչները փոխանցեցին, որ թռիչքի հետ կապված խնդիրներ են առաջացել և նրանք հայրենիք ժամանել չեն հասցրել: Համերգի կազմակերպիչները ներողություն խնդրեցին հանդիսատեսից և տեղեկացրին, որ այդ օրվա համերգի տոմսերը պահպանելով՝ կարող են փառատոնի փակման արարողության տոմսերը ձեռք բերել կես գնով:

 

 

 

Երեկոյի սկզբում Լևոն Մալխասյանը մեկ անգամ ևս նշեց, որ այս տարի փառատոնը նվիրվում է ամերիկյան ջազզի կնքահայր համարվող Ջորջ Ավագյանին, ով 1998 թվականին իր հրավերով եկել էր Հայաստան մասնակցելու ջազ փառատոնին և հույս հայտնել, որ նա մյուս տարի մեկ անգամ ևս կայցելի Հայաստան։ 

 

Պարոն Մալխասյանը հատուկ մրցանակներ հանձնեց մի քանի ջազ երաժիշտների, այդ թվում փառատոնի շրջանակում Հոլանդիայից ժամանած Ալինա Ենգիբարյանին, ով համերգի երկրորդ կեսին Չիկո և ընկերներ տրիոյի հետ կատարեց "Gentleman friend", "Love dance", "Everything I love" երգերը: Ամբողջ երեկոն անցավ ջազի հնչյունների ներքո, իսկ պարոն Մալխասյանի բենդն էլ  յուրահատուկ երանգ մատուցեց համերգին, երբ գործիքներին ավելացավ նաև դուդուկը: Երեկոյի ընթացքում քաղաքապետի հատուկ մրցանակ ստացավ նաև ֆրանսահայ ջազմեն Ստեփան Քոչարյանը: Երեկոն վարում էր հաղորդավար Վահե Խանամիրյանը: 

 

 

Փառատոնը կեզրափակվի այսօր՝ հոկտեմբերի 16-ին, բրիտանացի հայտնի երգչուհի Joss Stone-ի մենահամերգով՝ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

 

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

«Հայերը Ջազում» Yerevan Jazz Fest 2016-ի շրջանակներում (լուսանկարներ)