Ջոս Սթոուն՝ ջազից-բլյուզ անգլիական հմայքով. Տեղի ունեցավ «Yerevan Jazz Fest» ամենամյա ջազ փառատոնի փակման արարողությունը (լուսանկարներ)

14:34 • 17.10.16

Մեկնարկել էր Ջազի Հայկական Ասոցիացիայի և Mezzo Production ընկերության կողմից կազմակերպվող «Yerevan Jazz Fest 2016» ամենամյա ջազ փառատոնը, որը այս տարի նվիրվում էր ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, հայտնի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին:

 

 

Հոկտեմբերի 16-ին փառատոնը եզրափակեց բրիտանացի հանրահայտ երգչուհի, երգահան և դերասանուհի, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջոս Սթոունը։

 

Շատ հաճախ նրա տաղանդը համեմատում են այնպիսի աշխարհահռչակ երգչուհիների հետ, ինչպիսիք են Aretha Franklin-ը և Janis Joplin-ը: Երգչուհու առաջին «The Sоul Sessions»  ալբոմը հայտնվել է ԱՄՆ լավագույն 40 ալբոմների շարքում։ Ջոսը թողարկել է նաև  «Mind Body & Soul», «Introducing Joss Stone», «Color Me Free!» ալբոմները, որոնք ևս հայտնվել են համաշխարհային ալբոմների բարձր հորիզոնականներում:

 

Սթոունի հետ ելույթ ունեցան Մեցցո Բենդը, Պիտ Ինակոն (բաս կիթառ), Րիկի Ջորդնը (հարվածային գործիքներ) և Լեոն Քինգը (կիթառ)։ 

 

 

 

Ջոս Սթոուն-ը համարվում է այն եզակի երգչուհիներից, ովքեր լինելով սպիտակամաշկ կատարում են իրական «սև» սոուլ երաժշտություն։ Երգչուհու երկրպագուները գիտեն, որ Ջոսը  օժտված է բեմի վրա ներկայանալու յուրահատուկ ազատությամբ: Նա շատ հաճախ ելույթ է ունենում առանց կոշիկների: Այս համերգը ևս բացառություն չէր, քանի որ երգչուհին հայ հանդիսատեսին ներկայացավ  բոկոտն:

 

 

Համերգի ընթացքում Սթոունը իջավ  բեմից ու շրջեց  դահլիճում, երգեց հանդիսատեսի հետ: Երգչուհին իր խոսքում նշեց,- «Պետք է խոստովանեմ, որ հայ հանդիսատեսին հասցրի սիրել, քանի որ դուք լավ ունկընդիր եք, ակտիվ եք, երգում եք ինձ հետ»:

 

Սթոունը խոստովանեց նաև, որ իր համար հայերենը բարդ լեզու է, սակայն հանդիսատեսի օգնությամբ փորձեց արտաբերել՝ ես քեզ սիրում եմ նախադասությունը,  կենաց և շնորհակալություն բառերը:


 

 

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ջոս Սթոուն՝ ջազից-բլյուզ անգլիական հմայքով. Տեղի ունեցավ «Yerevan Jazz Fest» ամենամյա ջազ փառատոնի փակման արարողությունը (լուսանկարներ)