Վաչե Թովմասյանը, Կարեն Ասլանյանը, Ժաննա Բուտուլյանը Վիրաբի նոր տեսահոլովակի շնորհանդեսին (լուսանկարներ)
Ռուսաստանում բնակվող երգիչ Վիրաբ Վիրաբյանը հոկտեմբերի 16-ին Երևանի ժամանցային վայրերից մեկում իր ընկերներին և հարազատներին ներկայացրեց «Սիրտս սիրահարվելա» տեսահոլովակի պրեմիերան: Շնորհանդեսը մեկնարկեց դհոլահարների գեղեցիկ երաժշտական համարով, որից հետո հրավիրված հյուրերը մեծ էկրանի վրա դիտեցին երկար սպասված տեսահոլովակի պրեմիերան:
Տեսահոլովակի պրեմիերային ներկա էին Ժաննա Բուտուլյանը, Արաբո Իսպիրյանը, Սարգիս Ավետիսյանը, Աղասի Իսպիրյանը, Կարեն Ասլանյանը և շատ ուրիշներ, իսկ երեկոն վարում էր Վաչե Թովմասյանը: Միջոցառման հատուկ հյուրերն էին լեգենդար երաժիշտ Ալեքսեյ Զարդինովն ու երգիչ Ֆարիզ Ֆարտունան, որոնք հատուկ Երևան էին ժամանել մասնակցելու երգի շնորհանդեսին:

Բացի երգի պրեմիերայից ներկաները ունկնդրեցին Վիրաբի ինչպես հին, այնպես էլ նոր կատարումները:
Tert.am Life-ը նույնպես ներկա էր միջոցառմանը: Մեզ հետ զրույցում երգչի պրոդյուսեր Արման Անտոնյանն ասաց, որ երգի հեղինակը հենց ինքն է, տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Երեմյանն է, իսկ օպերատորը՝ Սուրեն Թադևոսյան:Պրոդյուսերի խոսքով՝ երգն ունի նախապատմություն: Այն գրվել է հատուկ մի զույգի համար:

«Վիրաբին Հայաստանում այդքան էլ հայտնի չէ, բայց նա բուռն գործունեություն է ծավալել Ռուսաստանում: Ունի մի շարք տեսահոլովակներ և հայերեն, և ռուսերեն լեզուներով: Ռուսաստանում մասնակցել է մի շարք մրցույթների և համերգային ծրագրերի: Վերջերս Վիրաբն Անի Լորակի, Կաբզոնի և շատ այլ հայտնի արտիստների հետ ներկայացել է Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգին»,- ասաց պրոդյուսերը:

Վիրաբի խոսքով՝ ինքը ցանկություն ունի նաև հայկական շոու-բիզնես մուտք գործել:
«Ես ցանկանում եմ վերադառնալ Հայաստան ու բնակվել այստեղ: Շատ եմ սիրում իմ հայրենիքը և ուզում եմ այստեղ շարունակել ստեղծագործել: Բոլոր տեսահոլովակներս Երևանում եմ նկարել և «Սիրտս սիրահարվելա»-ն բացառություն չէ»,- ասաց Վիրաբը:

Բեմելից առաջ երգիչը հուզված էր: Նա առաջին անգամ էր մենահամերգով Երևանում ներկայանում: Բացի այդ ինչպես երգիչը նշեց. «Տեսահոլովակի շնորհանդեսի մտադրություններ չեմ ունեցել:Այսօրվա երեկոն ինձ համար անակնկալ էր: Ես տեղյակ չեմ եղել: Ընկերներս են այս ամենը կաղզմակերպել»:
Վաչեի խոսքով՝ ինքը Վիրաբի հետ ծանոթացել է միջոցառումների ժամանակ. «Նա Ռուսաստանում բավականին տաղանդավոր, հայտնի երգիչ է: Հուսով եմ, որ այս տեսահոլովակով նա կկարողանա նաև մուտք գործել հայկական շուկա: Ցանկանում եմ, որ կարողանա նոր հաջողությունների հասնել»:

«Վերջերս եմ ծանոթացել Վիրաբի հետ: Շնորհավորում եմ նրան գեղեցիկ, ռոմանտիկ երգ էր: Ճիշտ է, ես նման ժանրի երգեր չեմ լսում, բայց սա միանշանակ լավն էր»,- ասաց Ժաննան:

«Երգը վաղուց էի լսել ու շատ էի հավանել: Տեսահոլովակն էր ինձ համար անակնկալ, քանի որ շատ գեղեցիկ էր ստացվել: Վիրաբի գրեթե բոլոր երգերը լսում եմ ու կապ չունի, որ մենք ընկերներ ենք»,- հավելեց Կարենը:

«Ինձ շատ է դուր եկել երգը: Այն շատ նուրբ կատարում է, իսկ տեսահոլովակը՝ ռոմանտիկ: Հատկապես, երբ ավարտվում է «happy and»-ով: Ցանկանում եմ Վիրաբին, որ չդադարի և շարունակի այսպես, քանի որ նա շատ գեղեցիկ ձայն ունի: Երբ առաջին անգամ լսեցի նրան, անընդհատ ուզում էի լսել: Ես ուրախ եմ, որ ունեմ նրա նման ընկեր»,- ասաց Ալեքսեյ Զարդինովը:

Ֆարիզ Ֆարտունան նույնպես շատ էր հավանել տեսահոլովակը: Նա Վիրաբին մաղթեց նորանոր ստեղծագործություններ և տեսահոլովակներ:
Նշենք, որ շնորհանդեսը լուսաբանում էին ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներ:
















Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի







