Կողոպտիչները հարձակումից առաջ մոտ 1 ժամ գտնվել են Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համարում. Mirror
Տեսահսկման խցիկներից ստացված տվյալների համաձայն՝ Փարիզում հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վրա հարձակում իրագործողները նախքան հարձակումը 49 րոպե գտնվել են աստղի հյուրանոցային համարում:
Ինչպես հայտնում է Mirror-ը, 3 կողոպտիչները հեշտությամբ ներթափանցել են Քարդաշյանի հյուրանոցային համար, քանի որ նրանք իմացել են հյուրանոց մուտք գործելու համար անհրաժեշտ գաղտնաբառը:
Իրավապահները կարծում են, որ չարագործները փորձել են խաբել քննիչներին՝ նրանց մոտ տպավորություն ստեղծելով, թե իրենք կողոպուտի գործում սկսնակ են: Հենց այդ նպատակով էլ հանցագործները հյուրանոցից ոչ հեռու թողել են Քարդաշյանից գողացված մատանիներից մեկը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Քարդաշյանը դատական հայց է ներկայացրել Mediatakeout.com կայքի դեմ՝ տեղեկություններ տարածելու համար, թե իբր իրապատում շոուների աստղը ստել է, որ Փարիզում իրեն թալանել են՝ տանելով իր թանկարժեք զարդերը:
Նյու Յորքում ներկայացված հայցում 35-ամյա աստղը նշել է, որ «Ֆրանսիայում սարսափելի և ցավալի զինված կողոպուտի զոհ դառնալուց հետո նա վերադարձել է Միացյալ Նահանգներ, որտեղ ևս մի անգամ զոհ է դարձել բամբասանքների տաբլոիդի կողմից, որը հրապարակել է մի շարք հոդվածներ՝ նրան սուտասան և գող անվանելով»:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանին թալանել էին հոկտեմբերի 3-ին, Փարիզի հյուրանոցներից մեկում: Զինված տղամարդիկ տարել էին նրա մոտ 4 միլիոն եվրո արժողությամբ մատանին և մոտ 5 միլիոն եվրո արժողությամբ զարդերով տուփը:







