Ամենաճարպիկ հայ հայտնիները, որոնք խոչընդոտներ են հաղթահարել «Եղիր պատրաստ» հաղորդման ժամանակ
«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եղիր պատրաստ» հաղորդաշարի շրջանակում հայ հայտնիներն էքստրեմալ պայմաններում փորձում են հաղթահարել իրենց վախերը՝ բարձրությունից մինչև ծանր պայմաններում ինքնապաշտպանություն։
Tert.am Life-ը զրուցել է «Եղիր պատրաստ» նախագծի հաղորդավար Սարգիս Բազինյանի հետ և պարզել` ովքե՞ր են ամենաճարպիկ հայ հայտնիներն ու ինչպե՞ս է նրանց տվում էքստրեմալ պայամանները հաղթահարելը։
Հաղորդումը հեռարձակվում է արդեն չորս եթերաշրջան։ Անդրադառնալով ամենաակտիվներին՝ Սարգիս Բազինյանը խոսեց երգչուհի Սոֆի Մխեյանի մասին, որը հայտնի է էքտրիմի հանդեպ իր սիրով և ակտիվ կենսակերպով. «Սոֆիի հետ նկարահանեցինք բավականին բարդ թեմա՝ արշավի ժամանակ անվտանգության կանոններ պահպանելու մասին, չորս ժամից ավելի անցկացրեցինք Ծաղկաձորի հեռավոր անտառներից մեկում։ Ցուրտ էր, նկարահանեցինք օրինակ, թե ինչպես է նման պայմաններում պետք տաքանալ։ Սոֆին առանց տրտնջալու, շատ հետաքրքիր աշխատեց մեզ հետ»։
Մոդելներ Լուսինե Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը նույնպես իրենց հմուտ ու ակտիվ են պահել էքստրեմալ իրավիճակում. «Լուսինեին սովորեցնում էինք հակավթարային վարման էլեմենտ, շատ հետաքրքիր էր, որովհետև իր մոտ բավականին լավ ստացվեց։ Աննա Գրիգորյանին էլ սովորեցնում էինք մագլցել բարձրություններ, իր մոտ նույնպես հետաքրքիր ու հեշտ ստացվեց»։
Ըստ նրա` կանայք ավելի ճարպիկ են, տղամարդիկ ավելի հումորով են մոտենում շատ հարցերի։ Սարգսի խոսքով` չնայած լուրջ ու ծանր թեմաների ընտրությանը, հումորիստ հայտնիները կարողանում են թեթևություն տալ հաղորդմանը։ «Արամ MP3-ի հետ հետաքրքիր, թեթև ու հեշտ ստացվեց նկարահանումը, նույնն էլ Մկրտիչ Արզումանյանի դեպքում էր։ Գրիգոր Դանիելյանի, Վաչե Թովմասյանի հետ շատ հումորային հաղորդում եղավ, որքան էլ տարօրինակ կհնչի դա։ Ամեն նախադասության մեջ նրանք հումորային դրվագ էին մցնում։ Գրիգոր Դանիելյանի հետ հրաձգության էինք, միասին հաղթահարեցինք հումորիստի սթրեսը` կրակելով տարբեր կանցաղային առարկաների վրա։ Վաչե Թովմասյանին սովորեցրինք ձեռքի տակ եղած տարբեր առարկաներով ինքնապաշտպանվել»,– ասաց նա։
Որքան էլ հայտնիներն առանձնանան իրենց ճարպկությամբ, ըստ Սարգսի, նախապատրաստական երկար փոլ են անցնում։ «Եթե օրինակ բերենք հրաձգության տռեսարան նկարելը, մենք հայտնի մարդուն սովորեցնում ենք հրաձգության հիմքը, որից հետո փորձարկում է տեղի ունենում, փոքրիկ դասապրոցես ենք կազմակերպում։ Այս ամենից հետո նոր նկարահանում ենք։ Մենք, իհարկե, չենք սպասում, որ հյուրը կգա ու իր տվյալներով կզարմացնի մեզ, սպասում ենք, որ հյուրն առաջին հերթին ինքն իրեն կզարմացնի։ Մինչև օրս շատերը եկել են վախերով, ինչ-որ ֆոբիաներով։ Արփի Գաբրիելյանն ու Դիանա Մալենկոն հաղթահարեցին բարձրության հանդեպ իրենց վախը»,– պատմեց Սարգիսը։
Սարգիսը նկատեց, որ իրենց նպատակն է հեռուստադիտռողներին սովորեցնել այնպիսի հնարքներ, որոնք յուրաքանչյուր ոք կարող է կիրառել` անկախ տարիքից ու սեռից. «Հնարքները հատուկ ընտրվում են, մեծ բարդության որևէ բան չենք անում, ամեն ինչ մատչելի է, յուրաքանչյուր հյուր էլ կարողանում է յուրացնել ու կիրառել»։
Անդրադառնալով հաղորդման նախապատրաստական ընթացքին` Սարգիսը նշեց․ «Բավականին բարդ էր միայն պատկերացնելը, իրագործելը` առավել. հաղորդման շրջանակում ավտոմեքենաներ ենք պայթեցնում, ավտոմեքենայով ընկնում ենք ջուրը, սավաններով ցատկում ենք շատ բարձ տեղերից։ Այս ամենը դժվար էր անգամ պատկերացնել, քանի որ մի բան է, երբ պրոֆեսիոնալն է ինքնուրույն անում դա, այլ բան է, երբ ներկայացնում ենք մի մարդու, որը պատկերացում չունի, ունի վախեր, որոնք պետք է հաղթահարվեն»։
Սարգսի խոսքով` համագործակցում են բավականին մեծ թիմի հետ, որի շնորհիվ հեռուստադիտողը տեսնում է այն, ինչը նախապես ծրագրել են, որքան էլ դա բարդ լինի։












