««Միսս Տիեզերքն» ու «Միսս Աշխարհը» վիրահատությունը չեն արգելում, բայց պահանջում են մանկության լուսանկարներ». Գոհար Հարությունյանը` իր մրցույթի փոփոխությունների ու ընտրության չափանիշների մասին

15:02 • 22.05.19

«Միսս Արմենիա» հիմնադրամի կողմից անցկացվող «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» գեղեցկության համահայկական մրցույթներն այս տարի կազմակերպվելու է մրցույթ-փառատոն ձևաչափով և նոր՝ խորհրդանշական թագերով, որոնք գեղեցկուհիները կփոխանցեն իրար։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կազմակերպիչներն անդրադարձան փոփոխություններին ու իրենց բացառիկ իրավունքին, որի համաձայն՝ հենց իրենց մրցույթի հաղթողները կներկայացնեն Հայաստանը «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթներում։

«Միսս Արմենիա» մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը, անդրադառնալով գեղեցկության մրցույթների շուրջ պտտվող խոսակցություններին, նշեց. ««Միսս Տիեզերք» և «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթներին մասնակից ուղարկելու բացառիկ հնարավորությունը մերն է: Մենք առաջնորդվում ենք այդ մրցույթների թելադրած չափանիշներով: Ներկայումս շատ են քննարկում՝ մի՞թե գեղեցկության մրցույթների մասնակից աղջիկները չեն կարող պլաստիկ վիրահատության դիմած լինել, շպարով ներկայանալ: Մրցութների թելադրած չափանիշները վերաբերում են օրինակ՝ տարիքին, ընտանեկան կարգավիճակին, սակայն վիրահատությունը դրանց մեջ չի մտնում։ Չնայած երկու մրցույթն էլ պահանջում են մանկության լուսանկարներ, որպեսզի հասկանան, թե ինչ փոփոխություն են արվել արտաքնում: Իրականում՝ կարևորվում է նաև ներքին գեղեցկությունը և այն, թե տիտղոսը գրավելուց հետո ինչ գործունեություն է ծավալում Գեղեցկուհին։ «Միսս Աշխարհ»-ը լինելով բավականին պահպանողական, նաև քարոզում է հանդուրժողականություն։ Մենք խոսում ենք քթի վիրահատությունից, բայց այստեղ չեն արգելում նույնիսկ տրանսգենդերների մասնակցությունը»:

Շարունակելով խոսել չափանիշների մասին` Գոհարը նշեց, որ, օրինակ, «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթների պահանջները տարբեր են, դա է պատճառը, որ իրենք անցկացնում են երկու տարբեր մրցույթ:

Ինչ վերաբերում է այդ մրցույթներում ներկայացուցիչ ունենալու արտոնագրին` Գոհարն ասաց, որ Մամիկոն Դանիելյանը, որը վեջերս անցկացրեց «Հայաստանի գեղեցկուհի» մրցույթը, ավելի վաղ դիմել է արտոնագիր ստանալու համար, սակայն իրեն մերժել են․ «Իրենք շատ են կարևորում, թե ում են տալիս մրցույթում ներկայացուցիչ ունենալու արտոնագիրը: Մեզնից դեռ տասը տարի առաջ դիմորդներ պարբերաբար եղել են: Ես շատ երջանիկ եմ, որ ինձ ընձեռնվեց առաջին հնարավորությունը Հայաստանից ներկայացուցիչ ուղարկել մրցույթին։ Չեմ կարծում, որ առանց առիթի ազգային մրցույթի տնօրենին կարող են փոխել, որովհետև ես արդեն գիտեմ, թե ինչն ինչպես է պետք անել։ Ես կողմ եմ առողջ մրցակցությանը, եթե Մամիկոն Դանիելյանը ինչ-որ բան կարող է ավելի լավ անել, դեմ չեմ։ Ես միշտ եմ ասել, որ սեփական շահ չունեմ, ուզում եմ, որ երկիրը լավ ներկայացնեն Գեղեցկության մրցույթներում։ Ո՞վ դա կանի ավելի լավ, անձմաբ ինձ հետաքրքիր չէ։ Կարծում եմ` ինքս առավելագույնն անում եմ։ Ես անգամ Մամիկոնին ասացի` ավելի լավ, եթե քեզ տան արտոնագիր՝ հետագայում իմ դուստրերն էլ կունենան մասնակցելու հնարավորություն։ Այս պարագայում նրանք դրա իրավունքը չունեն, քանի որ մեր միջև բարեկամական կապ կա»,- ժպիտով նշեց Գոհարը։

«Միսս Հայուհի 2018», «Միսս Համերաշխություն 2018» Արենա Զեյնալյանն էլ, խոսելով իր փորձի ու հասարակության արձագանքների մասին, ասաց. «Լավ բանը չեն գնահատում։ Սպասում են վատ բան գտնեն ու բոմբի պես պայթեցնեն, իսկ եթե բացասական բան չկա, վերջ` ուրեմն անհետաքրքիր է: Իմ հանդեպ դրական վերաբերմունք է եղել, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ես  կոչ եմ անում աղջիկներին լինել համարձակ, ցույց տալ իրենց ներքին գեղեցկությունը: Ինձ համար դժվար էր մրցույթին մասնակցության ժամանակաշրջանը, որովհետև ես դրանից երկու ամիս առաջ կորցրել էի հայրիկիս: Սակայն կարողացա իմ մեջ  գտնել այդ քաջությունը և մասնակցել մրցույթին։ Իրականում հաղթանակն այնքան կարևոր չէ, որքան անցած ճանապարհն ու այն ընկերները, որոնց ձեռք ես բերում»:

Մրցույթի մասնակիցները քննարկումների կենտրոնում էին հայտնվել նաև հարցազրույցների ժամանակ իրենց սխալ դրսևորելու պատճառով։ Գոհարի կարծիքով` մամուլը կարող է օգնել իրենց՝ թաքցնելով թերությունները։ «Ցանկացած փորձառու հաղորդավար կարող է ծուղակի մեջ գցել այդ աղջիկներին, դարձնել հետաքրքիր մի բան և տարածել դա։ Ոչ մի երկրում նման բան չի արվում։ Շատերը կատարյալ չեն, բայց երբ արտերկրի այդ ոլորտին առնչվող նյուերի մասին մեկնաբանություններն ես կարդում, տեսնում ես, թե որքան մեծ սիրով են լցված իրենց մասնակցի հանդեպ»,- նշեց Գոհարն ու հավելեց, որ այս տարի ունեն ևս մեկ անվանակարգ «Մեդիայի համակրանք», որի հաղթողին ընտրելու են մրցույթին հավատարմագրված լրագրողները։

«Միսս Արմենիա» նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանն էլ անդրադարձավ անվանակարգերում մյուս փոփոխություններին․ «Հուլիսի 1-15 քաղաքը լցված է լինելու գեղեցկության շնչով: Համաձայն նոր ձևաչափի` կլինեն մինչմրցութային մի շարք միջոցառումներ՝ սպորտային, տաղանդի, ինտելեկտի մրցույթ, նորաձևության ցուցադրություն։ Նորաձևության ցուցադրության ժամանակ շատ լավ առաքելություն ենք կատարելու՝ ցուցադրելու ենք սկսնակ դիզայներներների հագուստները: Այս չորս մրցույթում մենք ունենալու ենք հաղթող մասնակիցներ և սրանք անցկացվելու են մինչև հիմնական մրցույթը։ «Միսս Տիեզերք Արմենիան» այս տարի անցկացվելու է Գյումրու Սև բերդում:  Նման նախաձեռնությամբ ցանկացանք ընդլայնել մեր գործունեության մասշտաբն և մրցույթում ներգրավել նաև մեր մշակությանին ժառանգություններից մեկը»։

Ինչպես  Tert.am Life-ն ավելի վաղ հայտնել էր, այս տարի եզրափակիչ անցած մասնակիցները հնարավորություն կունենան ուսում ստանալ ԱՄՆ-ում։ Ըստ կազամակերպիչների` սա ամենահետաքրքիր նախաձեռնություններից մեկն է, որը կլինի Գեղեցկության մրցույթում։

««Միսս Տիեզերքն» ու «Միսս Աշխարհը» վիրահատությունը չեն արգելում, բայց պահանջում են մանկության լուսանկարներ». Գոհար Հարությունյանը` իր մրցույթի փոփոխությունների ու ընտրության չափանիշների մասին