Ռուսաստանի ամենահայտնի հայ բլոգերը` Ինստագրամում 2 միլիոնից ավելի հետևորդ ունենալու, Օլգա Բուզովայի ու Եկատերինա Վարնավայի հետ համագործակցության մասին
Ռուսաստանի ամենահայտնի ինստագրամյան բլոգերներից մեկն ազգությամբ հայ Ռոման Կագրամանն է։ Վերջինս ունի 2․2 միլիոն հետևորդ, որոնց գրավում է իր ակտիվ դիմախաղով, զավեշտալի հոլովակներով ու համացանցի ամենահայտնի, երբեմն, տարօրինակ տեսանյութերը կրկնօրինակելով։ Ռոմանն այս ամենը ցույց է տալիս այլ լույսի ներքո, ինչն էլ համարում է իր այցեքարտն ու հաջողության գրավականը։
Բլոգերն Ինստագրամում հաջողության հասնելու իր փորձի մասին պատմել է Tert.am Life-ին՝ խոսելով ոչ միայն այդ ոլորտում առաջին քայլերի, այլև Օլգա Բուզովայի և Կատյա Վարնավայի հետ համագործակցության մասին։
«Ութ տարեկանից խաղում էի Ուրախների և հնարամիտների ակումբում և դեռ այն ժամանակ հասկացա, որ հեռուստատեսությունում հայտնվելը բավականին դժվար է։ Այս ամենի համատեքստում մտածեցի, որ կարող եմ փորձել լսարան ունենալ սոցցանցերում և ինչ-որ տեղ ինքս ինձ ներկայացնեմ։ Ցանկություն կար, բայց իսկապես չէի պատկերացնում՝ ինչ և ինչպես պետք է անեմ, ինչ գաղտնիքներ ու մեթոդներ կան, որոնց շնորհիվ ինձ մոտ կստացվի այդ տիրույթում հայտնիություն ձեռք բերել։ Ես ուղղակի նկարահանում ու տեղադրում էի։ Ինստագրամյան թոփ հարթակներում հայտնվելու հույս չունեի, սակայն, ինչ-որ հրաշքով, մարդիկ տեսան իմ հոլովակները և ընդամենը ամիսների ընթացքում հետևորդներս ավելացան»,– ասաց նա։
Մինչ ավելի քան 2 միլիոն հետևորդ ունենալը, Ռոմանը տարիներ շարունակ փնտրտուքների մեջ է եղել՝ ինչպե՞ս ներկայանալ, ի՞նչ անել տարբերվելու համար։ «Եթե ուզում ես արդյունավետ, հետաքրքիր ու զարգացող էջ ունենալ, կարևոր նախապայման է մտածել մի առանձնահատկություն, որը կդառնա քո այցեքարտը։ Հատկապես այն դեպքում, երբ էջդ ինքնուրույն ես զարգացնում։ Քո այցեքարտը պետք է լինի այն, ինչ մարդիկ չեն գտնի այլ էջերում։ Այդ այցեքարտը մտածելը շատ ժամանակ է պահանջում։ Օրինակ` ես այն փնտրել եմ 2011 թվականից՝ առանց հոգնելու փորձում էի, նկարահանում, բայց ոչինչ չէր ստացվում։ Ընթացքում նկատեցի, որ կան հոլովակներ ու թեմաներ, որոնք մարդկանց անհամեմատ ավելի շատ են դուր գալիս, դիտելիությունն ավելի բարձր է։ Այս ամենն ուսումնասիրելով` կարողացա գտնել այն այցեքարտը, որն այսօր ունեմ»,- ասաց Ռոմանը` ավելացնելով, որ շատ կարևոր է անել մի բան, որը չի կրկնվում։
Իր ացեքարտը բլոգերը համարում է ակտիվ դիմախաղն ու լրջությունը հիմար իրավիճակներում. «Հոլովակներում ներկայանում եմ շատ ակտիվ դիմախաղով, շարժուձևով, ոչ սովորական կերպարներով։ Ինձ իսկական հիմարի նման եմ պահում, բայց դա միայն կերպար է։ Շատ կարևոր է նաև այն թեման, որի մասին խոսելու ես։ Ամեն հոլովակ նայելիս մարդիկ պետք է իրենց կյանքից մի բան տեսնեն, ծիծաղեն իրենք իրենց վրա։ Իսկապես կարևոր է, որ թեմաները լինեն անկեղծ, ոչ թե արհեստական։ Մարդիկ դա զգում են, տեսնում, որ քո արածն իր տեսակի մեջ չկրկնվող է։ Իրենց մոտ ևս հետաքրքրություն է առաջանում՝ ամեն անգամ սպասել նոր հոլովակների ու նոր թեմաների»։
Ռոմանն առավել լայն լսարանի համար հայտնի դարձավ, երբ համագործակցեց ռուսական շոու բիզնեսի այնպիսի հայտնիների հետ, ինչպիսիք են Օլգա Բուզովան և Comedy Women-ի աստղ Եկատերինա Վարնավան։
Հարցին, թե ինչպես է հաջողվել Ռոմանին խլել այս հայտնիների բառի բուն իմաստով թանկ ժամանակը, բլոգերը պատասխանեց. «Պետք չէ ամեն ինչ բարդացնել, որովհետև երբեմն ամենահեշտն ու պարզն այնտեղ է, որտեղ մեզ թվում է` անհնար է։ Ինքս էլ ժամանակին չեմ գրել շատերին՝ մտածելով, որ, միևնույն է, չեն պատասխանելու, բայց մի օր որոշեցի գրել և ստացա պատասխան։ Ես ուղղակի Ինստագրամի նամակների հավելվածով գրեցի Օլգա Բուզովային։ Պատկերացնո՞ւմ եք՝ ուղղակի գրեցի։ Իր աստղային ու գլամուրային կերպարով հայտնի Օլգան իրականում շատ շփվող, հասարակ ու հոգատար մարդ է։ Հենց առաջին անգամ Բուզովան ինձ արձագանքեց՝ համաձայնելով, որ գնամ իր մոտ և միասին նկարահանենք այն, ինչն արդեն պտտվում էր մտքումս։ Իր ասած հասցեով գնացի, և մենք նկարահանեցինք հայտնի ցիտատների զվարճալի տարբերակը»։
Ռոմանը նկատեց, որ հայտնիները սովորաբար սիրով արձագանքում են, եթե նրանց համագործակցելու զվարճալի ու հետաքրքիր առաջարկ են անում։ Ըստ նրա` անկախ հայտնիությունից, մարդիկ դեմ չեն լինում մի քիչ զվարճանալ, զրուցել ու հետաքրքիր համագործակցություն ունենալ։
«Ծանոթեներիցս մեկն ինձ Կատյա Վարնավայի հետ ծանոթացրեց` առաջարկելով հնարավարության դեպքում նկարահանել որևէ հոլովակ, Կատյան համաձայնեց։ Դրանից հետո արդեն շփվում էինք առանց ծանոթիս միջնորդության։ Կատյայի հետ շփվում ենք մինչև օրս, նա իրականում բոլորովին այլ աշխարհ է, շատ ջերմ հարազատ տեսակ է։ Այս ընթացքում ես հասկացա, որ հայտնի մարդիկ, որոնց մենք շատ աստղային ենք պատկերացնում, նույնպես հետաքրքրվում են կյանքից վերցված, կենցաղային թեմաներով»,- ժպտալով ասաց Ռոմանն ու հավելեց, որ պետք չէ կաշկանդվել հայտնիներին գրելիս, կարող է քո գրածն անպատասխան չմնա և արդյունք լինի։








