«Հնդիկ արտիստները Երևան կժամանեն համերգից երկու օր առաջ․ համերգը չի չեղարկվել՝ փոխվել է միայն օրը»․ Վարդան Սարգսյանը նրանց մասնակցությամբ համերգի մանրամասների մասին
Հնդիկ արտիստների մասնակցությամբ համերգի կայանալն ընդամենը մեկ օր առաջ դեռ հարցականի տակ էր։ Շտկումներն արդեն արվել են՝ համերգը կկայանա, սակայն ոչ թե նախատեսվածի նման մայիսի 31-ին այլ հուլիսի 4-ին։
Օրվա հետ կապված փոփոխության, համերգի նախնական մանրամասների և հյուրերի համար հետաքրքիր ժամանց կազմակերպելու մասին Tert.am Life-ը զրուցել է «Տնից հեռու» նախագծի հաղորդավար, հնդիկ արտիստների հետ կապը իրականացնող Վարդան Սարգսյանի հետ։
«Պայմանագրում կար մի կետ, որը կազմակերպիչ Վահե Հարությունյանը պետք է կատարված լիներ մինչև մայիսի 27-ը, սակայն այն չէր կատարվել։ Այդ իսկ պատճառով ֆեսբուքյան իմ էջում ավելի վաղ մարդկանց տեղեկացրի, որ ունենք նման խնդիր, իսկ այսօր արդեն կրկին սոցցանցի իմ էջում տեղեկացրել եմ, որ իրավիճակը շտկված է»,- ասաց Վարդանը հավելելով, որ օրվա փոփոխությունը կապված է պայմանագրի կետերը մինչև վերջնաժամկետը չկատարելու հետ։
Ըստ Վարդանի սոցցանցերում կան կեղծ էջեր, որոնք տարածելով ինֆորմացիա՝ փորձում են սրել իրադրությունը․ «Ուզում եմ ընդգծել, որ հնդիկ բոլոր այն արտիստների հետ, որոնց հետ մենք ունեցել ենք նախնական պայմանավորվածություն, արդեն եկել ենք վերջնական համաձայնության։ Համերգի հետ կապված ամեն ինչ մնում է ուժի մեջ՝ փոխվել է միայն կայացման օրը։ Բոլոր նրանք, ովքեր տոմսեր են գնել, կազմակերպիչը վստահեցրեց, որ դրանք չեն չեղարկվում։ Ներկայումս կազմակերպչական աշխատանքներն ամբողջ ուժով առաջ են տարվում և հուլիսի 4-ին պետք է համերգը միանշանակ տեղի ունենա»,- վստահեցրեց Վարդանը։
Նրա խոսքով իր համար շատ կարևոր է չհիասթափվել և չհիասթափեցնել հայ հանդիսատեսին, քանի որ ըստ պայմանագրի ինքն ինչ գործառույթ ուներ՝ հնդիկների այց, վիզաներ և նմանատիպ այլ հարցեր, արդեն իսկ արել է։
«Հնդիկ արտիստների, նրանց պրոդյուսերների հետ կապի մեջ ենք ու իրենց Հայաստան գալու օրը ևս արդեն հստակեցված է։ Շատ ուրախ եմ ասել, որ իրենք Երևան կժամանեն համերգից երկու օր առաջ՝ հուլիսի 2-ին։ Քանի որ, մինչ այս հարցերի առաջ գալը, նախնական պայմանավորվածություն կար, որ նրանք Հայաստան են ժամանելու մեկ օրով՝ միայն համերգի օրը, դեռ հստակ չենք որոշել իրենց այցերի ծրագիրը։ Չնայած իրենց համար առաջնայինը համերգի փորձն է, բայց նրանք այստեղ են լինելու երկու օր և մենք, վստահաբար, կանենք ամեն որ հնդիկ արտիստները Հայաստանից տպավորված հեռանան։ Ինքս իրենց երկրում շատ եմ եղել, շատ առիթներ եմ ունեցել պատմելու մեր երկրի մասին, ուստի կարևոր է, որ իրենք Հայաստանից շատ գոհ հեռանան»,- ասաց Վարդան Սարգսյանն ու ամփոփեց՝ այս համերգն իր համար շատ կարևոր է։








