Մորուքավոր հայ տղամարդկանց մրցույթը, հաղթողներն ու Դիլիջանում կայացած փառատոնի մյուս հետաքրքիր դրվագները

19:20 • 17.06.19

Ռոքնռոլ, պարային լավ տրամադրություն, մորուքավոր ոճային տղամարդիկ, նրանց գնահատող կանայք ու բնության գրկում տեղակայված տաղավարներ, որոնք առաջարկում են տարատեսակ խմիչքներ․ հանգստյան օրերին Դիլիջանում կայացավ Fest Food & Eclectica Music Fest-ը, որի շրջանակում անցկացվեց նաև «Մորուքի փառատոնը»: Tert.am Life-ը եղել է Դիլիջանում ու ֆիքսել միջոցառման հետաքրքիր դրվագները:

Փառատոնի կազմակերպիչ Ժիրայր Ավանյանի խոսքով՝ միջոցառումը կազամակերպել են Դիլիջանում, քանի որ նպատակ ունեն այնտեղ ակտիվացնել երաժշտական ու երիտասարդական կյանքը:

«Միշտ մտքումս եղել է, որ Դիլիջանում պետք է երաժշտական փառատոններ անցկացվեն: Քանի որ ես սիրում եմ ռոքնռոլ, որոշեցի այդ երաժիշտներին հավաքել, սակայն պարզվեց, որ Հայաստանում ռոքնռոլով զբաղվող երաժիշտներն այդքան շատ չեն, որոշեցինք փառատոնն իրականացնել օրիգինալ երաժշտությամբ ու հնչեցնել այն երգերը, որոնք հնչել են 50-60-ականներին»,- ասաց Ժիրայր Ավանյանը, ով ժամանակին նվագում ու երգում էր, հետո դարձավ ունկնդիր, բայց մնաց երաժտության մեջ:

Կեսօրին մեկնարկած փառատոնը երեկոյան ակտիվացավ՝ մասնակիցներին «ստիպելով» պարել ու լիցքաթափվել ռոքնռոլի հնչյունների ներքո: Օրվա երկրորդ հատվածում մեկնարկեց «Մորուքի փառատոնը», որը նախաձեռնել են «Երևանի գինու օրերի» կազմակերպիչները․ բացօթյա տաղավարների մի կողմում տղամարդկանց մորուքն էին հարդարում, մյուս կողմում դաջվածք էին անում, երրորդ կողմում պարում էին:)

«Մորուքի փառատոնի» նախագծի կառավարիչ Լիլիթ Ծառուկյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակը Հայաստանում իրադարձային զբոսաշրջությունը զարգացնելն է, միջոցառման շրջանակում համգործակցել են Հայաստանում և արտերկրում գործող տուրիստական գործակալությունների հետ:

«Որոշեցինք ստեղծել նոր, յուրօրինակ միջոցառում և կոտրել Հայաստանում կազմակերպվող փառատոնների մասին կարծրատիպը: «Մորուքի փառատոն» անցկացնելու գաղափարը Նունե Մանուկյանինն է: 2 տարի է՝ աշխատում ենք այս միջոցառման համար»,- ասաց Լիլիթը:

«Մորուքի փառատոնը» մրցութային էր: 12 մոդելները՝ Արամ Սեդրակյանը, Արթուր Գիգոյանը, Արտակ Գևորգյանը, Արտյոմ Մելքոնյանը, Արտյոմ Մելքոնյանը, Բագրատ Հարությունյանը, Գևորգ Բասմաջյանը, Հրաչ Հակոբյանը, Սամվել Ավետիսյանը, Սևակ Աննախասյանը, Էդ Թադևոսյանը, պայքարում էին «Երկար մորուք», «Դասական մորուք», «Կրեատիվ մորուք» և «Կաֆունե մորուք» անվանակարգերում հաղթելու համար:

Տղամարդկանց մորուքը գնահատում էին բացառապես կանայք: Ժյուրիի անդամներն էին՝ Արուսիկ Տիգրանյանը, Արև Պետրոսյանը, Նարինե Պետրոսյանը, Նատա Բրետտելլը, Անահիտ Մարկոսյանը, Գայանե Ավետիսյանը, Սոֆի Մեյմարյանը: Լիլիթը նկատեց, որ ժյուրիի անդամներին ընտրել են տարբեր ոլորտներից: Մրցույթում հաղթող ճանաչվեցին, ոչ թե 4, այլ 6 մոդել, քանի որ «Դասական մորուք» և «Կրեատիվ մորուք» անվանակարգերում 2-ական հաղթողներ ճանաչվեցին: Մյուս մասնակիցները ևս պարգևատրվեցին:

«Սա ոչ թե պայքար էր բարբերշոփերի միջև, այլ մի հարթակ, որտեղ ոլորտի լավագույն մասնագետները ցույց տվեցին իրենց հմտությունները»,- ասաց Լիլիթը:

Այսպիսով՝ մրցութային մասում հաղթող ճանաչվեցին հետևյալ մասնակիցները․

«Երկար մորուք» - Էդ Թադևոսյան, «Կաֆունե մորուք» - Բագրատ Հարությունյան

 

«Դասական մորուք» - Հրաչ Հակոբյան / Սևակ Աննախասյան

«Կրեատիվ մորուք» - Արտյոմ Մելքոնյան / Գևորգ Բասմաջյան

Ձեզ դեռ հետաքրքրում է, թե ինչո՞ւ էին այստեղ դաջվածքներ անում: Դա միջոցառման հետաքրքիր ընթացքն և բազմազան ժամանց ապահովելու համար էր: Լիլիթը խոստացավ, որ հաջորդ տարի առավել հագեցած միջոցառում են ունենալու:

«Սա առաջին փորձն էր: Ի սկզբանե որոշել էինք փոքր միջոցառում կազմակերպել՝ հասկանալու, թե Հայաստանում որքան է հետաքրքրվածությունը փառատոնի հանդեպ, որքանով են մորուքավոր տղամարդիկ ու բարբերշոփերի պատրաստ համագործակցելու: Պարզվեց, որ հետաքրքրությունը շատ մեծ է, 2 ամսից կսկսենք աշխատել «Մորուքի փառատոն 2020»-ի ուղղությամբ, որն արդեն ավելի լայն մասշտաբով կիրականանցնենք, կհրավիրենք հյուրեր արտրկրից»,- եզրափակեց նա:

Լուսանկարները՝ Հենդո Գրիգորյանի

Մորուքավոր հայ տղամարդկանց մրցույթը, հաղթողներն ու Դիլիջանում կայացած փառատոնի մյուս հետաքրքիր դրվագները