«Ինձ դուր է գալիս»․ Ժաննա Բուտուլյանի ոճային փոփոխությունն ու նոր դերը
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն այս շրջանում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» նոր հեռուստասերիալում, որտեղ իր մարմնավորած կերպարի մասին ասում է՝ մինչև այս խաղացած բոլոր դերերից ամենամոտն է իրեն:
Tert.am Life-ի հետ զրույցում Ժաննան խոսել է նոր կերպարի, խաղընկերների հետ հարաբերությունների և սերիալների հասցեին հնչող քննադատությունների մասին:
«Շատ-շատ եմ սիրում կերպարս: Այսպիսի հանդարտ, լուրջ աղջկա առաջին անգամ եմ մարմնավորում: Մինչև այս խաղացածս կերպարների ինչ-որ հատկանիշներ նույնացրել եմ ինձ հետ, սակայն կերպարն ամենամոտն է ինձ իր ռեակցիաներով, վարքով, հանգստությամբ»,- ասաց Ժաննան:
Նոր դերի համար Ժաննան նաև ոճային փոփոխություն է արել: «Կերպարային փոփոխությունս Դիանայի առաջարկով արեցի: Ուզում էինք թարմություն հաղորդել տեսքես: Սանրվածքս եմ փոխել, բայց ակնհայտ արտաքին փոփոխություն կա: Երբեք այս կարճության մազեր չէի ունեցել»,- ասաց Ժաննան ու հավելեց, որ հեշտությամբ է հարմարվել նոր կերպարին, այն իրեն դուր է գալիս:
Նոր հեռուստասերիալում դերասանուհու հիմնական խաղընկերները Կարեն Ասլանյանը, Հարություն Մովսիսյանն ու Էմմա Մանուկյանն են: Կարենի հետ աշխատելու փորձ նա ունի և շեշտեց, որ երրորդ նախագծում են միասին նկարահանվում, այս ընթացքում շատ լավ խաղընկերներ են դարձել:
Ժաննայի խոսքով՝ Հարություն Մովսիսյանի ու Էմմա Մանուկյանի հետ աշխատանքով էլ տպավորված է: «Հատկապես Հարություն Մովսիսյանին պիտի առանձնացնեմ այդ սերնդի բոլոր դերասաններից: Նա շատ է տարբերվում թե՛ իր խորությամբ, թե՛ աշխատանքի և մարդկանց հանդեպ վերաբերմունքով, իսկապես եզակի մարդ է: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու նրա հետ»,- ասաց նա ու հավելեց, որ 2 տարվա դադարի ընթացքում հասցրել էր կարոտել Դիանայի հետ աշխատանքը:
«Շատ եմ սիրում Դիանայի հետ աշխատել: Այն, իսկապես, այլ երանգ ունի: Մեր ընկերությունը կապ չունի, դա առանձին հարաբերություն է, որը չի ազդում աշխատանքի վրա: Իր հետ աշխատանքը հենց որպես աշխատանք եմ սիրում, որովհետև երբ գալիս է նրա սցենարը, որպես հեռուստադիտող էլ հետաքրքրությամբ կարդում եմ ու պատկերացնում, թե ինչպես ենք աշխատելու,- ասաց դերասանուհին, իսկ դիտարկմանը, որ հաճախ լսարանի կողմից հենց սցենարներն են քննադատության արժանանում, արձագանքեց,- Ես ընդհանրապես համաձայն չեմ այդ քննադատությունների հետ, քանի որ դրանց 99 տոկոսն ասում են մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկանում ու փոխարենը ոչինչ չեն առաջարկում: Եթե քննադատում ես, դա չպիտի լինի խոսքով, պիտի առաջարկես ավելի արժեքավոր աշխատանք»:
Դիտարկմանը, որ հեռուստադիտողները կարող են ակնկալել հետաքրքիր ու դիտարժան նախագիծ, սակայն պարտավորություն չունեն հեռուստատեսության աշխատակիցների փոխարեն առաջարկներ անել, նա պատասխանեց․ «Առավել ևս, եթե հեռուստադիտողների խոսքը մասին է, պետք է նշեմ, որ նրանք հաճախ, չիմանալով, որ դա Դիանայի նախագիծը չէ, քննադատում են Դիանային: Քանի որ նա է հայտնի այս ինդուստրիայում, այլ սերիալների «մեղքերն» ու թերացումները բարդվում են նրա վրա»:
Ինչ վերաբերում է կոնկրետ իրենց սերիալների հասցեին հնչող քննադատություններին՝ Ժաննան առաջ բերեց բարձր վարկանիշն ու ասաց, որ սա ինքնին գնահատական է: «Ես հպարտ եմ, որ աշխատում եմ այս նախագծերում»,- շեշտեց նա:
Տարիներ շարունակ սերլաային ինդուստրիայոմ ներկայանալը, դերասանուհու խոսքով, իրեն չի հոգնեցել: «Կյանքում իմ ընտրություններն անում եմ միայն սրտով: Միշտ այդպես եմ մտածել և կմնամ իմ համոզմունքին, որ երբ ընտրությունդ անում ես սրտով, երբեք չես ձանձրանում քո ընտրությունից՝ լինի աշխատանք, կողակից, թե այլ հարց: Նկարահանման պրոցեսը սիրում եմ նույն եռանդով, ինչպես առաջին օրը: Միշտ հիշում եմ նկարահանման առաջին օրը, երբ եկա «Արմենիա TV», սիրահարվեցի այս պրոցեսին: Գազելով գնում էինք նկարահանման, մտածում էի՝ ինչ լավ է անցնում, մինչև հիմա այդ էմոցիան կա»,- եզրափակեեց Ժաննան:














