Գեղեցկուհու տիտղոսի հավակնորդների սպորտային պայքարն ու ամենամարզված մասնակիցը
«Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների մասնակիցները երեկ համառորեն պայքարում էին «Միսս սպորտ» անվանակարգի համար: Tert.am Life-ը հետևել է մրցույթի ընթացքին և ներկայացնում է ֆոտոշարքն ու մանրամասները:
Վազք, հեռացատկ, պարանով ցատկ և լող: Առաջին 3 մրցույթին մասնակցեցին բոլոր 25 աղջիկները, լողի մրցույթին մասնակցեցին միայն նրանք, ովքեր տիրապետում են այս սպորտաձևին և չեն վախենում ջրից:
Վազքի և հեռացատկի ժամանակ հաղթեց 17-ամյա Էմմա Մկրտչյանը, պարանով ցատկի ժամանակ 23-ամյա Սերինե Մխիթարյանը, լողի մրցույթում՝ 21-ամյա Մելանյա Արզումանյանը: Վերջիններս իրար հետ եզրափակիչ պայքար մղեցին ձգման մրցույթում՝ փորձելով պահել իրենց հավասարակշռությունը ձգման ժամանակ: Արդյունքում հաղթեց 21-ամյա Մելանյան Արզումանյանը:
«Միսս Արմենիա» հկ նախագահ Գոհար Հարությունյանն ասաց, որ կարծում էին՝ «Միսս սպորտ» անվանակարգում կհաղթի Էմման, սակայն հեռացատկի ժամանակ նա վնասվածք ստացավ և չկարողացավ մինչև վերջ դիմանալ ձգման մրցույթում:
Գոհարը հայտնեց, որ հայտագրման և ընտրման պահից աղջիկներին ապահովել են ֆիթնեսով զբաղվելու հնարավորությամբ, քանի որ դա շատ կարևոր է կառուցվածքի համար․ «Մենք ապահովում ենք սպորտով զբաղվելու հնարավորությամբ, սակայն սպորտով զբաղվելը կենսակերպ է: Նախամրցութային շրջանն այդքան երկար չէ և, ի վերջո, այս անվանակարգում առաջատար են դառնում այն աղջիկները, որոնք նախկինում էլ զբաղվել են ֆիթնեսով»:
Ավելի վաղ կայացել են «Միսս տաղանդ» մրցույթը, որում հաղթել է 22-ամյա Նարե Օրդյանն ու «Միսս ինտելեկտ» մրցույթը, որում հաղթել է 26-ամյա Նաիրա Վարդանյանը:











































Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի







