«Նվերին մեծ ուշադրություն եմ դարձնում»․ Լիանա Հակոբյանը` 22-ամյակի, ձեռքբերումների ու տարիքից մեծ երևալու մասին
Երիտասարդ դերասանուհի Լիանա Հակոբյանն այսօր տոնում է 22-ամյակը։ Լիանայի խոսքով` տարեդարձի օրն իր համար ամենասպասված և ուրախ օրն է։ Դերասանուհին այս տարի ծրագրել է օրն անցկացնել ընկերական նեղ շրջապատում։ Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է տարեդարձը նշելու, ամենահիշարժան օրվա, նվերների և այս ընթացքում իր ձեռքբերումների մասին։
«Ինչպես շատերը, ես էլ սիրում եմ ուշադրություն, իսկ այսօր այն օրն է, երբ ուշադրության պակաս չես զգում․ բոլորը շնորհավորում են, լավ մաղթանքներ ասում: Անգամ, նրանք, ովքեր սովորական օրերին, գուցե, վատ մեկնաբանություններ թողնեին սոցցանցային էջերում, այսօր լավ բաներ են գրում։ Հատկապես հայտնի դառնալուց հետո տարեդարձիս ավելի շատ եմ սպասում»,- ասաց Լիանան։
Դերասանուհու խոսքով՝ սովորաբար առաջինն իրեն շնորհավորում են տան անդամները, սակայն այս տարի երկրպագուները բոլորից առաջ են անցել՝ սոցցանցային էջերում առաջինը շնորհավորելով իրեն․ «Շատ հետաքրքիր ստացվեց․ հոգնած եկա տուն, քնեցի: Մինչև այդ մայրիկիս զգուշացրել էի կեսգիշերին ինձ արթնացնի, որպեսզի Ինստագրամում լուսանկար տեղադրեմ։ Արթնացա լուսանկարը տեղադրելու համար և ընտանիքիս անդամները տորթով, մոմերով գեղեցիկ շնորհավորեցին ինձ։ Սոցցանցերում ևս շատ շնորհավորանքներ եմ ստացել և դեռ շարունակում եմ ստանալ»։
Այսօր Լիանան տխրելու առիթ էլ ունի: Ասում է՝ իր համար շատ կարևոր մարդ՝ դերասան Արմեն Բալաբանյանը («Ոսկե դպրոցի» Արամիկը), կողքին չէ, քանի որ ծառայում է Հայոց բանակում․ «Կցանկանայի, որ նա ևս այսօր կողքիս լիներ։ Չնայած մեզ հաճախ են սիրավեպ վերագրում, մենք անչափ մտերիմ ընկերներ ենք, և ես նրան ինձ համարում եմ եղբայր։ Իսկապես կուզեի, որ այսօր ինքն էլ օրն ինձ հետ անցկացներ»։
Լիանայի խոսքով՝ ինքն անչափ կարևորում է, թե իրեն ինչ են նվիրում։ Ըստ դերասանուհու՝ սիրում է, երբ նվերն ընտրում են իր նախասիրություններին համապատասխան․ «Չեմ խաբի, ես նվերին մեծ ուշադրություն եմ դարձնում։ Սիրում եմ ստանալ այնպիսի նվեր, որն ինձ իսկապես կուրախացնի։ Առհասարակ, նվերներ ստանալ շատ-շատ եմ սիրում։ Կան մարդիկ, որոնց համար նշանակություն չունի, թե ինչ են ստանում, ինձ համար ունի։ Այսօր արդեն հասցրել եմ ծաղիկներ ստանալ՝ թե՛ կեսգիշերին, թե՛ օրվա ընթացքում: Ինչ վերաբերում է մյուս նվերներին՝ օրն առջևում է»։
Դերասանուհին տարիներ շարունակ տարեդարձի օրը դիմավորել է Ռուսաստանում, քանի որ ամառային արձակուրդներին մեկնում էր բարեկամների մոտ։ Այս տարի Երևանում է լինելու։ Ասում է՝ մինչև օրս ամենահիշարժան տարեդարձը եղել է Ռուսաստանում, երբ օրն անցկացրել է անծանոթ մարդկանց շրջապատում․ «Ռուսաստանում շատ պատահաբար տարեդարձս նշեցի անծանոթ մարդկանց շրջապատում։ Իրականում, շատ էի ցանկանում մեծ խնջույք ունենալ, բայց, հանգամանքների բերումով, ես ու քույրիկս մենակ պետք է նշեինք օրս։ Քանի որ անընդհատ ասում էի, որ մեծ ծնունդ եմ ուզում, քույրս որոշեց հրավիրել իր ծանոթների և ընկերներին։ Իհարկե, հետո ես էլ ընկերացա նրանց հետ, բայց տարեդարձիս օրն անծանոթ էին: Շատ լավ օր անցկացրեցի ու լավ նվերներ ստացա։ Հետաքրքիրն այն էր, որ ես ոչ ոքի անունը չգիտեի, բայց իրենք իմ տարեդարձին ինձ հավասար ուրախանում էին։ Այդ օրը երբեք չեմ մոռանա»։
Խոսելով իր ձեռքբերումների մասին՝ Լիանան նշեց, որ դեպի 22 տանող ճանապարհն իր համար շատ բուռն է անցել: «Ինքս ինձ համարում եմ կարիերիստ, իմ, գրեթե, բոլոր ձեռքբերումները կապված են աշխատանքիս՝ մասնագիտությանս հետ։ Ես երջանիկ մարդ եմ, որովհետև թե՛ թատրոնում, թե՛ հեռուստատեսությունում մեծ ձեռքբերումներ ունեցա, ավելացավ երկրպագուներիս թիվը, սկսեցի նաև դասավանդել իմ մասնագիտությամբ՝ դերասանի վարպետություն, շուտով հեռուստադիտողներն ինձ կտեսնեն նոր սերիալի շրջանակում արդեն դրամատիկ կերպարով: Ուրախ եմ, որ այս անգամ իմ տարիքի աղջկա կերպարով եմ ներկայանալու։ Սրանք ձեռքբերումներ են, որոնք ես ունեցել եմ մինչև 22 տարեկանս բոլորելը և ինձ համար շատ կարևոր են»,- ասաց դերասանուհին՝ առայժմ չցանկանալով բացահայտել, թե խոսքը որ հեռուստասերիալի մասին է։
Ինչ վերաբերում է իր տարիքից մեծ երևալուն՝ դերասանուհին ասաց, որ դրա համար երբեք չի անհանգստացել, չի նեղվել այդ թեմայով գրված բացասական մեկնաբանություններից․ «Ես հասուն եմ․ դա մարդկանց տարիքից մեծ երևալ է թվում։ «Ոսկե դպրոց» նախագծում դերն էր պահանջում, որ մեծ երևամ, ես հաջողությամբ լուծել եմ իմ առաջ դրված խնդիրը։ Հետաքրքիր է, որ մարդիկ, իրականում տեսնելով ինձ, ասում են, որ իմ տարիքին եմ երևում։ Տեսախցիկն ինձ իմ տարիքից ավելի է մեծ է ցույց տալիս։ Ես ունեմ 22 տարեկան նորմալ աղջկա տեսք»։











