Հավերժ երիտասարդի համբավ ունեցող Ջենիֆեր Լոպեսը տոնում է 50-ամյակը
Մոլորակի ամենասեքսուալ կանանցից մեկը համարվող հայտնի երգչուհի, դերասանուհի, պարուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսն այսօր տոնում է ծննդյան 50-ամյակը, գրում է gazeta.ru-ն:
Լոպեսը ծնվել է Նյու Յորքում՝ Պուերտո Ռիկոյից ծրագրավորողի ընտանիքում: Նա 5 տարեկանից սկսել է երգել և պարել, վաղ տարիքից ելույթ է ունեցել դպրոցում, ինչպես նաև հաջողությամբ հաղթահարել է ցածր բյուջեով «Իմ փոքրիկ աղջիկը» ֆիլմի քասթինգը:
Մի շարք մյուզիքլներում հանդես գալուց, Եվրոպայում ու Ճապոնիայում ունեցած հյուրախաղերից հետո Լոպեսը հայտնվել է հեռուստատեսությունում: 1995-ին նկարահանվել է «Փողի գնացք» ֆիլմում, իսկ 1997-ին նկարահանված «Սելենա» ֆիլմում գլխավոր դերի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի է ներկայացվել: Նա մոտ երեք տասնյակ ֆիլմերում է նկարահանվել, որոնցից շատերը սիրված են հանդիսատեսի կողմից:
Լոպեսի առաջին ձայնասկավառակը թողարկվել է 1999-ին, սակայն նրան առավել մեծ հաջողություն է բերել երկրորդ՝ «J.Lo» ձայնասկավառակը, որը 4 անգամ պլատինե կարգավիճակ է ստացել:
2002-ին հայտնի է դարձել երգչուհու և դերասան Բեն Աֆլեկի սիրավեպի մասին, սակայն զույգը հարսանիքից մեկ օր առաջ չեղարկել է այն:
Ավելի ուշ Լոպեսն ամուսնացել է երաժիշտ Մարկ Էնթոնիի հետ: Նրանց ամուսնությունը տևել է 10 տարի՝ մինչև 2014-ի հունիսը: Այժմ երգչուհին կրկին հարսնացուի կարգավիճակում է. 2019-ի մարտին նա նշանադրվել է բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ:






















