«Ամեն ինչ շատ կիսատ մնաց». Զառա Արամյանի դուստրը՝ մոր կյանքի վերջին օրերի մասին

16:41 • 02.02.26

«Ընտանիքով գեղեցիկ դիմավորեցինք տարին ու շատ մեծ ուրախությամբ ու ավելի մեծ սիրով սպասում էինք Սուրբ Ծնունդին: Ինչպես միշտ թաքցնելով ցավն ու անհանգստությունը` ուրախ էր, վառ, ժպիտով ու հավատքով: Բայց ինչպես ասում են՝ «աչքերը երբեք չեն խաբում»: Աչքերը մատնում էին, թե կարծես մի բան թերի է, կիսատ է ու կիսատ էլ կմնա…մինչև վերջին պահը կյանքի հանդեպ սիրով էր ու մեծ հավատքով»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով մոր՝ Զառա Արամյանի կյանքի վերջին օրերի մասին, պատմել է նրա դուստրը՝ Էլլեն Գասպարյանը:

Նրա խոսքով՝ մայրն անհամբեր սպասում էր իր հարսանիքին ու անընդհատ խոսում այդ մասին:

«Շատ էինք խոսում հարսանիքից, մտածում էինք` այս տարի անել, անգամ խոսում էինք, թե ում կհրավիրեինք, ինչ հետաքրքիր բեմադրություններ կլինեին... սպասում էր շատ, ու դա իրեն ապրեցնում էր...վերջին տեսահոլովակներից հետո պարզ դարձավ բոլորին, որ իր ամենամեծ երազանքը իմ ու եղբորս երջանիկ ընտանիքը տեսնելն էր, շատ-շատ էր ուզում վայելել թոռնիկներին»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Էլլենը:  

Նա պատմեց, որ Զառան միշտ ասում էր, որ իր երջանկությունն ամբողջական է միայն երբ ամեն բան իր տեղում է` ընտանիքը, շրջապատը և կարիերան, իսկ հավատքը՝ ամենավերևում: «Վերջին տարիներին շատ էր կարոտում եթերը, բայց և ասում էր, որ ամեն բան ունի իր տրամաբանական ու գեղեցիկ ավարտը ու արդեն հիանում էր եթերի նոր տաղանդավոր երիտասարդներով:

Միշտ ճանաչել ու հիացել եմ մայրիկիս տեսակով` բարի, կամեցող, սրտացավ, բայց վերջին շրջանում այնքան շատ եմ ստանում անծանոթ մարդկանցից նամակներ, պատմություններ, թե ոնց է իրենց կյանքը դրական փոխվել նրա մի խոսքի, կամ որևէ քայլի, աջակցության շնորհիվ, որ ես հիմա նրա մարդ տեսակը նոր եմ սկսում լիովին ու խորապես ճանաչել:

Մաման միշտ ասում էր. «Էլկա, այնքան բան ունեմ քեզ պատմելու, ասելու... բոլորին եմ ասում, բայց սպասում եմ, թե դու երբ ես մեծանալու, որ ամբողջը քեզ ասեմ»: Մենք ընկերություն էինք անում ու դա մեզ ավելի էր կապել, մտերմացրել: Ես երջանիկ եմ, որ Աստված իրեն է ինձ մայր ընտրել, բայց ամեն ինչ շատ կիսատ մնաց, մենք դեռ միասին շատ բան ունեինք անելու և խոսելու»,- ամփոփեց Էլլենը:

Ավելի վաղ, Զառա Արամյանը Tert.am Life-ի հետ զրույցում, երկար լռությունից հետո խոսել էր առողջական լուրջ խնդիրների, կյանքի բարդ փուլի ու եթերում չլինելու պատճառների մասին: 

«Ամեն ինչ շատ կիսատ մնաց». Զառա Արամյանի դուստրը՝ մոր կյանքի վերջին օրերի մասին