«Հավատն է, որ քեզ ամեն օր անկողնուց հանում է, ստիպում ընդունել դեղահաբերի մեծ չափաբաժին ու շարունակել ապրել». Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը Tert.am Life-ին՝ սրտի վիրահատությունից հետո
Սրտի վիրահատության 1-ին փուլի, հետագայում սպասվող բուժման փուլերի, լրատվամիջոցների սխալ գործելակերպի ու դրա հետևանքով վատ մեկնաբանությունների արժանանալու, երբեք չկոտրվելու և կյանքի բարդ շրջանում դստեր 1-ամյակը կազմակերպելու մասին առաջին անգամ Անի Քոչարը պատմել է Tert.am Life-ին:
Եթե հղիության ընթացքում ունենայի այն խնդիրը, ինչ ունեմ, կմնայի վիրահատական սեղանին...
Դստերս ծնվելուց հետո է սրտի խնդիրներն առաջացել, մինչ այդ երբևէ սրտի հետ կապված ոչ մի խնդիր չեմ ունեցել, 1-ին անգամ սրտաբանի մոտ այց ունեցել եմ, երբ Մարիայիս էի սպասում, բայց լուրջ խնդիր չեն նկատել:
Ես հղիությունը շատ լավ եմ տարել, բնականոն, անգամ սպասվածից էլ լավ: Հաշվի առնելով շատ մտավախություններ՝ ամեն բան փայլուն է անցել: Մինչև հղիության վերջին օրն ապրել եմ ակտիվ կյանքով, հանրային ակտիվ գործունեություն եմ ծավալել, անգամ որևէ ահազանգ չկար, որ կա առողջական խնդիր: Եթե հղիության ընթացքում ունենայի այն խնդիրը, ինչ հիմա ունեմ, ցիտում եմ բժիշկների խոսքերը՝ ես չէի կարողանալու ծննդաբերել և կմնայի վիրահատական սեղանին:
Առողջական լուրջ խնդիրներն ինձ մոտ ծագել են բալիկի ծնունդից ամիսներ հետո...
Որքան էլ մեծ էր մայրանալու ցանկությունը և երազանաքս աղջիկ բալիկ ունենալու, բայց, եթե ես ունենայի առողջական խնդիր, բալիկի կյանքն ու նրա առողջությունը վտանգի չէի ենթարկի: Երբեք էգոիստ որոշումներ չեմ կայացրել, և բոլոր խոսակցությունները, որ չպետք է ունենայի երեխային, ինձ զարմացնում են, ինչպե՞ս են մարդիկ ուրիշի կյանքի համար այդպիսի կարծիքներ ու դիրքորոշումներ հայտնում: Մարդու փոխարեն որոշում են, թե նա ինչ պիտի աներ, ինչ՝ չաներ, չիմանալով այդ մարդու կյանքից ոչինչ: Ուզում եմ փարատել, որ առողջական լուրջ խնդիրներն ինձ մոտ ծագել են բալիկի ծնունդից ամիսներ հետո, և շատ միանգամից ու զարմանալի կերպով:
Մյուս լուծումը դա սրտի բաց վիրահատությունն է
Սրտի վիրահատության 1-ին փուլը՝ կարդիովերտեր-դեֆիրիլատորի իմպլանտացիան արվել է Աստղիկ ԲԿ-ում: Մինչ այնտեղի սրտաբաններ Լուսինե Հովհաննիսյանին, Արմեն Դանոյանին, Մհեր Սուսանիին դիմելը 4 բուժհաստատություններում տարբեր սրտաբանների մոտ եմ ստուգվել: Որոշումս կայացրել եմ հօգուտ Մհեր Սուսանիի ու Լուսինեի՝ հաշվի առնելով նրանց մասին լսած բազում կարծիքները, թե որքան կյանքեր են փրկել:
Մարտ ամսից սկսած, երբ ես շտապօգնությամբ տեղափոխվեցի հիվանդանոց և հայտնվեցի վերակենդանացման բաժանմունքում, ստանում եմ դեղորայքային բուժում: Այն խնդիրը, որը ես ունեմ, առանց դեղորայքի չեմ կարող ապրել, եթե չընդունեմ անհրաժեշտ դեղերը, շատ վատ հանգուցալուծում կունենա այս ամենը:
Անսասան հավատքը կարող է հրաշքներ գործել
Սիրտս, ավաղ, 1 խնդիր չունի, մի քանի տարբեր ախտորոշումներ ունի: Ոչ մի կերպ չենք հասկանում, ինչպես է պատահել, որ միանգամից մեկը մյուսից լուրջ ու վտանգավոր խնդիրներ են առաջացել: Մի դեպքում դեղորայքային բուժումն է, մյուսի դեպքում արվեց այս վիրահատությունը՝ կարդիովերտեր-դեֆիրիլատորի իմպլանտացիան, որը տեղադրվում է և ամրացվում է լարերը սրտին, ու վտանգի դեպքում, երբ կա հանկարծամահության խնդիր, այն անմիջապես արձագանքում և կանխում է դա:
Մյուս լուծումը դա սրտի բաց վիրահատությունն է, որը դեռևս պետք է որոշակի բուժումներից հետո արվի: Աստծով մեծ հույս ունեմ, որ ինչ-որ հրաշքով անգամ դրան չենք հասնի: Մյուս տարբերակը դա սրտի փոխպատվաստումն է: Հուսով եմ այդ 2 ծայրահեղ քայլերին չենք գնա ու ամեն բան լավ կլինի: Ամեն օրս աղոթքը շութերիս անցկացնում եմ, և վստահ եմ, որ որևէ վայրկյան Տերը ինձ չի թողնելու: Այս ճանապարհն էլ անցնելու եմ և ևս մեկ անգամ վկայելու եմ, որ անսասան հավատքը կարող է հրաշքներ գործել:
Այն, ինչ կիսվում եմ ինստագրամում, բացառապես իմ լսարանի համար է
Դիմելով իմ շատ սիրելի գործընկերներին՝ լրագրողներին, այն ինչ կիսվում եմ ինստագրամում, բացառապես իմ լսարանի համար է: Ես կարիք չունեմ հավելյալ լսրան գրավելու: Իմ էջում այն մարդիկ են, ովքեր շատ երկար իմ կողքին են, և կարծես մի ընտանիք դարձած լինենք: Նրանց հետ անկեղծ եմ, բայց ամեն բան չէ, որ ցանկանում եմ դառնա հանրության սեփականությունը: Մարդիկ, ովքեր քո լսարանից չեն, չգիտեն քո կյանքի անցած ճանապարհը, նրանք ընդամենը 1 սթորիից կարող են եզրահանգումներ անել, սխալ տպավորություն ստանալ, և գրել մեկնաբանություն, որը կարող է անարդարացի լինել:
Այն ծանր ճանապարհը, որ դու անցնում ես, քեզ լրացուցիչ բեռ հարկավոր չէ: Երբեմն իմ էջում տեղադրելով ինչ-որ նորություն, նշում եմ, որ դա ԶԼՄ-ներում տպագրելու ենթակա չէ, բայց մշտապես լինում եմ լրատվամիջոցներ, որոնք չեն հարգում քո որոշումն ու միշտ գտնվում են մարդիկ, ովքեր ընդամենը վերնագիր կարդալով, անարդարացի վաստակում ես քարկոծում, զրպրատություն, որը բացարձակ չպետք է քեզ դիպչեր:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն լրատվամիջոցներին, որոնք միշտ կոռեկտ են և դիմում ու պարզաբանումներ են վերցնում, հետո նոր միայն հրապարակումներ են անում, ու չեն դնում վերնագրեր, որոնք լսարան գրավող, բայց նաև մարդու թիրախավորող են:
Մարդիկ հաճախ ոչ թե հրապարակումն են կարդում, այլ միայն վերնագիրն, ու հեղինակավոր կարծիք հայտնում
Մարդիկ, ովքեր ամենօրյա պայքարի մեջ են մահացու ու դաժան հիվանդության դեմ, տարբեր առողջական խնդիրներ ունեն, հետևելով իմ ինստագրամյան էջին, այն իրենց համար ոգեշնչման աղբյուր է դառնում:
Նրանց հետ բաժնեկցելով դժվարին ճանապարհով, որով ես եմ անցնում, կարողանում եմ նրանց մոտիվացնել, որ չնայած կյանքի բոլոր դաժան հանգամանքներին, մարդ չպետք է չարանա, իր խնդիրները չփաթաթի այլոց պարանոցին: Յուրաքանչյուրն իր խաչն է տանում և գիտի դրա ծանրությունն ու զորությունը: Ինստագարմում պատմելու իմաստը բացառապես սա է:
Քանի որ ես մոտիվատոր, հրապարակախոս և հեղինակ եմ, իմ մասնագիտության մի մասնիկն է հանրայնացնելը: Բայց չէի ցանկանա, որ լրատվամիջոցները ընտրեն վերնագրեր, որոնք լսարան գրավելու համար են: Մեր օրերում մարդիկ հաճախ ոչ թե հրապարակումն են կարդում, այլ միայն վերնագիրը, և պատրաստ են հեղինակավոր կարծիք հայտնելու: Կուզեի, որ մեդիագրագիտությունը մեր հանրության մեջ մի փոքր ավելի զարգարանար:
Այս իրավիճակում տարեդարձ կազմակերպելը...
Սեպտեմբերի 25-ը մեր ամուսնության օրն է, և հատուկ եմ այդ օրն ընտրել, որ Մարիան լույս աշխարհ գա: Այսօր մեր ամուսնության 4-րդ տարին է լրանում և Մարիայիս 1-ամյա տարեդարձը:
Քանի որ ճակատագրի բերումով այնպես է ստացվել, որ իմ ընտանիքի անդամները, ինձ համար թանկ մարդիկ, այժմ Հայաստանում չեն բնակվում, բոլորն արտերկրում են, ես այստեղ իմ ընտանքի հետ միայնակ եմ, դրա համար ի սկզբանե որոշել էի, որ անկախ այս վիրահատությունից Մարիայիս 1 ամյակը նշելու ենք: Պարզապես մեծ խնջույք չի կազմակերպվելու, մեծ կնշենք, երբ բոլորս իրար գլուխ հավաքված կլինենք, Մարիային կմկրտենք ու կունենանք մեծ խնջույք: Փառք Աստծո, որ մայրս է այս պահին մեզ հետ: Անսահման շնորհակալ եմ մայրիկիս՝ Սաթենիկին, ով մեկ տարվա մեջ 3-րդ անգամ է ԱՄՆ-ից գալիս Հայաստան՝ ունենալով առողջական խնդիր, որպեսզի ինչ-որ կերպ թոթափի իմ հոգսերը, երեխաներիս կողքին լինի և հետվիրահատական շրջանում աջակցի ինձ: Նրանից էլ սովորել եմ անմնացորդ նվիրումը բալիկներին, անձնուրացությունը և գթասրտությունը:
Իմ կարծիքով դստերս ծնունդը լավագույն բան էր, որ կարող էի արած լինել իմ կյանքում, որ Մարիան ծնվել է առողջ ու լիարժեք: Անչափ ուրախ եմ, որ որդուս կյանքում կա Մարիան: Քույր և եղբոր կապը մի ուրիշ, աննկարագրելի բան է: Դավիթս, բացի այն, որ իմ փոքրիկ օգնականն է, նաև քրոջ պաշտպանն է: Երջանիկ եմ, որ քույր ու եղբայր իրար ունեն, ես պարզապես օրհնված եմ Մարիայի ծնունդով, Տիրոջ գործերն անքննելի են, և՛ Մարիան, և՛ Դավիթը հերթական ապացույցն են են Տիրոջ գոյության:
Քո թռիչքը որևէ բան չի կարող կասեցնել...
Մարդու բնավորությունից է կախված կյանքի դժվարություններին ինչպես կարձագանքի: Մեկը կարող է թեթև խնդիրն այնպիսի արհավիրք ներկայացնել, և ճիշտ հակառակը՝ մարդ կարող է իր կյանքի ամենադժվար փորձությունների ժամանակ անգամ հանրության առջև հայտնվել ժպիտով, գլուխը բարձր, մեջքն ուղիղ, որ մարդիկ, ովքեր տեղյակ չլինեն անգամ կասկած չունենան, այդ մարդու ուսերին որքան մեծ բեռ կա:
Դա մարդու անհատական որոշումն է, կարևոր է նաև վերաբերմունքդ այդ ամենին: Եթե դու կյանքիդ ամեն մի հարվածին, անկմանը վերաբերվում ես որպես ավարտի, որ կյանքն ավարտվեց, որ դու հիվանդ, դժբախտ կամ կործանված մեկն ես, բնականաբար, դա է գտնում իր արտացոլանքը և՛ կյանքի, և՛ ապրելակերպի վրա:
Իսկ, եթե այլ վերաբերմունք ես դրսևորում, որ անկախ ամեն ինչից կյանքը շարունակվում է, թեկուզ մեկ բեռով ավելի պետք է շարունակես, ու քո թռիչքը որևէ բան չի կարող կասեցնել, կշարունակես գնալ առաջ, ի հեճուկս բոլոր դժվարությունների:
Իմ պարագայում մեծ դեր ունի նաև հավատքը, եթե ես վստահ չլինեի, որ վաղն ամեն բան լավ է լինելու, որ կրկին անուշ լուսաբաց է լինելու, չգիտեմ ինչ կլիներ: Այդ հավատն է, որ քեզ ամեն օր անկողնուց հանում է և ստիպում է գործել, ընդունել դեղահաբերի մեծ չափաբաժին:
Շատ հեշտ կլինի մտնել հիվանդի կարգավիճակի մեջ, տկար, անկողնային, ասել՝ ես լավ չեմ, եկեք, օգնեք, փրկեք, բայց դա ինձ համար չէ: Եթե ես 1 օր այդ կենսակերպով ապրեմ, այդ ժամանակ ես հաստատ կմահանամ:
Ինձ համար մահը այն չէ, որ դու ֆիզիկապես կաս, կամ չկաս, ինձ համար մահն այն է, որ դու հոգեպես գոյություն չես ունենում: Ինձ համար կյանքը դա գործելն է, արարելն է, նորություններ ստեղծելն է, աշխատելն է: Այժմ ես իմ 3-րդ գրքի վրա եմ աշխատում, վստահաբար լինելու է և՛ 3-րդ, և՛ 4-րդ գրքերը, կյանքը չի ավարտվում, քանի դեռ Աստված տվել է հնարավորություն Աստծո լույսը տեսնելու:
Դա մեկ հնարավորություն է այն, ինչ չես հասցրել անել, անելու, վրիպումները շտկելու, լրացնելու կամ վերանայելու: Ես կյանքին այս փիլիսոփայությամբ եմ նայում և չեմ ընդունում մնացած բոլոր տարբերակները: Եթե ես մեկ շաբաթ փակվեմ տանը և ասեմ, ես ծանր ախտորոշումներ ունեցող մարդ եմ, հաշմանդամի պիտակը ճակատիս ապրեմ, ես մեկ օր չեմ ապրի:
Որպեսզի չզգամ այդ ողջ ծանրությունն ու բեռը, ես դրանց հետ պայքարում եմ, ընդդիմանում եմ, և դրանց մարտահրավեր եմ նետում իմ կենսակերպով: Չի եղել գեթ մեկ անգամ, որ Մարիայի կամ Դավիթի կենսակերպում ինչ-որ բան փոխվի, որովհետև մայրիկը ունի առողջական խնդիրներ կամ, որովհետև ցավեր ունի, տկար է: Ես միշտ ընդունում եմ իմ դեղահաբերը, հավաքում եմ ինձ, և չունենք մեկ բացթողնված մարզում կամ որևէ բան, որ պիտի լիներ բայց չի եղել, քանի որ հիվանդ եմ:
Որքան էլ դժվար է տրվում և կողիքց երբեմն անհնարին է թվում, բայց ես դա անում եմ, որովհետև ինձ դա ստիպում է զգալ, որ ապրում եմ, ունակ եմ, և ամեն բան ավարտված չէ, և սա ինձ ինչ-որ առումով բուժում է, օգնում է նորոգվելու ու կրկին ապրելու:
Հեղինակ՝ Անի Մնացականյան







