«Մորուքավորի յոթ կանայք» ներկայացման պրեմիերայով կմեկնարկի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնի գործունեությունը
«Մորուքավորի յոթ կանայք», «Toilet կանանց համար» և «Ապրիր, քանի դեռ ապրում ես…» ներկայացումներով կսկսվի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնի գործունեությունը: Բեմադրությունների հեղինակը ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն է, ում մոտ նոր թատրոն հիմնելու գաղափարը վաղուց էր առաջացել: Նրա խոսքով՝ իր հիմնած թատրոնում հիմնականում կխաղան «Գալյա Նովենց» թատերական դպրոցի շրջանավարտները։
Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը կբացվի սեպտեմբերի 15-ին՝ «Մորուքավորի 7 կանայք» ներկայացման պրեմիերայով։ Այն կգործի Հայաստանի Թատերական Գործիչների միության շենքում։ Ալեքսանդր Վոլոդինի «Կապույտ մորուքի յոթ կանայք» պիեսի հիման վրա բեմադրված «Մորուքավորի 7 կանայք» ներկայացումը հայտնի պատմությունը բացահայտում է նոր տեսանկյունից՝ համարձակ, սուր հումորով և հոգեբանական խորությամբ։ Յոթ կանայք, յոթ տարբեր ճակատագրեր ու յոթ ձայներ, որոնք մեկ առ մեկ բացահայտում են սիրո, խանդի, իշխանության, ազատության և ընտրության մասին իրենց ճշմարտությունները։
Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը նոր թատերաշրջանը բացում է Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ՝ ներկայացնելով մի գործ, որը միաժամանակ զվարճացնում, հուզում և ստիպում է վերանայել վաղուց ծանոթ պատմությունը։ Երբ յուրաքանչյուր կին պատմում է իր ճշմարտությունը, հարցն արդեն այն չէ, թե ով էր Մորուքավորը, այլ՝ ո՞ւմ պետք է հավատալ։ Ռուդոլֆո Սանտանայի «Toilet կանանց համար» պիեսը սուր, ժամանակակից, հեգնական և միաժամանակ հուզիչ պատմություն է մարդկային հարաբերությունների ու միայնության մասին։ Սա ներկայացում է կանանց մասին, բայց ոչ միայն կանանց համար։ Այն հետաքրքիր է յուրաքանչյուրին, ով երբևէ սիրել է, կորցրել, կասկածել, պայքարել կամ փորձել հասկանալ ինքն իրեն և դիմացինին։












