«Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմը գերազանցել է ՀՀ-ում նկարահանված բոլոր ֆիլմերի հանդիսատեսների քանակը, հիմա վերադառնում է ներկայացման ձևաչափով. Գրիգոր Դանիելյան

17:15 • 26.08.26

«Ֆուլ Հաուս»-ը վերադառնում է, այս անգամ՝ ներկայացման ձևաչափով։ Սեպտեմբերի 8-ին սիրված կերպարները հանդես կգան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ամբողջովին նոր ծրագրով։ Այնուհետև սիրված նախագծի հերոսները մեկնելու են ՌԴ, Եվրոպա և հյուրախաղերը եզրափակելու են ԱՄՆ-ում։ Նախկինում ներկայացման առաջին ցուցադրությունը կայացել էր հենց ԱՄՆ-ում։

«Նախորդ տարի մեկնել էինք ԱՄՆ՝ «Ֆուլ Հաուս» շոու-ներկայացմամբ։ Իրականում մեզ շատ էին հարցնում՝ ինչո՞ւ ԱՄՆ, ոչ թե Երևան։ Պատճառները տեխնիկական էին։ Մենք շատ էինք ցանկանում հենց Երևանում ունենալ ներկայացում, և ահա մեկ տարի անց կատարում ենք մեր հանդիսատեսի պահանջը․ սեպտեմբերի 8-ին Երևանում կունենանք ներկայացում։



Սա ամբողջովին նոր ներկայացում է՝ նոր սցենարով։ Այն բաղկացած է մի քանի ծիծաղելի փոքրիկ բեմադրություններից։ Վստահ եմ՝ հանդիսատեսը շատ կսիրի։ Սպասվում է լիքը ծիծաղ»,- Tert.am.life-ի հետ զրույցում ասաց «Ֆուլ Հաուս»-ի դերակատար, սցենարի հեղինակներից մեկը՝ Գրիգոր Դանիելյանը։

Նրա խոսքով՝ կրկին ներկայացումով հանդես գալու և այնուհետև շրջագայելու գաղափարը վաղուց կար։

«Որոշեցինք նաև կատարել Մոսկվայում և Եվրոպայում ապրող մեր հանդիսատեսի պահանջը և կազմակերպել շրջագայություն։ Իրականում «Ֆուլ Հաուս» ֆիլմի արձագանքները բուռն էին, և մենք կարծում ենք, որ հանդիսատեսին հետաքրքիր կլինի մեզ տեսնել նաև բեմում, ոչ միայն էկրաններին։

Սցենարի վրա, ինչպես միշտ, աշխատում ենք ես և Գարիկ Սեփխանյանը։ Իհարկե, ամբողջ կազմի կարծիքը մեզ համար շատ կարևոր է, և փորձերի ժամանակ բավական փոփոխություններ ենք անում՝ սցենարն ավելի լավ, հետաքրքիր և, իհարկե, ծիծաղելի դարձնելու համար»։

Ըստ դերասանի՝ այս ձևաչափով «Ֆուլ Հաուս»-ի բեմ վերադառնալու ոգեշնչումը նաև «Ֆուլ Հաուս․ Վայրէջք»-ի հաջողությունն էր։

««Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմը գերազանցել է ՀՀ-ում նկարահանված բոլոր ֆիլմերի հանդիսատեսների քանակը։ Մենք ունեցել ենք ռեկորդային թվով հանդիսատես, ինչը և՛ սպասելի էր, և՛ անակնկալ։ Արձագանքները շատ դրական էին, ինչը ստիպեց մտածել նախագծով այս ձևաչափով ներկայանալու մասին։

Մենք մնում ենք հավատարիմ մեր սկզբունքներին․ ամեն նոր սեզոն, նոր ֆիլմ, նոր ներկայացում գրում ենք այնպես, ինչպես կգրեինք առաջին անգամ։ Եթե մոտեցումն այդպիսին է, արդյունքները գոհացնող են լինում։

Իհարկե, դժվար է գերազանցել ինքդ քեզ, բայց չենք մոռանում, որ այն, ինչ տեսել է մեր հանդիսատեսը, հեղինակները կրկին մենք ենք եղել։ Հետևաբար, մեր փորձը մեզ թույլ է տալիս ձգտել մատուցելու էլ ավելի լավը»։

Գրիգոր Դանիելյանի խոսքով՝ բոլոր դերասաններին մեկտեղելը հեշտ չէ, քանի որ յուրաքանչյուրն ունի իր զբաղվածությունները։

«Բայց քանի որ մենք բոլորս շատ ենք սիրում «Ֆուլ Հաուս»-ը, քանի որ այն եղել է ու միշտ էլ կլինի մեր բոլորի ամենաստացված նախագիծը, բոլորս էլ կարողանում ենք համախմբվել այս գաղափարի շուրջ։

Ինչ վերաբերում է Գոռ Հակոբյանին, այս ներկայացմանը նա կներկայանա այլ ձևաչափով։ Մենք ամեն ինչ արել ենք, որ նրա ներկայությունը ներկայացմանը լինի զգալի։ Բնականաբար, հանդիսատեսը շատ լավ հասկանում է, որ Գոռը կյանքի կարևորագույն ու դժվար փուլում է գտնվում, և նրա ներկայությունը այս ներկայացմանը, կարծում եմ, կընդունվի յուրաքանչյուր ձևաչափով»։

Դերասանը դժվարանում է նշել՝ արդյոք ներկայացումը Երևանում մեկից ավելի անգամ կցուցադրվի։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի պահանջարկ կլինի։ Վստահ եմ՝ առաջին ներկայացումից հետո շատերը կցանկանան ներկա գտնվել մեր շոու-ներկայացմանը, իհարկե, նաև այն մարդկանց խորհրդով, ովքեր արդեն ներկա են լինելու։

Սակայն պետք է հիշենք, որ մեր խմբին հավաքելը դժվար գործ է, ու գուցե սեպտեմբերի 8-ը լինի Երևանում մեր միակ ներկայացումը։

Մենք մշտապես հաշվի ենք առնում մեր թիրախային լսարանը։ Ու մի հետաքրքիր բան ասեմ․ «Ֆուլ Հաուս»-ի դեպքում թիրախային լսարանն իրականում շատ մեծ է․ մեզ դիտում են թե՛ 6 տարեկանները, թե՛ 60 տարեկանները։ Այստեղ արդեն մենք պետք է փորձենք նորից գոհացնել բոլորին՝ մեծերին էլ, փոքրերին էլ։

Ոչ մի փակագիծ չենք ուզում բացել, միայն կասեմ, որ ուզում ենք սա դառնա վերջին շրջանում ամենածիծաղելի ու հետաքրքիր ներկայացումներից մեկը»։

Գրիգորը նաև ընդգծեց, որ նոր ներկայացումն ամբողջությամբ կապ չունի ֆիլմի հետ։

«Նոր սցենար է։ Քանի որ սա բեմական ֆորմատ է, մենք ներկայացնելու ենք «Ֆուլ Հաուս»-ի հերոսներին տարբեր ծիծաղելի իրավիճակներում՝ այնպիսի իրավիճակներում, որոնք նույնիսկ «Ֆուլ Հաուս» սիթքոմի ոչ մի սերիայում հանդիսատեսը չի տեսել։

Մի խոսքով՝ այս ներկայացումը պետք է տեսնել, պատմելու բան չէ»։

Խոսելով իր կերպարի ամենահայտնի ատրիբուտներից մեկի՝ բեղերի մասին՝ Գրիգոր Դանիելյանը նշեց, որ այս անգամ դրանք բնական չեն լինելու։

«Որոշել եմ սիթքոմի նման կպցնել։ Չնայած դրան՝ բեղերն արդեն մի տեսակ հոգեհարազատ են դարձել»,-կատակեց Գրիգորը:

«Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմը գերազանցել է ՀՀ-ում նկարահանված բոլոր ֆիլմերի հանդիսատեսների քանակը, հիմա վերադառնում է ներկայացման ձևաչափով. Գրիգոր Դանիելյան