Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» առաջին անգամ աճուրդի է հանվել
Արքայադուստր Դիանայի սև մետաքսե զգեստը, որն ստացել է «վրեժխնդրության զգեստ» անվանումը, առաջին անգամ գրեթե 30 տարվա ընթացքում կհանվի աճուրդի։ Դիզայներ Քրիստինա Ստամբոլյանի լեգենդար հանդերձանքը կդառնա Նյու Յորքում Sotheby’s-ի երեկոյան աճուրդի գլխավոր լոտը, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, հայտնում է Vogue British-ը։
Զգեստի արժեքը գնահատվել է 150-300 հազար դոլար։ Աճուրդից առաջ այն հանրությանը կցուցադրվի Լոնդոնում, Հոնկոնգում և Ժնևում։
Դիանան զգեստը կրել է 1994 թվականի հունիսին՝ Լոնդոնի Serpentine պատկերասրահում Vanity Fair-ի երեկույթին։ Նույն օրը եթեր է հեռարձակվել նրա նախկին ամուսնու՝ այն ժամանակվա արքայազն Չարլզի հարցազրույցը, որում նա խոստովանել է ամուսնության ընթացքում դավաճանության մասին։
Իսկզբանե Դիանան ծրագրում էր միջոցառման համար ընտրել այլ հանդերձանք, սակայն վերջին պահին մտափոխվել է։ Ստամբոլյանի բաց ուսերով զգեստը շուրջ երեք տարի գտնվել է նրա զգեստապահարանում, սակայն նախկինում արքայադուստրն այն չափազանց համարձակ էր համարում հանրային ներկայացման համար։ Դիանայի կերպարն ամբողջացրել են մարգարտյա հարսանեկան մանյակը, կարմիր եղունգները և նույն երանգի շուրթերի ներկը։
Այս ելույթից հետո զգեստը հայտնի դարձավ որպես «վրեժխնդրության զգեստ» և վերածվեց բաժանումից հետո ինքնավստահ հանրային կերպարի խորհրդանիշի։ Դիանան այն այլևս չի կրել հանրության առջև։ 1997 թվականին արքայադուստրը զգեստը ներառել է 79 հանդերձանքների ցանկում, որոնք հանել է բարեգործական աճուրդի։ Միջոցներն ուղղվել են քաղցկեղով և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց օգնող կազմակերպություններին։
Ներկայիս տերերը զգեստը ձեռք են բերել այդ աճուրդում և այն ժամանակվանից ի վեր պահել են իրենց մոտ։ Սպասվելիք վաճառքից ստացված միջոցների մի մասը նույնպես կուղղվի բարեգործությանը՝ դրանք կփոխանցվեն NHS Lothian Charity-ին՝ Էդինբուրգի Թագավորական հիվանդանոցի անունից։








