Երբ հնչի առաջին ծափը, երևի ամեն ինչ կփոխվի. Պոնչոն՝ բեմ վերադառնալու, մարդկանց ու ժպիտի մասին

17:51 • 15.09.26

Վահագն Սիմոնյանը՝ Պոնչոն, սեպտեմբերի 22-ին «Բոհեմ» թատրոնի բեմում հանդես կգա «Ես վերադարձա» մենաներկայացմամբ։ Ներկայացումը պատմում է արտիստի կյանքի տարբեր փուլերի, նրա մասնագիտական ճանապարհի, հանդիպումների ու դեպքերի, ինչպես նաև վերջին տարիների մասին։

Թեև ներկայացման վերնագիրը հուշում է վերադարձի մասին, Պոնչոն խոստովանում է՝ ինքը դեռ չի զգում, որ վերադարձել է։

«Անկեղծ ասեմ՝ դեռ ոչինչ չի նշանակում։ Կնշանակի, երևի, հենց այդ օրը, որ վերադառնամ։ Հիմա ոչ մի զգացողություն չկա։ Սովորական՝ ոնց կայի, այդպես եմ։ Պարզապես սափրվել եմ, մազերս եմ կտրել, ինչ-որ ինքս ինձ նայում եմ հայելու մեջ, չեմ ճանաչում։ Երբ որ հնչեց առաջին ծափը, այ դա երևի կփոխի ամեն ինչ այս աշխարհում ինձ համար»,- ասաց նա Tert.am Life-ի հետ զրույցում։

«Ես վերադարձա» մենաներկայացումը կառուցված է Պոնչոյի կենսագրության շուրջ՝ մանկությունից ու պատանեկությունից մինչև Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց, բանակ, հեռուստատեսություն, թատրոն և կինո։ Ներկայացման առանձին հատվածում անդրադարձ է կատարվում նաև վերջին տարիներին, իսկ պատմությունն ավարտվում է «Եվ նորից բեմում է Պոնչոն» բաժնով։

Պոնչոյի խոսքով՝ ինքը բեմ չի բարձրանում հանդիսատեսին ինչ-որ բան ապացուցելու կամ իրեն պարտադիր հասկանալի դարձնելու նպատակով։

«Ես չեմ վրդովվում, երբ ինձ չեն հասկանում։ Ես վրդովվում եմ, երբ որ ես մարդկանց չեմ հասկանում։ Ես չեմ աշխատում դուր գալ որևէ մեկին, երբեք դա չի եղել իմ բնավորության մեջ։ Ես իմ քայլը անում եմ։ Հասկացողը հասկանում է»,- ասաց նա։

Այնուամենայնիվ, արտիստը ներկայացումից առաջ հանդիսատեսից մեկ բան է ակնկալում՝ հավատալ իրեն։

«Ներկայացումից առաջ հանդիսատեսը պարզապես պետք է հավատա ինձ»,- նշեց նա։

Պոնչոն պատմեց նաև այն մասին, թե ինչ է ուզում հանդիսատեսը իր հետ տանի թատրոնից դուրս։

«Ներկայացումից հետո կցանկանամ հանդիսատեսը իր հետ վերցնի տրամադրություն։ Ամենաթանկ բանը այս երկրագնդի վրա գիտե՞ք ինչն է։ Եթե ես մի հումոր եմ անում, և դուք ծիծաղում եք։ Բայց դա ինձանից չի գալիս, դա վերևից է գալիս։ Ես ո՞վ եմ, ես սովորական մարդ եմ։ Եվ ես երջանիկ եմ, որ Աստված ինձ գտել է ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ձև, որ իմ միջոցով ինչ-որ բան տա։ Ես դրա կրողն եմ և երևի երջանիկ եմ»,- ասաց նա։

Պոնչոն նաև խոստովանում է, որ բեմ վերադառնալուց առաջ պետք է ինքն էլ նորից ընտելանա այս կյանքին։

«Ես 10 տարի է ապրում եմ սարերում։ Ես մի քիչ պետք է սովորեմ այս կյանքին, նորից հետ վերադառնամ, որ հասկանամ՝ ինչ է կատարվում։ Ես դեռ չեմ հասկանում, դեռ մարդկանց դեմքին ժպիտ չեմ տեսնում։ Երբ քայլում եմ դրսում, բոլորը ինչ-որ զբաղված են հաշվարկներով՝ հաշվել, գումարել, բազմապատկել։ Բոլորի աչքից դեռ միայն դա եմ կարդում։ Իրականությունից հեռացած, ինչ-որ օդի մեջ են ապրում բոլորը, ոչ մեկի ոտքը գետնին կպած չի»,- ասաց նա։

Արտիստի համար վերադարձի հաջողության չափանիշն էլ հենց այդ «գետնին կպնելն» է։

«Այդ օրը, եթե մի ամբողջ դահլիճից մի հինգ հոգի էլ իջնի, կպնի գետնին, ուրեմն համարեք՝ հաջողվել է։ Որովհետև հաշվարկը կկործանի աշխարհը։ Ուզում եմ, որ հաշվարկը փոխարինվի ժպիտով։ Միակ ցանկությունը, որ կա այս աշխարհում՝ հումոր, ծիծաղ։ Դա է։ Մնացածը այնքան դատարկ է, այնքան սին է»,- նշեց նա։

Պոնչոյի խոսքով՝ հումորի ու ծիծաղի տեղը մարդու կյանքում առանձնահատուկ է։

«Երանի այն մարդուն, որ միշտ ծիծաղում է։ Եթե մարդը հումորի զգացողություն չունի, կյանքում իր հետ ոչ մի դժբախտություն չի պատահի, որովհետև ամենամեծ դժբախտությունն արդեն պատահել է»,- եզրափակեց նա։

 

Հեղինակ ՝ Անի Ավետիսյան