Սելենա Գոմեսը՝ նոր դերերի, լավ սցենարների ու 2016-ի նոստալգիայի մասին

11:34 • 17.09.26

Երգչուհի Սելենա Գոմեսը հարցազրույց է տվել PEOPLE-ին՝ խոսելով դերասանական կարիերայի, նոր նախագծերի և իր՝ 2016 թվականի կերպարի նկատմամբ հանրության հետաքրքրության մասին։ Ինչպես հայտնի է, Սելենան նաև դարձել է Beauty Impact Award մրցանակի հաղթող:

Գոմեսի խոսքով՝ այժմ իր համար կարևոր է որպես դերասանուհի շարունակել մարտահրավերներ ընդունել և ընտրել այն նախագծերը, որոնք իր համար իսկապես նշանակություն ունեն։

«Ինձ համար կարևոր է, որ որպես դերասանուհի ինձ մարտահրավեր նետեն։ Այնքան բան կա, որ ուզում եմ անել։ Կարևոր է դարձել այն, որ մասնակցում եմ նշանակալի նախագծերի և ստանձնում այն դերերը, որոնց համար պայքարում եմ։ Ես պարզապես իսկապես լավ նյութ եմ փնտրում։ Սիրում եմ կարդալ լավ սցենարներ․ դրանք կարող են լինել 300 էջ,  ես դրանց ընթերցումն ավարտում եմ երկու օրում»,— ասել է նա։

Անդրադառնալով 2016 թվականի շրջանի նկատմամբ երկրպագուների և հանրության նոստալգիային՝ Գոմեսը նշել է, որ այդ ժամանակաշրջանը հետաքրքիր էր, սակայն չի ցանկանում, որ իրեն մշտապես նույն կերպարի մեջ տեսնեն։

«Պետք է անկեղծ լինեմ․ 2016 թվականի հետ կապված ռետրոսպեկտիվները զվարճալի են, բայց ինձ թվում է՝ մարդիկ ուզում են ինձ սառեցնել հենց այդ ժամանակահատվածում։ Դա խելահեղ շրջան էր, և, իհարկե, ես պետք է smoky eye անեի։ Փորձում էի տպավորիչ երևալ»,— կատակել է նա։

Գոմեսը հավելել է, որ այսօր իրեն ավելի հանգիստ է զգում և այլևս չի ցանկանում վերադառնալ այն արտաքին կերպարին, որով հանրությունը նրան հիշում է այդ տարիներից։

«Հիմա ես պարզապես հանգիստ եմ, և դա հիանալի է։ Կարծում եմ՝ մարդիկ միշտ ուզում են, որ ես այն ժամանակվա տեսքն ունենամ, բայց դա պարզապես չի լինելու»,— ասել է դերասանուհին։