Ո՞ւր գնալ հանգստյան օրերին․ սեպտեմբերի 19-ին և 20-ին Երևանում անցկացվող մշակութային միջոցառումները
Երևանում սեպտեմբերի 19-ին և 20-ին նախատեսված են մի շարք մշակութային միջոցառումներ։ Tert.am Life-ն առանձնացրել է առաջիկա հանգստյան օրերին կայանալիք միջոցառումներից մի քանիսը։
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, Բոհեմ թատրոնի բեմում կլինի «8000 կմ» մոնոներկայացումը։ Իրական փաստերի վրա հիմնված մոնոներկայացումը պատմում է անցած ճանապարհի, հիշողությունների և թաքնված հույզերի մասին։ Ներկայացման ընթացքում մանկությունը վերադառնում է, իսկ հերոսը վերարժևորում է անցած ճանապարհը՝ հանդիսատեսին հրավիրելով ծիծաղելու, լռելու և հուզվելու միասին։

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացնում է Ժորժ Բիզեի հանրահայտ «Կարմեն» օպերան։ Դասական ստեղծագործությունը թատրոնի խաղացանկում է:

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Բեմում կլինի «Գայանե» բալետը։

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:30-ին, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հանդիսատեսին սպասում է «Տիկնայք և պարոնայք» ներկայացմամբ։ Ներկայացումը սիրային նամակի պատմություն է։ Բեմադրության տևողությունը 1 ժամ 30 րոպե է։

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղի կունենա «Երկիր հայրական» վոկալ-պոեմի ներկայացումը։ Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Գեորգի Սվիրիդովի «Երկիր հայրական» վոկալ-պոեմը՝ Ավետիք Իսահակյանի պոեզիայի հիման վրա։

Բաց երկնքի տակ՝ տուն-թանգարանի այգում, մեկ բեմում կմիավորվեն դասական երաժշտությունը, պոեզիան և թատրոնը՝ ստեղծելով առանձնահատուկ մթնոլորտ։








